Նշանակում է՝ Փաշինյանը եւ իր թիմակիցները կապ ունեն այլ երկրների հետախուզական ծառայությունների հետ 

Նշանակում է՝ Փաշինյանը եւ իր թիմակիցները կապ ունեն այլ երկրների հետախուզական ծառայությունների հետ 

Ամերիկյան ուժային կառույցի հերթական բարձրաստիճան պաշտոնյային սեպտեմբերի 2-ին ընդունեց ԱԽՔ Արմեն Գրիգորյանը։ Ինչպես լինում է նման հանդիպումների ժամանակ, հայ հասարակությունը շատ բան չիմացավ, պաշտոնական հաղորդագրությունը միայն տեղեկացրեց որ ԱՄՆ Պաշտպանության հետախուզական գործակալության Եվրոպայի և Եվրասիայի տարածաշրջանային կենտրոնի տնօրեն Պատրիկ Պրայորիի հետ Արմեն Գրիգորյանը տարբեր հարցեր է քննարկել, այդ թվում «տարածաշրջանային անվտանգային իրավիճակ», որ շոշափել են «արտատարածաշրջանային անվտանգային միջավայրին առնչվող որոշ հարցեր»: Հետաքրքիր է, որ այս հանդիպումից երկու օր անց՝ հոկտեմբերի 4-ին Նիկոլ Փաշինյանը ԱԽ գրասենյակում  նոր նշանակում արեց՝ Էդուարդ Թևոսի Միրզոյանը հոկտեմբերի 7-ից «վարչապետի աշխատակազմի անվտանգության խորհրդի գրասենյակի ռազմական անվտանգության վարչության քաղաքացիական պաշտպանության և զորահավաքային ծրագրերի բաժնի պետ» նշանակվեց, սա ԱԽ-ի հետ աշխատող օղակն է Փաշինյանի աշխատակազմում։
Կապվա՞ծ է արդյոք Փաշինյանի նշանակումը ԱԽՔ-ի եւ ամերիկյան մասնագետների հանդիպումների ու տարածաշրջանում հնարավոր առաջիկա պրոցեսների հետ, դժվար է ասել։ Պետական համակարգում փոփոխություններ լինում են, «Հրապարակ»-ին ասում է կովկասագետ Կարեն Իգիթյանը ու անդրադառնում արեւմտյան հետախուզական ծառայությունների՝ հաճախակի դարձած այցերին Հայաստան։

«Սա նշանակում է, որ Հայաստանը ներկայացնող պաշտոնյաները՝ Փաշինյանը եւ իր թիմակիցները կապ ունեն այլ երկրների հետախուզական ծառայությունների հետ, որովհետեւ, օրինակ, Փաշինյանը հանդիպում է Մեծ Բրիտանիայի հատուկ ծառայության ղեկավարության հետ, այն դեպքում, երբ նրանք տարբեր կարգավիճակներում են գտնվում։ Այն, որ ԱԽՔ-ն է հանդիպում, հասկանալի է, բայց երբ վարչապետն է հանդիպում եւ դա պարբերաբար է լինում, սա արդեն ինչ-որ բան ասում է։ Երկրորդ, սա նշանակում է, որ Հայաստանի ներկա ղեկավարությունը փորձում է ռազմավարական շրջադարձ կատարել եւ դա համաձայնեցնում է արեւմտյան բլոկի ուժայինների հետ եւ այստեղ իրենք նույն նպատակին են ծառայում»,-բացատրում է մեր զրուցակիցը՝ ընդգծելով, որ հենց արեւմտյան հատուկ ծառայություններն են աջակցում այդ ամենին, ինչ մասին Ջեյմս Օ"բրայենը ուղղակի բաց է խոսել։

Կովկասագետ Կարեն Իգիթյանի խոսքով, հավանական է, որ ամերիկացի պաշտոնյան ԱԽՔ-ի հետ քննարկած լինի, այսպես կոչված, Սյունիքի միջանցքի հարցը, որովհետեւ ԱՄՆ-ը այդ մասով շատ բաց է խոսում: Իսկ ինչ վերաբերում է «արտատարածաշրջանային անվտանգային միջավայրին առնչվող որոշ հարցերին», խոսքը, ըստ մեր զրուցակցի, հավանաբար խոսքը Հայաստանի դիրքորոշման մասին է՝ Ուկրաինայի եւ Իրան -Իսրայել հակամարտության հարցում։ 

Գլոբալ ու տարածաշրջանային ընթացիկ պրոցեսների մեծ նարատիվը, ըստ մասնագետի այն է, որ Արեւմտյան երկրները Հայաստանի նման փոքր երկրներին համոզում են, որ Ռուսաստանն արդեն պարտվել է եւ լքելու է տարածաշրջանը, ուստի պետք է թեքվել դեպի Արեւմուտք։

«Մենք սա պետք է հասկանանք, տեսեք, նաեւ հայ պաշտոնյաներն են ասում, թե` Ռուսաստանն ինքն է դուրս եկել տարածաշրջանից եւ մենք փորձում ենք այդ իրավիճակով խաղալ, բայց կեղծիքն այն է, որ այդ նույն պաշտոնյաները միաժամանակ ասում են, թե Ռուսաստանը փորձում է Հայաստանում հեղաշրջում կազմակերպել։ Պետք է ֆիքսենք, որ ՀՀ ներկա ղեկավարությունն ինքն իրեն հակասում է՝ հայտարարելով, որ մի կողմից ՌԴ-ն դուրս է եկել տարածաշրջանից, մյուս կողմից՝ փորձում է գործընթացներ գեներացնել։ Այդպես չի լինում»-բացատրում է Կարեն Իգիթյանը։

Մոսկվան իր հերթին շարունակում է ազդակներ ուղարկել այն մասին, թե Արեւմուտքը ցանկանում է ռազմական ներկայություն ունենալ տարածաշրջանում։ «Արևմուտքը ձգտում է ՆԱՏՕ-ի երկրներից իր «խաղաղապահ» զորակազմը մտցնել Անդրկովկաս՝ իբր օգնելու Երևանի և Բաքվի միջև հարաբերությունների կարգավորմանը»,-նախօրեին ԱՊՀ անվտանգության մարմինների և հատուկ ծառայությունների ղեկավարների խորհրդի նիստում հայտարարել է ՌԴ Անվտանգության դաշնային ծառայության տնօրեն Ալեքսանդր Բորտնիկովը։ 

Ռուսաստանի դիրքորոշումն ու այս մեսիջները հասկանալի է` այդ երկիրը փորձում է խուսափել նրանից, որ ՆԱՏՕ-ն եւ Արեւմուտքը նախկին ԽՍՀՄ տարածքում իրենց դիրքերն ամրապնդեն եւ փորձում են զգուշացնել, որ դա հակասում է ոչ միայն ՌԴ շահերին, այլեւ այն երկրների, որի տարածքում այդ ուժերը կարող են գտնվել։ Այս ամբողջ խոսույթը արդյո՞ք ցուցիչ է առ այն, որ առաջիկայում հնարավոր զարգացումներ կարող են լինեն Հարավային Կովկասում, մանավանդ, որ Ադրբեջանը հերթական զորավարժությունն է իրականացնում Նախիջեւանի ուղղությամբ։

«Թուրքիան եւ Ադրբեջանը ակնհայտորեն պատրաստվում են ուժով եւ հողի վրա բացել այդ միջանցքը եւ հետո արդեն շարունակել բանակցային պրոցեսը կամ իրենց քաղաքականությունը՝ ելնելով հենց այդ դիրքերից, որ իրենք արդեն ֆիզիկապես վերահսկում են միջանցքը։ Ադրբեջանը պատրաստվում է դա անել եւ դա ակնհայտ է։ Արեւմուտքն ասում է՝ կամ տրամադրեք այդ միջանցքը, որի վերահսկողությունը արեւմտյան մասնավոր կազմակերպության ներքո կլինի կամ Ադրբեջանը կգա, կվերցնի։ Արեւմուտքն այս ընտրությունն է առաջարկում»-, ասում է «Հրապարակ»-ի զրուցակիցը։

Իգիթյանի խոսքով, Արեւմուտքի նպատակը պարզ է եւ ակնհայտ՝ առանց Ռուսաստանի ճանապարհ` Միջին Ասիայից Ադրբեջանով ու Հայաստանով դեպի Թուրքիա։ Այդ ճանապարհը կլինի, այսպես կոչված, միջանցքո՞վ, թե՞ Հայաստանի ճանապարհներով, որտեղ ռուսական գործոն չի լինի, Արեւմուտքի համար էական չէ, իսկ Ադրբեջանի եւ Թուրքիայի համար ձեռնտու է ստանալ այդ Զանգեզուրի միջանցք կոչվածը։ Հաշվի առնելով, որ Փաշինյանի կառավարությունն արդեն համաձայնել է արեւմտյան մասնավոր կազմակերպության ներկայության տարբերակին, ռուսական կողմն իր ներկայությունն է պնդում՝ հիշատակելով նոյեմբերի 9-ի  հայտարարությունը։ Սա է ամբողջ խաղը։

«Մենք պետք է արձանագրենք, որ Հայաստանի տարածքում եւ Հայաստանի տարածքի մասին կա մի բախում, որը Արեւմուտքի եւ Ռուսաստանի միջեւ է եւ կա Իրանի դիրքորոշումը, որը շատ ավելի պրոհայկական է, քան պաշտոնական Երեւանինը։ Իրանը դեմ է ոչ միայն տարածքային, այլեւ դեմոգրաֆիական փոփոխություններին, շեշտում է Իրանը Հայաստանին կապող դարավոր ճանապարհի նշանակությունը եւ արձագանքում Ադրբեջանի՝ այսպես կոչված մեծ վերադարձի պլաններին։ Իրանը ասում է՝ դեմոգրաֆիական փոփոխությունները տարածաշրջանում անընդունելի են, մենք սա կարող ենք ընկալել եւ՛ Արցախի հայաթափման, եւ՛  Ադրբեջանի կողմից պլանավորված այդ վերաբնակեցման մասին»,- բացատրում է մեր զրուցակիցը՝ շեշտելով, որ փաստացի երեք կողմ ունենք, որոնք պայքարում են տարածաշրջանում, իսկ Հայաստանը` որպես կողմ պարզապես բացակա է։