Փաշինյանը մշակել է պատգամավորներին, նրանք հանգիստ նստել են տեղները

Փաշինյանը մշակել է պատգամավորներին, նրանք հանգիստ նստել են տեղները

Նիկոլ Փաշինյանին, ըստ ամենայնի, հաջողվել է լռեցնել Ամուլսարի հարցով «Իմ քայլի» ըմբոստներին։ Ամուլսարի հանքը չշահագործելու իրավական հիմքերի բացակայության մասին Փաշինյանի նախօրեի ելույթից հետո իշխող խմբակցության «ընդդիմադիրներն» արդեն մի քանի օր «անցել էին ջրի հատակը», երեկ ոմանք խախտեցին լռության ուխտը, ու պարզ դարձավ, որ երբեմնի հեղափոխական, բազմակարծության ջատագով խմբակցությունում այլեւս չկա «աղջիկ վախտվա էնտուզիազմը»։ Ըմբոստներն այլեւս «հանգիստ նստել են տեղները» ու կատարում են առաջնորդի հրամանները։

Դեռ անցած շաբաթ խմբակցության նիստերից մեկի ժամանակ Փաշինյանը յուրային ընդդիմադիրներին կոշտ նախատել էր, թե՝ կա՛մ հրաժարվում եք իմ շնորհիվ ձեռք բերած մանդատից, կա՛մ կարծիքները համաձայնեցնում եք խմբակցության ղեկավարության հետ։ Այս ընթացքում Էդգար Առաքելյանը միակն է, ով մանդատից հրաժարվելու դիմում ներկայացրեց, թեեւ պաշտոնական մեկնաբանությունն այն է, թե հրաժարականը կապ չունի Ամուլսարի հետ, բայց իրականությունը թաքցնել հնարավոր չէ։ Մյուսները լռում են ու գործողությունների չեն դիմում, որոշներն էլ նահանջում են իրենց «սկզբունքայնությունից»։

Մերի Գալստյանը, օրինակ, երեկ մեզ հետ զրույցում ասաց, թե ինքը էլի նախընտրում է լռել։ Բավարարվա՞ծ է արդյոք ստեղծված լուծումից։ «Ես այս պահին մեկնաբանություն չունեմ»։ Լենա Նազարյանը երկօրյա բացակայությունից հետո թերեւս հասկացել էր, որ անվերջ թաքնվել հնարավոր չէ, երեկ եկել էր ԱԺ նիստի։ Հարցին՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերջին հայտարարությունից հետո անձամբ ինքն ի՞նչ դիրքորոշում ունի, Նազարյանը պատասխանեց․ «Եթե այդ հարցը լիներ Ազգային ժողովում, ես կպատասխանեի այդ հարցերին: Մնացած իմ մտահոգությունները ես հայտնել եմ իմ քաղաքական թիմում՝ քննարկումների ժամանակ»: ԱԺ փոխնախագահն այլ հարցերի չպատասխանեց։

Բնապահպանական ակցիաների երբեմնի ակտիվ մասնակից  Թագուհի Ղազարյանի համար էլ այժմ արդեն ակնհայտ է դարձել, որ այս պահին իրավական առումով պետությունը չունի տնտեսվարողի գործունեությունը խոչընդոտելու որեւէ հիմք։ Ասաց, որ խմբակցությունում բոլորը կիսում են այն կարծիքը, որ հարցը պետք է լուծվի իրավական ճանապարհով։

Պատգամավորներին ուղղված հորդոր, նախատինք եղե՞լ են՝ կա՛մ վայր եք դնում մանդատը, կա՛մ համաձայնում մեծամասնության որոշումների հետ, ու այսուհետ կարո՞ղ ենք չակնկալել հեղափոխական ֆրակցիայում բազմակարծություն՝ հարցրինք «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցին։ «Բազմակարծություն եղել է, կա ու միշտ էլ լինելու է, եւ ես համարում եմ, որ հենց դա է մեր խմբակցության ուժեղ կողմերից մեկը եւ հենց դա է պատճառներից մեկը, որ որոշումների կայացումը փոքր-ինչ հապաղում է»,- ասաց նա։ Այլ հարց է, որ, ըստ Մակունցի, քաղաքական թիմը որոշակի սկզբունքներ է ենթադրում․ «Որո՞նք են որոշումների կայացման մեխանիզմը։ Մենք վերջին շրջանում քննարկել ենք հարցը, իհարկե, դա ներթիմային աշխատանքային քննարկում է եղել, որից շատ մանրամասներ չեմ կարող հրապարակել, բայց, իհարկե, քննարկել ենք որոշումների կայացման ամենաարդյունավետ ճանապարհների մասին, ինչը նաեւ ամրագրված է մեր կանոնադրության մեջ, այն է՝ պիտի ձգտենք եւ հասնենք կոնսենսուսային  տարբերակին, բայց եթե չի ստացվում, այնուամենայնիվ, այն մարդիկ, ովքեր ունեն ավելի ծանրակշիռ փաստարկներ եւ կարողանում են խմբակցության մեծամասնությանը համոզել հենց իրենց փաստարկներով, ուրեմն պետք է առաջնորդվենք դրանով, այսինքն՝ այն կանոնադրությամբ, որը «Իմ քայլը» խմբակցությունն ընդունել է իր ձեւավորման փուլում»։

Մակունցը չի կարող ասել՝ կլինե՞ն մանդատից հրաժարվողներ կամ խմբակցությունից հեռացողներ․ «Որեւէ կերպ բացառման տեսանկյունից խոսելը ճիշտ չէ, որեւէ մեկը որեւէ բան չի կարող բացառել, բայց կարծում եմ՝ պետք չէ մեր ուշադրությունը կենտրոնացնել այդ առանձին դեպքերի վրա, արդյունավետ ճանապարհ չէ»։

Ի դեպ, մանդատից հրաժարված Էդգար Առաքելյանը նախօրեին խոստովանել էր, որ տեւական ժամանակ է՝ «դժբախտ սրտով» էր իրականացնում պատգամավորական առաքելությունը, ինչո՞ւ է իշխող թիմում աշխատելը «դժբախտացնում» մարդկանց, ի՞նչ նկատի ուներ Առաքելյանը՝ հարցրինք Մակունցին։ «Դժբախտության հետ կապված՝ Էդգար Առաքելյանի հայտարարությունը չեմ կարող մեկնաբանել, բայց կարող եմ հասկանալ։ Կարծում եմ՝ նկատի ուներ, որ մարդը պետք է հաշտ լինի իր հետ, երբեմն մի փոքր տարբեր մոտեցումներ ենք ունենում․․․ Բայց ես մտածում եմ, որ մարդն իր կյանքի տարբեր փուլերում երբեմն անհաշտ է լինում իր հետ»։