Գլխավոր դատախազը ընդդիմադիրների «գործով» խորհրդարան չի մտնի 

Գլխավոր դատախազը ընդդիմադիրների «գործով» խորհրդարան չի մտնի 

Մի քանի օր է՝ մամուլում գրվում է, թե գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը ընդդիմադիր որոշ պատգամավորների նկատմամբ քրեական հետապնդում սկսելու միջնորդությամբ շուտով մտնելու է խորհրդարան։ Այդ պատգամավորներից մեկը՝ Վահե Հակոբյանը, հիշեցենք, օրեր առաջ արդեն իսկ մանդատը վայր դրեց, այսինքն՝ նրա հարցով ԱԺ-ին միջնորդելու կարքի չկա։

Մյուսների մասով էլ, ինչպես հասկացանք, տեղեկությունը շարունակում է դեռևս օդում կախված վիճակում մնալ։ Նշենք, որ վաղը մեկնարկում է ԱԺ հերթական ու այս տարվա վերջին նստաշրջանը, սակայն, դատախազի կողմից խորհրդարան մտնելու ցանկություն, կարծես թե, չկա։

Համենայնդեպս, գլխավոր դատախազի խորհրդական Լուսինե Մարտիրոսյանը մեզ բառացի ասաց հետևյալը․ «Գլխավոր դատախազությունում այս պահին միջնորդություն չկա»։

Նշենք, որ այսօր ժամը 4-ին նախատեսված է նաև ԱԺ խորհրդի նիստը, որից հետո նոր կորոշվի վաղվա նստաշրջանի օրակարգը։ ԱԺ-ից, սակայն, մեզ ասացին, որ այս պահին գոնե դատախազի կողմից ԱԺ-ում միջնորդությամբ հանդես գալու հարց չի քննարկվում։