Մեր ձախողումների հիմնական սոցիալ-հոգեբանական պատճառը

Մեր ձախողումների հիմնական սոցիալ-հոգեբանական պատճառը

Արդեն քանի օր է, ինչ շարունակվում է «Աշոտիկի»՝ Նիկոլի որդուն մեր գերիների հետ փոխանակելու թեման: Ֆեյսբուքյան օգտատերերից մեկը նկատել էր (ինչի հետ համաձայն եմ), որ այդ թեմայով ՀՀ երրորդ նախագահ Սարգսյանի ռեպլիկն ընդամենը հռետորական բնույթի էր: Իսկ մեկ ուրիշն էլ իրավացիորեն նկատել էր, որ գերիների փոխանակման միջնադարյան պրակտիկան հայ-ադրբեջանական կոնֆլիկտում բացարձակ տեղ չէր կարող ունենալ: Բայց հաշվի առնելով ֆեյսբուքյան գրառումների ընդհանուր մակարդակը՝ թեմայի արծարծման շարունակումը կարելի է բնական համարել:

Իսկ Նիկոլն էլ Նիկոլ չէր լինի, եթե քարոզարշավի ընթացքում չօգտվեր դրանից ու չծաղկեցներ: Ուրիշ հարց, որ փոխանակման առումով երկու ոչխարի և էգ էշի առումով ալիևյան պատասխանը, եթե այն իրական է, գերվիրավորական էր անձամբ իր հասցեին: Բայց վերջին մեկ տարում Նիկոլը երբևէ չի արձագանքել Իլհամի խոսքին՝ ինքն ավելի լուռ է, քան օվկիանոսի խորքերում բնակվող ձուկը: Ինչևէ, պետք է խոստովանենք, որ մենք պետք է ականատես լինեինք Նիկոլի եռամյա վարչապետության ձախողումներին, և մեր մաշկի վրա զգայինք պատերազմում մեր խայտառակ պարտության հետևանքները, որպեսզի գիտակցեինք, թե իրականում ով է անձը, որին մենք փողոցի ուժով կարգեցինք վարչապետ: Այն անձը, որը, որպես ընդդիմադիր թերթի գլխավոր խմբագիր և կամ  ընդդիմադիր պատգամավոր, դարձել էր հայաստանյան գրագետ և ընդդիմադիր հայացքների տեր անձանց հպարտության առարկան: Իսկ 2018-ի ապրիլին էլ դարձավ համարյա ողջ հայաստանցիների մտքի տիրակալը:

Սակայն մեր իրականության ողջ ողբերգականությունը կայանում է նրանում, որ հայաստանյան գերիների հետ Նիկոլի որդու փոխանակման թեման ավելի քան պահանջված է լայն զանգվածների կողմից: Այն ոչ միայն ֆեյսբուքյան օգտատերերի, այլև Նիկոլի քարոզարշավներին ինքնակամ եկած կամ քշված անձանց տեսակետից ևս ամենակարևոր թեման է: Եվ այդ առումով կարելի է ասել, որ պոպուլիստ Նիկոլը դա հիանալի օգտագործեց՝ գերազանցելով ինքն իրեն: Իսկ Նիկոլի կողմից Ղարաբաղյան բանակցությունների տապալման գործում սերժսարգսյանական ծանրակշիռ բացահայտումը չունեցավ և չէր կարող ունենալ այն արձագանքը, ինչ «Աշոտիկի» թեման: 

Հենց այդ բացահայտման առումով թույլ արձագանքները կարելի է համարել այն հայելին, որում երևում է մեր հասարակության իրական վերաբերմունքը Արցախյան խնդրին: Ի դեպ, դա բացահայտվել էր նաև վերջերս կատարված սոցիոլոգիական հարցման արդյունքում: Իհարկե, կարելի է ասել, որ պարտության հետևանքով շոկի մեջ ընկած հասարակության ծանրակշիռ մասը չի կարողացել դուրս գալ դրանից: Սակայն «Աշոտիկի» թեմայի ակտիվ քննարկման երևույթը վկայում է, որ դա այնքան էլ այդպես չէ: Ուղղակի վերջինս շատ ավելի սրտամոտ է մեր հասարակության մեծ մասին, քան Ղարաբաղյան խնդրի կարգավորման հարցը: Հենց դա է երևի մեր ձախողումների, և այդ թվում Նիկոլին իշխանության բերելու և, ի վերջո, Արցախյան երկրորդ պատերազմում պարտություն կրելու հիմնական սոցիալ-հոգեբանական պատճառը: