Մարդիկ նախընտրում են հեշտ լուծումները, իսկ չարիք գործելը հեշտ է

Մարդիկ նախընտրում են հեշտ լուծումները, իսկ չարիք գործելը հեշտ է

Ներկայացնում ենք հատվածներ մեծ բանաստեղծ, Նոբելյան մրցանակի դափնեկիր Իոսիֆ Բրոդսկու՝ տարբեր տարիներին մամուլում լույս տեսած հարցազրույցներից, որոնք ամբողջական տարբերակով հրատարակվել են «Հարցազրույցների գիրք. Իոսիֆ Բրոդսկի» ժողովածուում` 2011թ.-ին։ 

Սեփական կենսափիլիսոփայության մասին 

Ոչ մի կենսափիլիսոփայություն էլ չկա։ Կան լոկ որոշակի համոզմունքներ։ Չափազանցնելով՝ դա կարելի է անվանել փիլիսոփայություն։ Կարող եմ դա անվանել տոկունության փիլիսոփայություն, դիմակայելու հնարավորություն։ Բավականին պարզ մի բան։ Երբ գտնվում ես վատ հանգամանքների ներքո, քո առաջ կա ընտրություն՝ հանձնվելը կամ դիմակայել փորձելը։ Ես գերադասում եմ հնարավորինս դիմակայելը։ Ահա սա է իմ փիլիսոփայությունը, առանձնահատուկ ոչ մի բան։ 

Հեգնանքի մասին

Հեգնանքը խաբուսիկ երեւույթ է։ Երբ ծաղրանքով կամ հեգնանքով խոսում ես այն իրավիճակի մասին, որի մեջ հայտնվել ես, ապա թվում է, թե չես ենթարկվում հանգամանքներին։ Բայց այդպես չէ։ Հեգնանքը թույլ չի տալիս հեռանալ կամ վեր կանգնել խնդրից։ Այն շարունակում է մեզ զսպած պահել նույն սահմանների մեջ։ Թեպետեւ կատակներ ես անում ինչ-որ մի նողկալի բանի մասին, բայց, միեւնույն է, շարունակում ես մնալ դրա գերին։ Եթե տեսնում ես խնդիրը, պետք է դրա դեմ պայքարել։ Միայն հեգնանքով երբեք չես հաղթի։ Հեգնանքը գիտակցության հոգեբանական մակարդակի ծնունդն է։ Կան տարբեր մակարդակներ՝ կենսաբանական, քաղաքական, փիլիսոփայական, կրոնական, վերազանցական։ Կյանքը ողբերգական բան է, այնպես որ՝ միայն հեգնանքն այստեղ բավարար չէ։ 

Հոր եւ տան մասին 

Չէի ասի, թե նա ինձ վրա ազդեցություն ուներ, պարզապես ես նրա մի մասն էի, ըստ էության՝ ես հենց նա էի… Չէ՞ որ քանի դեռ մենք ողջ ենք, մտածում ենք, թե մենք ուրիշ ենք, թե մենք ինչ-որ մի ինքնուրույն երեւույթ ենք, իսկ իրականում մենք այդ նույն գործվածքի մի մասն ենք, այդ նույն թելը… 

Ընդհանրապես՝ ես պիտի ասեմ, որ ընտանիքում անցկացրած կյանքը պահպանվում է ընդմիշտ… Երիտասարդ մարդը միշտ ցանկանում է ապրել իր ձեւով, նա ուզում է լինել ինքը, ստեղծել իր աշխարհը, առանձնանալ մնացյալ ամեն ինչից… Եվ երբ ծնողները մահանում են, դու հանկարծ հասկանում ես, որ հենց անցած-գնացածն էր կյանքը…  

Այդ կյանքը ստեղծված էր նրանց կողմից, մենք այնտեղ ամեն ինչ անգիր գիտենք եւ մինչեւ պահը հասունանալը չենք գիտակցում, որ մենք նույնպես նրանց ձեռագործությունն ենք։ Եվ մեզնից ոչ մի ջանք չի պահանջում դա շուռ տալը, այդտեղից փախչելը։ Սակայն մեր կյանքը մեր գործերի պտուղն է, եւ դրանք՝ այդ պտուղները, այնքան էլ համոզիչ չեն… 

Բարու եւ չարի մասին 

- Ես ամենեւին չեմ համարում, թե բոլոր մարդիկ վատն են։ Բայց ես պարզապես պնդում եմ, որ մարդիկ ընդունակ են վատ արարքներ կատարելու, չարիք գործելու, նրանք օժտված են այդ անհավանական ընդունակությամբ։
- Եվ դեպի բարին հակված են պակա՞ս չափով։ 
- Թերեւս, այդպես է (ծիծաղում է)։ Պիտի ասեմ, որ մարդիկ հավասարապես հակված են թե՛ բարուն, թե՛ չարին։ Բայց մարդիկ, որքան գիտեմ, նախընտրում են հեշտ լուծումները, իսկ չարիք գործելն ավելի դյուրին է, քան որեւէ բարիք գործելը։ Ես կարծում եմ, որ չարիքի վրա կենտրոնանալ առհասարակ չարժե։ Դա ամենապարզ բանն է, որ կարող է անել մարդը, այսինքն՝ կենտրոնանալ այն վիրավորանքների վրա, որոնք իրեն հասցվել են, եւ այլն, եւ այլն։ Չարը, մնացյալ ամեն ինչից բացի, հաղթում է նաեւ այն միջոցով, որ ասես հիպնոսում է ձեզ։ Հեշտ է մտածել չարիքի, մարդկանց վատ արարքների մասին, էլ չասենք՝ պետության արարքների մասին. դա կլանում է։ Եվ հենց դա էլ դիվային ծրագիրն է։ 

Արվեստի մասին

Եվս մի մոլորություն է այն, որ արվեստը բխում է փորձից ու կեցությունից։ Չեմ հիշում՝ արդեն ասե՞լ եմ այդ մասին, թե՞ ոչ, բայց դու կարող ես լինել Հիրոսիմայի ականատեսը կամ քսան տարի անցկացնել Անտարկտիդայի որեւէ կետում եւ ոչինչ չթողնել քեզնից հետո։ Մինչդեռ կարող ես ինչ-որ մեկի հետ գիշեր անցկացնել եւ ստեղծել «Այն ակնթարթն եմ հիշում ես պայծառ…» բանաստեղծությունը։ Կարող ես նաեւ առանց գիշեր անցկացնելու գրել։ Այնպես որ՝ եթե արվեստը կախված լիներ կենսափորձից, մենք կունենայինք շատ ավելի մեծ թվով գլուխգործոցներ։ 

Տարածության մասին

Դա ամենակարեւորն է՝ տարածությունը, որտեղ գտնվում ես։ Հիշում եմ՝ երբ ես մոտ 23 տարեկան էի, ինձ բռնի ուժով կողպեցին հոգեբուժարանում, իսկ բուն «բուժումը»՝ այդ բոլոր ներարկումները եւ ամեն տեսակ բավականին տհաճ բաները, դեղերը եւ այլնը, որ ես ստանում էի, ինձ վրա այդչափ ճնշող տպավորություն չէին գործում, որքան սենյակը, որտեղ գտնվում էի… Պատուհանների մեծության հարաբերակցությունը սենյակի մեծության հետ բավականին տարօրինակ էր, որոշակիորեն անհամաչափ, այսինքն՝ պատուհանները, կարծում եմ, մոտավորապես ութ անգամ ավելի փոքր էին, քան պիտի լինեին սենյակի չափերի համեմատ։ Եվ հենց դա էլ ինձ մոլեգնության, գրեթե խելագարության էր հասցնում։ 

Լեզվի ու հայրենասիրության մասին

Ես պատկանում եմ ռուսական մշակույթին, ես ինձ ընկալում եմ որպես դրա մասը, բաղադրիչը, եւ ոչ մի տեղանքային փոփոխություն չի կարող ազդել այդ վերջնարդյունքի վրա։ Լեզուն ավելի հին ու ավելի անխուսափելի երեւույթ է, քան պետությունը։ Ես պատկանում եմ ռուսաց լեզվին, իսկ ինչ վերաբերում է պետությանը, ապա, իմ կարծիքով, գրողի հայրենասիրության չափորոշիչը հանդիսանում է այն, թե ինչպես է նա գրում մի ժողովրդի լեզվով, որի կողքին ապրում է, եւ ոչ թե այն, թե նա ինչ երդումներ է տալիս ամբիոնից։ 

Հավատքի ու կրոնի մասին

Առհասարակ, ես կրոնական ծեսերի կամ ձեւական ժամասացության կողմնակիցը չեմ։ Ես կողմնակիցն եմ այն պատկերացման, որ Աստված բացարձակապես պատահական, ոչնչով չպայմանավորված կամք կրող երեւույթ է։ Ես դեմ եմ առեւտրային հոգեբանությանը, որով ներծծված է քրիստոնեությունը. արա այս մի բանը եւ կստանաս այն մի բանը, այո՞։ Կամ՝ ավելին. հույսդ դիր Աստծո անսահման ողորմածության վրա։ Չէ՞ որ սա, ըստ էության, մարդակերպություն է։ Ես ընդհանրապես համոզված չեմ, որ մարդկանց հարկ է հավատքի բերել։ Մարդկանց պետք է թույլ տալ, որ ամեն ինչ ինքնուրույն հասկանան։ Եթե հավատքին են հանգում, ուրեմն թող հանգեն դրան եւ ոչ թե պատրաստի ստանան։ Կյանքը ծնում է դա մարդկանց մեջ ու աճեցնում, եւ կյանքի այդ ջանքերը ոչնչով չես փոխարինի։ Դա իսկապես աշխատանք է, եւ թող այդ աշխատանքը կատարի ժամանակը, քանզի ժամանակը շատ ավելի լավ է կարողանում դա անել։ 

Պատերազմի մասին

Մեկ տարի առաջ հեռուստատեսությամբ ցուցադրեցին կադրեր, որոնք նկարահանվել էին Աֆղանստանում։ Դատարկ հարթավայրով սողում են ռուսական տանկերը՝ եւ վերջ։ Բայց ես դրանից հետո ավելի քան մեկ օր անընդմեջ պարզապես պատերն էի ճանկռոտում։ Եվ խնդիրն այն չէր, որ ես ամաչում էի Ռուսաստանի համար… Ես այդ տանկերն ընկալեցի որպես բռնության գործիք բնական տարերքի նկատմամբ։ Հողերին, որոնց վրայով դրանք գնում էին, նույնիսկ գութանը երբեք չէր դիպչել, էլ ի՜նչ տանկ։ Ինչ-որ էքզիստենցիալիստական մղձավանջ։ Այն մինչեւ հիմա աչքերիս առջեւ է։ Եվ ես մտորեցի այնտեղ մարտնչող զինվորների մասին. նրանք ինձնից մոտ քսան տարով ավելի երիտասարդ են եւ տեսականորեն կարող էին լինել իմ որդիները… ու գրեցի այսպիսի տողեր. 
«Փառք նրանց, ովքեր, չբարձրացնելով հայացքը, 
աբորտարան գնացին վաթսունականներին՝ 
անարգանքից փրկելով հայրենիքը»։ 

Ամենակարեւորի մասին 

- Ձեզ համար կյանքում ի՞նչն է ամենակարեւորը։ 
- Մարդու ընդունակությունը՝ ապրելու հենց սեփական կյանքը եւ ոչ թե ուրիշ մեկինը, այլ կերպ ասած՝ մշակելու սեփական արժեքները եւ ոչ թե կառավարվելու իրեն պարտադրվող արժեքներով, որքան էլ դրանք գրավիչ թվան։ Առաջին հերթին՝ յուրաքանչյուրը պիտի իմանա, թե ինքն իրենից ինչ է ներկայացնում զուտ մարդկային կատեգորիաներում, հետո արդեն՝ ազգային, քաղաքական, կրոնական կատեգորիաներում։ 
- Մարդու մեջ ամենաբարձրն ի՞նչն եք գնահատում։ 
- Ներելու կարողությունը, խղճալու կարողությունը։ Առավել հաճախ առաջացող զգացումը, որ ունենում եմ մարդկանց հանդեպ (եւ դա կարող է թվալ առօրեական), խղճահարությունն է։ Հավանաբար այն պատճառով, որ մենք բոլորս վերջավոր ենք։ 

Թարգմանությունը` Անուշ Բաբայանի
«Մշակութային Հրապարակ» ամսաթերթ