Եվրոպան հայտնվել է կորոնավիրուսային երկրորդ խիստ կարանտինի վտանգի առաջ․ մաս 2-րդ

Եվրոպան հայտնվել է կորոնավիրուսային երկրորդ խիստ կարանտինի վտանգի առաջ․ մաս 2-րդ

Իսպանիան որոշել է կորոնավիրուսի բռնկման երկրորդ ալիքի դեմ պայքարել ավելի խիստ մեթոդներով։ Սեպտեմբերի քսանմեկին Մադրիդի վեց շրջաններում եւ հարակից յոթ կոմունաներում սահմանվեց կարանտին։ Կարանտինային գոտիներ այցելել, կամ դրանք լքել թույլատրվում է միայն բացառիկ դեպքերում, որպեսզի օրինակ հասնեն աշխատավայր, կամ այցելեն բժշկի կամ դպրոց կամ էլ՝ ոստիկանատուն։ Այդ սահմանափակումները կգործեն բնակելի այն շրջաններում, որտեղ վերջին տասնչորս օրվա ընթացքում գրանցվել է ոչ մակաս, քան հազար դեպք, հարյուր հազար բնակչության հաշվով։ «Մենք ցանկանում ենք կանխել երկրորդ «լոքդաունը», որը կարող է աղետալի լինել մեր տնտեսության համար»,- հայտարարել է Մադրիդի ինքնավար շրջանի կառավարության ղեկավար Իսաբել Դիաս Այուսոն։

Գերմանիայում դեռ ապավինում են քաղաքացիների բարձր քաղաքացիական գիտակցությանը։ Սակայն Գերմանիայի համար նույնպես եւս մեկ խիստ կարանտինը կարող է չափազանց տխուր հետեւանքներ ունենալ տնտեսության եւ գերմանական բիզնեսի համար։ «Գերմանիայի բոլոր ընկերությունների 1/5-րդ մասը վստահ չեն, որ կկարողանան գոյատեւել եւ հաղթահարել կորոնավիրուսային համավարակը»,- հայտարարել է Գերմանական միջին բիզնեսի Դաշնային միավորման ղեկավար Մարիո Օհոֆենը, հավելելով, որ նոր «լոքդաունի» դեպքում վերջնականապես հնարավոր է «լույսը հանգցվի»։ Գերմանիայում իհարկե, կորոնավարակակիրների թիվը աճում է, սակայն երկրորդ խիստ կարանտինի մասին խոսակցություններ դեռ չկան։ Գերմանիայի առողջապահության նախարար Յենս Շպանը հույս ունի, որ քաղաքացիների կարգապահությունն ու բարձր գիտակցությունը կօգնի հաղթահարելու դժվարություններով լի այս փուլը։

Վերջինս ավելի կողմնակից է կետային խիստ միջոցառումներով այն վայրերում, որտեղ առկա է վիրուսի տեղային օջախային բռնկում։ Գերմանական Ֆիննախը նույնպես երկրորդ «լոքդաունի» չի պատրաստվում։ 2021 թվականի պետբյուջեում նախատեսված է հավելյալ 96 միլիարդ եվրոյի փոխառություն՝ կորոնավիրուսային համավարակի հետեւանքների հաղթահարման համար։ Ընդ որում, ելակետ է ընդունվում այն, որ համավարակը տնտեսական կյանքի կրկնակի պարալիզացման չի հանգեցնի։