Օրբանը նշել է Պուտինի նպատակը. Ուկրաինայի ԱԳՆ-ում վրդովվել են

Օրբանը նշել է Պուտինի նպատակը. Ուկրաինայի ԱԳՆ-ում վրդովվել են

Ուկրաինայի արտաքին գործերի նախարարությունը Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի հայտարարություններից հետո «անկեղծ զրույցի» է կանչել Կիևում Հունգարիայի դեսպան Իշտվան Իյդյարտոյին։ 

Այս մասին հայտնել է Ուկրաինայի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Օլեգ Նիկոլենկոն։

«Վիկտոր Օրբանի հերթական վիրավորական հայտարարությունն Ուկրաինայի հասցեին։ Նման հայտարարությունները կտրականապես անընդունելի են։ 

Բուդապեշտը շարունակում է առաջնորդվել հունգարա-ուկրաինական հարաբերությունների կանխամտածված քայքայման կուրսով՝ էապես խաթարելով երկու հարևան երկրների միջև հետագա երկխոսության հնարավորությունը»,- ասել է Նիկոլենկոն։

Հունվարի 26-ին Վիկտոր Օրբանը լրագրողների հետ հանդիպմանը խոսել է Ուկրաինա ռուսական ներխուժման մասին, հայտնում է The American Conservative-ը, որի ներկայացուցիչը ներկա է եղել հանդիպմանը։ 

Հունգարիայի վարչապետն ասել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը չի կարող իրեն թույլ տալ պարտվել պատերազմում, քանի որ 2024 թվականին մասնակցելու է նախագահական ընտրություններին։

Օրբանը կարծում է, որ Ռուսաստանը նույնպես չի կարող թույլ տալ ՆԱՏՕ-ին «հաստատել իր ներկայությունը» Ուկրաինայում, ուստի Պուտինի նպատակն է երկիրը վերածել «չկառավարվող ավերակների», որպեսզի Արեւմուտքը չկարողանա այն ներկայացնել որպես իր «մրցանակը»։ 

«Հիմա սա Աֆղանստանն է։ Ոչ մեկի հողը»,- Օրբանի խոսքերն է մեջբերում The American Conservative-ը: