Ինչու Ռուսաստանը չի աջակցում Հայաստանի ընդդիմությանը

Ինչու Ռուսաստանը չի աջակցում Հայաստանի ընդդիմությանը

Տեւական ժամանակ հնչում է հարցը, թե ինչու Ռուսաստանը չի աջակցում Հայաստանի ընդդիմությանը, որը տարիներ շարունակ փորձում է իշխանափոխություն իրականացնել։ Նույնիսկ աջակցության ձեւերն են հուշում՝ Հայաստանում գործող ռուսաստանյան ընկերությունների սեփականատերերը կարող են իրենց հազարավոր աշխատակիցներին հորդորել՝ մասնակցել ընդդիմության հանրահավաքներին, ապահովելով հանրահավաքների բազմամարդությունը, պարտադրելով իշխանությանը՝ համաձայնել ներկայացված պահանջներին։ Բայց Ռուսաստանը շարունակում է մնալ անտարբեր դիտորդի դերում՝ նույնիսկ դիրքորոշում չներկայացնելով ընդդիմության պայքարի նկատմամբ։

Ռուսաստանի նման կրավորական պահվածքն անտրամաբանական է թվում, եթե նկատի ունենանք, որ իշխանությունն անընդհատ ավելացնում է հակառուսական քարոզչության դոզան՝ Ռուսաստանին մեղադրում է Հայաստանի անվտանգությանը սպառնալու, արցախյան վերջին պատերազմում մեր թշնամիներին աջակցելու մեջ։ Խոսում է ՀԱՊԿ-ից դուրս գալու եւ նոր անվտանգային համակարգի ինտեգրվելու ցանկության մասին՝ հրաժարվելով ռուսական զենքի գնումից եւ նախապատվությունը տալով ֆրանսիական, հնդկական եւ այլ երկրների արտադրության զենքին ու զինամթերքին, հումանիտար օգնություն է տրամադրում Ռուսաստանի դեմ պատերազմող Ուկրաինային եւ միանում Ռուսաստանին ցեղասպանություն իրագործելու մեջ մեղադրող երկրներին։ Հայաստանը Փաշինյանի իշխանության գործունեության արդյունքում Ռուսաստանի դաշնակից եւ բարեկամ երկրից վերածվել է թշնամի երկրի։

Այդ դեպքում ինչո՞ւ Ռուսաստանը չի փորձում օգնել նման հակառուսական եւ պրոարեւմտյան դիրքորոշում ունեցող իշխանությունների դեմ պայքարող ընդդիմությանը, որը խոստանում է իշխանության գալու դեպքում բարելավել հարաբերությունները Ռուսաստանի հետ, վարել ավելի հավասարակշռված արտաքին քաղաքականություն։
Ռուսաստանի նման անտարբեր վարքագիծը տարբեր կերպ են բացատրում․ մի մասը կարծում է, որ Ռուսաստանը չի ցանկանում, որ Հայաստանում իշխանության գան պրոռուսական կամ հավասարակշռված արտաքին քաղաքականության կողմնակիցները, քանի որ այդ դեպքում Ռուսաստանը ստիպված պետք է լինի Հայաստան-Ադրբեջան թշնամության մեջ պաշտպանել Հայաստանին՝ դրանով վատացնելով իր հարաբերությունները Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ, մինչդեռ այդ երկրների հետ հարաբերությունները Ռուսաստանի համար ավելի կարեւոր են, քան հարաբերությունները Հայաստանի հետ։ Հարաբերությունների ներկա բովանդակությունը Ռուսաստանին հնարավորություն է տալիս հայ-ռուսական վատթարացող հարաբերությունների պատասխանատվությունը դնել Հայաստանի վրա․ Արցախի կորստի, Հայաստանի դեմ ադրբեջանական ագրեսիան չկանխելու եւ մյուս հարցերում Ռուսաստանի անտարբերությունը բացատրել Հայաստանի իշխանությունների հակառուսական վարքագծով։ Մյուս բացատրությունն էլ այն է, որ Ռուսաստանում մտահոգություն ունեն, որ եթե Հայաստանում իշխանության գան այնպիսի ուժեր, որոնք կվատացնեն Հայաստանի հարաբերություններն Արեւմուտքի հետ, ապա դրան կհետեւեն այնպիսի պատժամիջոցներ, ինչպիսիք Արեւմուտքը կիրառում է Ռուսաստանի եւ Բելառուսի նկատմամբ, ինչի արդյունքում նավթի ու գազի պաշարներ չունեցող, սահմանափակ ռեսուրներ ունեցող Հայաստանը բեռ կդառնա Ռուսաստանի ուսերին, որին Ռուսաստանն այս պահին պատրաստ չէ։ Կա տեսակետ, որ Հայաստանն ընդհանրապես կորցրել է իր նշանակությունը Ռուսաստանի համար, եւ այդ երկիրը կարող է ընդհանրապես հեռանալ Հայաստանից եւ դրա համար հարմար առիթի է սպասում։

Մեր կարծիքով, իրականությունը մի փոքր այլ է։ Ռուսաստանի համար Հայաստանն ունի ռազմավարական նշանակություն, բայց Ռուսաստանը գիտի, որ կորցրել է Հայաստանը եւ նոր չի կորցրել։ Ուղղակի Ռուսաստանը Հայաստանը եւ ոչ միայն Հայաստանը, հետ վերադարձնելու այլ պլան ունի, քան երկրում իշխանափոխություն անելը։ Ռուսաստանը պատերազմ սկսելով Ուկրաինայում՝ իրականում պատերազմում է Արեւմուտքի դեմ։ Այդ պատերազմը պատերազմ չէ միայն Ուկրաինայի մի մասը վերցնելու համար, այն ռեւանշ է՝ հետ բերելու այն կորուստները, որոնք այդ երկիրն ունեցել է Խորհրդային Միության պարտությունից եւ կործանումից հետո, երբ Ռուսաստանից խլեցին նրա գրեթե 200-ամյա պատմության ընթացքում ունեցած տարածքային ձեռքբերումները։ Այն, ինչ Ռուսաստանը կորցրել էր սառը պատերազմում պարտվելու արդյունքում, փորձում է  հետ վերադարձնել տաք պատերազմի միջոցով՝ մտածելով, որ ԱՄՆ-ն եւ նրա եվրոպական դաշնակիցները չեն ցանկանա իր հետ ուղղակի ռազմական դիմակայության մեջ մտնել։ 
Եթե Ռուսաստանին հաջողվի հաղթանակի հասնել Ուկրաինայում, դրանից հետո Արեւմուտքը ստիպված է լինելու նստել բանակցությունների սեղանի շուրջ, որպեսզի քննարկեն ապագա խաղաղության պայմանները։ Այդ դեպքում հաղթանակած Ռուսաստանը կարող է ներկայացնել իր պահանջները, այդ թվում՝ Արեւմուտքից պահանջել, որ իրեն վերադարձնեն սառը պատերազմի արդյունքում խլված երկրները, որոնք 30 տարուց ավելի գտնվում են արեւմտյան ազդեցության տիրույթում։

Նրանք, ովքեր կասեն, որ սա պրիմիտիվ մոտեցում է, թող մի փոքր վերհիշեն նախորդ դարի քաղաքացիական պատերազմների պատմությունը։ Երբ 1919-1920 թվականներին Ռուսաստանին հաջողվեց հաղթել ներկայիս Ուկրաինայի տարածք մտած արեւմտյան երկրների բանակներին եւ նրանց դաշնակից սպիտակ գվարդիային, այդ նույն Արեւմուտքը շատ հանգիստ դադարեցրեց դիմադրությունն ինչպես Հարավային Կովկասում, այնպես էլ Միջին Ասիայում։ Նիկոլ Փաշինյանը եւ նրա իշխանությունը պաշտպանված են, քանի դեռ Ռուսաստան-Արեւմուտք պատերազմը չի ավարտվել, քանի դեռ հայտնի չէ այդ պատերազմի ելքը։ Փաշինյանը խաղադրույք է կատարել Ռուսաստանի պարտության վրա․ եթե Ռուսաստանը հաղթի, ապա կհեռանա շատ արագ եւ անսպասելի, եւ նրան չեն օգնի ո՛չ իր հազարավոր կարմիր ու սեւ բերետավորները, ո՛չ ամերիկյան եւ մյուս արեւմտյան դեսպանները։

Ավետիս Բաբաջանյան