Անդրանիկ Քոչարյանը Հայաստանն ավտոմոբիլի հետ է համեմատել

Անդրանիկ Քոչարյանը Հայաստանն ավտոմոբիլի հետ է համեմատել

Մենք գրել էինք, որ Ազգային ժողովի պաշտպանության հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն այսօր իր աշխատասենյակում հյուրընկալել է մի խումբ հակառուս գործիչների՝ քննարկելու ՀԱՊԿ-ից դուրս գալու հարցը։ Մեզ փոխանցել էին, որ սա քաղաքացիական նախաձեռնություն է՝ ՀԱՊԿ-ից դուրս գալու թեմայով եւ իրենք են հանդիպում խնդրել պաշտպանության հանձնաժողովի նախագահից ու մերժում չեն ստացել։

Փակ քննարկմանը մասնակցել են «Հանուն Հանրապետության․ կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը, քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանը, Հովսեփ Խուրշուդյանը եւ այլք։ Ազատ Արշակյանը մեզ հետ զրույցում պատմեց, որ նման ֆորմատի հանդիպում Անդրանիկ Քոչարյանից իրենք են խնդրել:

- Իսկ ի՞նչ քննարկեցիք հանդիպման ժամանակ: Ընդհանուր հայտարարի եկա՞ք:

- ՀԱՊԿ-ից դուրս գալու հարցում ընդհանուր հայտարարի այդպես էլ չեկանք, բայց կարևոր էր, որ մենք մեր մտահոգությունը հայտնեցինք և պահանջեցինք, որ ՀԱՊԿ-ից անհապաղ դուրս գալ է պետք: Անդրանիկ Քոչարյանը նշեց, որ պետք է հնարավորինս իրատեսական լինել և իրենց իշխանությունը վարում է իրատեսական քաղաքականություն: Նա ասաց, որ կտրուկ քայլեր անել չեն ուզում, որից կարող է թուլանալ Հայաստանի անվտանգության համակարգը: Քոչարյանի խոսքով` կան ածանցյալ հարաբերություններ, որոնք պարտադիր պետք է հաշվի առնել:

- Ստացվում է, որ մերժվել է ՀԱՊԿ-ից դուրս գալու Ձեր առաջարկը:

- Ես դա մերժում չեմ համարում, դա ավելի շատ ուշադիր ունկընդրում էր: Մեր փաստարկներն ուշադիր լսեց: Իշխանությունն էլ շատ բաներ գիտի: Սա բավականին աշխույժ քննարկում էր:

- Իսկ չասա՞ց, երբ են պատրաստվում դուրս գալ ՀԱՊԿ-ից: Փաստորեն ասում են՝ հիմա դրա ժամանակը չէ....

- Իրավական առումով ՀԱՊԿ-ից դուրս գալու համար պետք է վեց ամիս ժամանակ, գուցե ավելի: Բայց, եթե մենք հայտարարենք, որ այս պահից սկսած կասեցնում ենք մեր անդամակցությունն այդ կազմակերպությանը, դա արդեն իսկ կարող է մեզ այլ կարգավիճակ տալ: Դրանից հետո մենք կարող ենք մեր անվտանգությունն այլ ուղղությամբ փնտրել, սպառազինություն հայթայթել: Անդրանիկ Քոչարյանը Հայաստանն ավտոմոբիլի հետ համեմատեց: Ասաց, որ պատկերացնենք հիմա ոլորանների մեջ ենք և հիմա մեքենայի արագությունը մեծացնելը շատ վտանգավոր է: Կառավարությունը և ղեկին է մոտ, և արգելակներին: Այսպիսի համեմատություն արեց Անդրանիկ Քոչարյանը:

- Այլ հարցեր չքննարկեցի՞ք:

- Քննարկեցինք ռազմական կրթությանն ու սոցիալական ապահովությանը վերաբերող հարցեր: Արտաքին հետախուզության ոլորտի հետ կապված ինչ-ինչ հարցեր նաև քննարկեցինք: Պայմանավորվեցինք նաև, որ եթե ընթացքում առաջարկներ ունենանք, ինքը պատրաստ է սիրով մեզ ընդունել և լսել մեր առաջարկները: