Նիկոլ, փրկեա զմեզ ի քեզանե…

Նիկոլ, փրկեա զմեզ ի քեզանե…

Փաշինյանը մի առիթով խոստովանեց. «Մնում էր՝ ինձ գժի տեղ դնեի…»: Սրանից հետո այլեւս դժվար է ասել, թե նրա արածները չհասկանալու ու անփորձության հետեւանք են: Իրեն գժի տեղ դնելու տեխնոլոգիան նա աշխատեցնում է արդեն 5 տարի: Եվ արդեն հասարակությունն է հայտնվել գժի կարգավիճակում: Աներեւակայելի անհեթեթ քայլերն ու հայտարարությունները, որ նա եւ իր ընտանիքի անդամները պարբերաբար անում են՝ զբաղեցնելով հասարակությանը, խայծեր են, որ մենք կուլ տանք ու սկսենք զայրանալ, քննարկել, ծիծաղել, ծաղրել՝ մոռացության մատնելով հերթական հանձնված գյուղը, բարձունքը, զոհերը, թշնամու ներխուժումը: Մենք հաճախ ենք փորձում հասկանալ, թե աշխարհաքաղաքական որ կենտրոնի՝ Եվրոպայի, ԱՄՆ-ի, ՌԴ-ի, թե ադրբեջանաթուրքական տանդեմի մարդն է վարչապետի աթոռը զբաղեցրած անձը: Օրերս նա գաղտնազերծեց, թե «ում» մարդն է:

Պարզվում է` նրան Աստված է Հայաստան ուղարկել: Իսկ հոգեւոր դասը տեղյակ չէ այդ մասին` մեղքերի մեջ կորել է, հեռացել է եւ դուրս է գալիս Աստծո դեմ: Վերջին հինգ տարում մեր երկրի հետ պատահած աղետներից աչք չբացելով՝ մենք հաճախ ենք մեզ հարց տալիս, թե որ մեղքի համար է Աստված մեր ազգին այսպես պատժում, ինչու է այսպես զայրացել մեզ վրա: Այս հարցի պատասխանն էլ, փաստորեն, տվեց Փաշինյանը: Պարզվում է՝ 2018-ին, երբ Նա դուրս եկավ Հայաստանի այն ժամանակվա «Աստծո» դեմ, հասարակության մեծամասնությունը միացավ այդ մեղքին եւ մերժեց նրան: Դրա համար էլ այսքան աղետներ եկան մեր գլխին: Իսկ մինչ այդ՝ 2008-ին էլ հասարակության մի հատված դուրս էր եկել նախորդ «Աստծո»՝ Ռոբերտ Քոչարյանի դեմ: Բայց այն մի «Աստվածը» հեշտությամբ չտրվեց սադրանքներին, որոնց մեջ էր նաեւ ինքնահռչակ «Աստված»  Փաշինյանը:  

Առհասարակ` Փաշինյանը հաճախ է հիշում Աստծուն եւ Աստվածաշունչը․ Միլանի հայկական եկեղեցում հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ էլ նա իրեն համեմատել էր Հիսուսի հետ: Ուստի մեզ մնում է աղոթել, թախանձագին խնդրել. 
Նիկոլ «մեր», որ վարչապետ ես,
Էլ մի տար զմեզ ի փորձություն,
Այլ փրկեա զմեզ ի քեզանե, 
Զի քո է ոստիկանություն եւ ԱԱԾ…
Հավիտյանս հավիտենից… Ամեն…