Հայրենիքի նկատմամբ մեր վերաբերմունքը պայմանավորված չէ որեւէ կառույցով

Հայրենիքի նկատմամբ մեր վերաբերմունքը պայմանավորված չէ որեւէ կառույցով

«Տաշիր գրուպի» սեփականատեր եղբայրներ Սամվել եւ Կարեն Կարապետյանները վերջին օրերին հերթով հայտարարություններ տարածեցին՝ պնդելով Նիկոլ Փաշինյանի անհապաղ հեռացման անհրաժեշտության մասին։ Նախ խոսեց Կարեն Կարապետյանը, որը բիզնեսից զատ՝ նաեւ տեւական ժամանակ ակտիվ քաղաքականությամբ էր զբաղվում, եղել է ԱԺ «Կայունություն» խմբի ղեկավար, ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար։ Նրա կարծիքով՝ մեր երկրում քաղաքական մշակույթ պետք է ձեւավորվի, որ այն ուժերը, որոնք կորցնում են հանրային վստահությունը, այն է՝ ռեալ իշխանությունը, պետք է իշխանությունն անցնցում հանձնեն հաջորդ ուժերին եւ հեռանան:

«Չպետք է երկիրը եւ ժողովրդին նոր փորձությունների տանել: Բազմաթիվ փորձություններ ենք անցել, բավակա՛ն է»,- ասել էր Կարեն Կարապետյանը։

Երեկ էլ անցնցում եւ անարյուն իշխանափոխության մասին խոսեց նրա եղբայրը՝ ռուսաստանաբնակ խոշոր գործարար, «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանը․ «Այս իրավիճակից միայն մեկ ճիշտ ելք կա` անարյուն իշխանափոխություն: Վարչապետի եւ կառավարության անհապաղ հրաժարական, նախարարների անցումային կաբինետի ձեւավորում եւ արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացում, որոնց ժամանակ Հայաստանի քաղաքացիները նոր իշխանություն կընտրեն»։ Կարապետյանների այս պահվածքը բավականին արտառոց է, քանզի նրանք միշտ գործող իշխանությունների կողքին են կանգնում, եւ նրանց բիզնեսը նաեւ դրա շնորհիվ է ծաղկում։ Կարապետյանները նաեւ մեծապես աջակցել են Նիկոլ Փաշինյանին՝ 2018-ից հետո, մեծ մասհանումներ են արել, մասնավորապես, «Հայաստան» համահայկական հիմնադրամին, վերջին պատերազմի ժամանակ են շոշափելի օգնություն ցուցաբերել եւ երբեք չեն քննադատել, անգամ այն ժամանակ, երբ իրենց ընկերներին էին դատում կամ ակնհայտ ապօրինի հետապնդում։

Այս թեմայով մենք երեկ փորձեցինք զրուցել Կարապետյանների ընտանիքի կրտսեր անդամներից մեկի՝ «Տաշիր» բարեգործական հիմնադրամի նախագահ Վահե Կարապետյանի հետ, ով Կարեն Կարապետյանի որդին է։ Նա, ճիշտ է, չցանկացավ քաղաքական թեմաներով որեւէ մեկնաբանություն տալ՝ ասաց, որ ինքը քաղաքական օրակարգ չունի, որ նման հարցերի պատասխանի, սակայն նշեց, որ իրենց ընտանիքի անդամների ցանկացած քաղաքական դիրքորոշում ընտանեկան որոշում է՝ համատեղ կայացված, բայց ոչ բոլոր որոշումներն են մեկնաբանվում։

«Իմ հոր եւ հորեղբոր բոլոր դիրքորոշումներն իմ կողմից անխտիր պաշտպանվում են»,- շեշտեց նա։ Նկատեցինք, որ իրենց հիմնադրամը մշտապես մեծ աջակցություն է ցուցաբերել Հայաստանին թե՛ նախորդ, թե՛ այս իշխանությունների ժամանակ, արդյոք հիմա վստահության պակա՞ս կա այս իշխանությունների նկատմամբ, որ իրենց ընտանիքի կողմից նման հայտարարություններ են տարածվում։ «Չէ, դա կապ չունի։ Բարեգործական ուղղությամբ մեր տրամադրվածությունը կամ տրամադրությունը կառավարության անդամները չեն կարող փոխել, մեր ազգի նկատմամբ մեր նվիրվածությունն ու սերը մենք չենք կապում այդ պահին գործող իշխանության կամ այլ մարդկանց հետ։ Ընդամենը դա մեր վերաբերմունքն է մեր հայրենիքին, ու մեկը մյուսի հետ կապ չունի, ճիշտն ասած»,- ասաց Վահե Կարապետյանը։

Այսինքն՝ կշարունակե՞ն իրենց բարեգործական ծրագրերը Հայաստանում։ Կարապետյանն ասաց․ «Այո, իհարկե, սա մեր հայրենիքն է, եւ ոչ մի մարդ, ոչ մի ստրուկտուրա կամ ինստիտուտ չի կարող միջնորդ լինել մեր եւ հայրենիքի միջեւ»։

Ինչ վերաբերում է Վազգեն Մանուկյանի առաջադրմանը՝ որպես ընդդիմության կողմից ժամանակավոր վարչապետի միասնական թեկնածու, Վահե Կարապետյանն ասաց, որ ինքն այդ հարցը չի կարող մեկնաբանել՝ առաջարկեց այդ հարցով դիմել հորն ու հորեղբորը։ Իսկ վերջում նորից ընդգծեց, որ Հայաստանի նկատմամբ իրենց վերաբերմունքը պայմանավորված չէ որեւէ անձով կամ իշխանությամբ։ «Անկեղծ իմացեք՝ մենք չենք խաղում, սա մեր հայրենիքն է, սա մեր տունն է, ու ամեն ինչ անելու ենք մեր հայրենիքի համար։

Ճիշտ է՝ շատ դժվար է, ծանրաբեռնվածությունը մեծ է, բայց մեր հայրենիքի նկատմամբ մեր դրսեւորումները որեւէ մեկով, որեւէ մի հիմնարկով, ինստիտուտով, կառույցով՝ կառավարություն կլինի, թե որեւէ այլ կառույց, պայմանավորված չէ։ Մենք ծնվել ենք էստեղ, ապրել ենք եւ ապրում ենք էստեղ եւ ամեն ինչ անելու ենք, որ մեր երկիրն ինչ-որ չափով հաջողություններ ունենա հարեւան երկրների նկատմամբ»,- ասաց նա։