Ամենավտանգավորը

Ամենավտանգավորը

«Լազարյան ակումբը» հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ հանդիպում ենք նման ձեւակերպման. «Ի հիշատակ զոհերի, որ տվել են մեր ժողովուրդները, մենք չպետք է իրավիճակի սրացում եւ ռազմական գործողությունների բռնկում թույլ տանք՝ լինի դա Ուկրաինայի արեւելքում, թե Լեռնային Ղարաբաղում»:  Եթե «ակումբում» հարցերը դրվում եւ քննարկվում են այդ կտրվածքով, ապա այն ենթակա է անհապաղ լուծարման:

Համենայն դեպս, ոչ մի հայ քաղաքական գործիչ, փորձագետ կամ վերլուծաբան իրավունք չունի Լեռնային Ղարաբաղի ներկան եւ ապագան համադրելի տեսնել Ուկրաինայի արեւելքում ստեղծված իրավիճակին եւ այն հանգուցալուծելու հեռանկարին: Դա ոչ մի արդարացում չունի: Ուկրաինայի արեւելքում գործ ունենք Ռուսաստանի աջակցությունը վայելող բացահայտ անջատողական շարժման հետ, որը ծրագրավորվել եւ իրականացվում է ի հակակշիռ Ուկրաինայի աշխարհաքաղաքական կողմնորոշման: Մեր դեպքում «ակումբի» հայ անդամները խնդիրը պետք է դնեն հստակ՝ Ռուսաստանն է 1920թ. օկուպացրել Լեռնային Ղարաբաղը, ինչն ամրագրված է նույն թվականի օգոստոսի 10-ի ռուս-հայկական զինադադարի մասին համաձայնագրով, որտեղ ԼՂ կարգավիճակի հարցը թողնվում էր որպես կողմերի միջեւ հետագա բանակցությունների առարկա:

Այդ բանակցություններն սկսվել, բայց վերջնական պայմանավորվածություն ձեռք չի բերվել, քանի որ բոլշեւիկյան Ռուսաստանը դրժել է զինադադարի համաձայնագրով ստանձնած պարտավորությունները: Ավելին, բոլշեւիկները Հայաստանի դեմ պատերազմում դաշնակցել են քեմալական Թուրքիայի հետ: Ադրբեջանի կազմում ԼՂ կարգավիճակը բոլշեւիկյան Ռուսաստանի նվերն էր «հեղափոխական» Թուրքիային, չխոսած Նախիջեւանի եւ Կարսի մասին: Ի՞նչ խնդիրներ ունի Ռուսաստանն Ուկրաինայի հետ՝ մեզ համար որեւէ հետաքրքրություն չպետք է ներկայացնի, եւ մենք Ուկրաինայի հետ հարաբերություններում դրանցով չենք կարող կաշկանդված լինել: «Ակումբի» հայ մասնակիցները պարտավոր են բացատրություն տալ, թե ինչպես եւ ինչու է ԼՂ խնդիրը համադրվել Ուկրաինայի արեւելքում իրավիճակին: