ԱՎԻԱԽԱՌՆԱՇՓՈԹ ԿԱՄ ԱՆՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆ ԵՎՐՈՊԱԿԱՆ ՁԵՎՈՎ

ԱՎԻԱԽԱՌՆԱՇՓՈԹ ԿԱՄ ԱՆՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆ ԵՎՐՈՊԱԿԱՆ ՁԵՎՈՎ

ՄԱՍ 2. ՎԱՐՇԱՎԱՅՈՒՄ

Սկիզբը՝ նախորդ համարում

Վարշավա հասնելուն պես մոտեցա LOT-ի սպասարկման աշխատակցուհուն եւ պատմեցի իմ նոր կյանքի պատմությունը՝ ասելով, որ նոր ավիատոմսի կարիք ունեմ: Նա մի հայացք նետեց տոմսիս եւ քար անտարբերությամբ նետեց՝ ֆրանսիական ավիաուղիներն են փոխել ձեր տոմսը, եւ իրենք պետք է ավիատոմս հատկացնեն: Ես ապշահար եղա անամոթության, ցինիզմի եւ ֆաշիզմի այդօրինակ դրսեւորումից՝ առավոտյան այդ ավիաընկերությունը չեղարկել էր իմ չվերթը, մատնել չարչարանքների եւ այժմ անգամ տարրական մարդկային վերաբերմունք չի ցուցաբերում: 

Շոպենի օդանավակայանն արագորեն դատարկվում էր Վարշավա ժամանած վերջին ուղեւորներից, ինքնաթիռի նստարաններին քնած էին LOT-ից «չեղարկված» մի քանի ուղեւորներ, շրջում էին անվտանգության մի քանի աշխատակիցներ: 

Անտոմս, անհեռանկար, անքուն, փակ սրճարանների, սնվելու հնարավորությունից զրկված՝ մինչեւ գիշերվա ժամը երեքը զբաղվեցի Ֆեյսբուքով խնդրի լուծումը գտնելով՝ խնդիրը հանրայնացնելով եւ նամակներ գրելով LOT-ի եւ AirFrance-ի աշխատակիցներին: Համացանցի միջոցով վերջապես գտա դստերս, եւ միասին սկսեցինք ուղիներ որոնել՝ իրավիճակից դուրս գալու համար: Օգոստոսի 30-ին, Երեւան հասնելու փոխարեն, գիշերն անցկացրեցի Շոպենի օդանավակայանի մետաղյա աթոռներին՝ մտածելով LOT-ի անհոգի աշխատակցուհու, այդ ավիաընկերության անպատասխանատվության մասին: Հիշեցի, որ ընդամենը երկու օր առաջ, Փարիզի Պեր Լաշեզ գերեզմանատանը, դստերս հետ Զորավար Անդրանիկի շիրմին այցելելուց հետո, փնտրեցինք եւ գտանք Շոպենի շիրիմը՝ մեր սերն ու հարգանքը հայտնելով լեհ կոմպոզիտորին: Եվ այժմ Վարշավայի Ֆրեդերիկ Շոպենի օդանավակայանում մտածում էի, թե ինչպես կարող է աշխարհին Շոպենի նման նուրբ հոգի տված ազգի ներկայացուցիչն այդպես անմարդկային վարվել այն մարդու հետ, որի ավիաչարչարանքների համար իր ավիաընկերությունն է պատասխանատու: Մարդու, քաղաքացու, լրագրողի իմ արժանապատվությունը խորապես խոցվել էր:

Փորձում էի արթնացնել ամառային մեր հանգստի դրական, հանգստաբեր հիշողությունները. հիշում էի Միլանի ժանեկազարդ տաճարը, մաքուր փողոցները, ֆրանսիականությունը խորապես պահպանած Բորդոյի հիասքանչ տեսարանները, նրա բարեկիրթ բնակիչներին: Սակայն հաջորդ պահին մտաբերում էի ժողովրդագրական աղետը Մարսելում, LOT-ի աշխատակցուհուն եւ մտածում էի, որ Եվրոպան սեփական մայրցամաքի, քաղաքակրթության, արժեքների, իր իսկ ապագայի հանդեպ այսպիսի անպատասխանատվությամբ ինքնափլուզման կգնա: 
Շուրջ 1.5 ժամ օդանավակայանի սառը աթոռին քնելուց հետո արթնացա եւ տեսա, որ AirFrance-ից պատասխանել են ֆեյսբուքյան իմ նամակին՝ առաջարկելով մոտենալ իրենց ներկայացուցչին: Նա էլ ինձ նոր ավիատոմս տվեց Ուկրաինական ավիաուղիներով՝ Վարշավա-Կիեւ-Երեւան ուղղությամբ: Թռիչքին դեռ 12 ժամ կար, եւ ես հյուրանոց պահանջեցի: AirFrance-ի աշխատակիցը կանչեց LOT-ի աշխատակցին՝ նրան ներկայացնելով իմ պահանջը: LOT-ի աշխատակիցը լեհերենով գործընկերոջն ասաց, որ մի քանի ժամ է մնացել՝ կարող եմ օդանավակայանում մնալ: Դա լսելով` գործի դրեցի լեհերենի ողջ գիտելիքներս՝ հիշեցնելով, որ ողջ գիշերն օդանավակայանում եմ անցկացրել: Մինչ LOT-ի աշխատակիցն անակնկալի կգար լեհերենով իմ միջամտությունից, AirFrance-ի աշխատակիցն անմիջապես պաշտպանեց իմ տեսակետը: Ինձ հյուրանոց հատկացրեցին օդանավակայանի շրջակայքում գտնվող «Մարիոթ» բարձրակարգ հյուրանոցի ամենալավ համարներից մեկում: 

Մինչ հյուրանոց տեղափոխվելը պետք է ճամպրուկս դարձյալ վերցնեի անվտանգության պահասենյակից: Ներքին հեռախոսը, որով պետք է տեղեկացնեի աշխատակցին, չէր պատասխանում: Հասկացա, որ հյուրանոց գնալու փոխարեն դեռ երկար կարող է ճամպրուկս փնտրեմ, մոտեցա անվտանգության աշխատակցին, հարցրեցի, թե ինչպես կարող եմ գտնել պահասենյակի աշխատակիցներին, նա ասաց, որ նոր հերթափոխն ավարտվի, ավելի հեշտ կլինի, ապա հարցրեց, թե որտեղից եմ: Պատասխանս լսելուն պես երիտասարդն ասաց. «Հիմա կարող ենք հայերեն խոսել»: Նոյ Մնացականյանը, այսպես էր երիտասարդի անունը, 27 տարեկան բարեկիրթ տղա էր: Հենց նա էլ օգնեց գտնել ճամպրուկս, որը չէր գտնում կես ժամ շարունակ:

Հյուրանոցում քնեցի ընդամենը մեկ ժամ, քանի որ դուստրս պետք է մեկներ Դուբլին շարունակվող ավիախառնաշփոթի մեջ, եւ ես անհանգիստ էի: 

Թռիչքից երեք ժամ առաջ վերադարձա օդանավակայան՝ վստահ, որ հիմա ոչինչ չի խանգարի Երեւան հասնելուն: Սակայն անպատասխանատվության պայմաններում դարձյալ հաստատվեց, որ ավիատոմս ունենալը դեռ չի նշանակում ինքնաթիռում տեղ ունենալ: Ճամպրուկիս հաշվառման համար վճարել էի չորս ամիս առաջ LOT-ին, իսկ հիմա նորից վճարեցի Ուկրաինական ավիաուղիներին, քանի որ, ինչպես ինձ ասաց AirFrance-ի աշխատակիցը, դա այլ ավիաընկերություն է: Ուղեբեռս հաշվառեցի, նստեցման տոմս տվեցին, սակայն ինքնաթիռում տեղ չհատկացրեցին: Ուկրաինական ավիաընկերության սառն ու անհոգի երիտասարդ աշխատակիցն ինձ տեղեկացրեց, որ ինքնաթիռը լիքն է, ես ամրագրված տեղ չունեմ, եւ ինքնաթիռի անցակետի մոտ, նստեցման ավարտին միայն կարող են ասել` կարո՞ղ եմ թռչել, թե՞ ոչ, քանի որ ութ տոմս ավել են վաճառել:
Ի վերջո, բաղձալի տեղը հատկացրեցին, եւ արդեն Կիեւում դեպի Երեւան չվերթի հերթում ես առաջինն էի, եւ ոչ ոք չէր համարձակվում ինձնից առաջ անցնել: 

Սակայն փորձություններս դրանով էլ չավարտվեցին: Ճամպրուկս Երեւանի «Զվարթնոց» օդանավակայանում ստացա ամբողջությամբ ջարդված, թեպետ ես այն գնել էի այս տարվա հունիսին, Վարշավայում: 
Մեծ ավիախառնաշփոթի, մեծ անպատասխանատվության օգոստոսյան վերջին օրերն ավարտվեցին իմ եւ մեծաթիվ այլ ուղեւորների համար, որոնք վճարել են հարմարավետության, անվտանգ թռիչքի համար ավիաընկերությունների անվերջ բարձրացող սակագներով, նվազող ծառայություններով եւ անհետացող բարեկրթությամբ:

Անպատասխանատվության եվրոպական դեմքն ու ձեւը ճզմում են ոչ միայն ուղեւորների՝ մարդկանց արժանապատվությունը, հոգեվիճակը, խլում ժամանակը, նրանց մատնում ավիաչարչարանքների, այլեւ եւ նախեւառաջ ճզմում են եվրոպական քաղաքակրթությունը հենց Եվրոպայի սրտում՝ խտացնելով մշուշը Եվրոպայի ապագայի վրա: 

Մեծ ավիախառնաշփոթի օգոստոսյան վերջին օրերն ավարտվեցին, սակայն շարունակվում է մեծ անպատասխանատվության ժամանակը Եվրոպայի համար: