Ֆուտբոլային ակումբները՝ պայմանավորված խաղերի մեջ մեղադրվելու մասին

 Ֆուտբոլային ակումբները՝ պայմանավորված խաղերի մեջ մեղադրվելու մասին

Օրերս ՀՖՖ գործադիր կոմիտեի նիստում  պայմանավորված խաղերի դեմ պայքարի հարցերով փորձագիտական կոմիտեի զեկույցների քննարկում է տեղի ունեցել՝ «Արագած», «Տորպեդո», «Մասիս», «Լոկոմոտիվ», «Երևան» ֆուտբոլային ակումբների վերաբերյալ: 

ՀՖՖ գլխավոր քարտուղար Արթուր Ազարյանը ՀՖՖ գործադիր կոմիտեի անդամներին է ներկայացրել  փորձագիտական կոմիտեի աշխատանքների արդյունքները և պատրաստած զեկույցները «Արագած», «Տորպեդո», «Մասիս», «Լոկոմոտիվ», «Երևան» ֆուտբոլային ակումբների վերաբերյալ: Ներկայացվել են նաև  ՀՀ իրավապահ մարմինների և ՈՒԵՖԱ-ի,  բուքմեյքերական ընկերությունների և  բուքմեյքերական շուկայի վերլուծությամբ  զբաղվող արտասահմանյան գործակալությունների և այլ գործընկերությունների կողմից տրամադրված փաստերը և տեղեկությունները:

Պարզվում է, որ փորձագիտական կոմիտեն հարցազրույցներ է ունեցել տասնյակ անձանց հետ, ովքեր կարող էին ներգրավված լինել  կասկածելի խաղերի կազմակերպման գործընթացում, կամ լրացուցիչ տեղեկություններ տրամադրել այդ կապակցությամբ: Տեղեկությունները ներկայացվել են ՀՖՖ գործկոմին, որի անդամները հնարավորություն են ստացել ուսումնասիրելու փորձագիտական կոմիտեի զեկույցները և այն փաստերը, որոնց հիման վրա աշխատանք է ծավալել փորձագիտական կոմիտեն:

Առկա փաստերի հիման վրա ՀՖՖ գործկոմը կայացրել է երկու որոշում.

1.Ներկայացնել միջնորդություն ՀՖՖ կարգապահական կոմիտեին «Արագած», «Տորպեդո», «Մասիս», «Լոկոմոտիվ», «Երևան» ֆուտբոլային ակումբների, ինչպես նաև բազմաթիվ անձանց վերաբերյալ՝ պայմանավորված խաղերում մասնակցություն ունենալու, պայմանավորված խաղեր կազմակերպելու և դրանց վերջնական արդյունքը մանիպուլյացիայի ենթարկելու հանգամանքով կարգապահական վարույթ սկսելու վերաբերյալ:  

2.ՀՖՖ կանոնադրության 17-րդ հոդվածի 1 կետի համաձայն, կասեցնել «Լոկոմոտիվ», «Տորպեդո», և «Արագած» ֆուտբոլային ակումբների անդամությունը ՀՖՖ-ին մինչև ՀՖՖ հերթական ժողովը՝ ՀՖՖ կանոնադրության 16-րդ հոդվածի ա, ժբ, ժէ կետերի հիմնավորմամբ: Նշենք, որ «Մասիս» և «Երևան» ֆուտբոլային ակումբները չեն հանդիսանում ՀՖՖ անդամ:

«Տորպեդո» ֆուտբոլային ակումբի ներկայացուցիչը «Հրապարակին» հայտնեց , որ իրենք տեղյակ են տեղի ունեցող իրադարձություններից, բայց  պաշտոնապես, օրինակ, ՀՖՖ-ին անդամակցության կասեցման մասով չեն ծանուցվել, որևէ պաշտոնական նամակ չեն ստացել։

«Լրատվամիջոցներից ենք տեղեկանում։ Պայմանավորված խաղերի հետ կապված էլ ակումբը պաշտոնական ոչ մի գրություն , մեղադրանք, այսպես ասած, չի ստացել, ուստի շարունակում է զբաղվել իր ամենօրյա գործերով։ Որոշում է կայացվել նաև, որ լիցենզիայից զրկեն, որ հաջորդ տարի չկարողանանք մասնակցել Հայաստանի առաջին խմբի առաջնությանը։ Մենք, իհարկե, այս որոշումը պատրաստվում ենք բողոքարկել, քանի որ պաշտոնապես ծանուցվել ենք»,- ասաց ակումբի ներկայացուցիչը։

Նրա խոսքով՝ տեղի ունեցող իրադարձությունների շրջանակում իրենց ակումբից գոնե ոչ ոք չի հարցաքննվել, որևէ քննարկում տեղի չի ունեցել։

Այլ ակումբների հետ կապվել և նրանց դիրքորոշումների ծանոթանալ մեզ չհաջողվեց։