Լեհաստանում Ադրբեջանի դեսպանությունն ընկել է լեհ հեղինակի հետեւից
Արցախի ամբողջական հայաթափումից եւ օկուպացումից հետո Ադրբեջանը սկսել է «օկուպացնել» նաեւ Արցախի մշակութային ժառանգությունը։ «Գեղարդ» հիմնադրամի վերլուծաբան, Monument Watch ծրագրի գործառնական պատասխանատու, պատմական գիտությունների թեկնածու, մշակութաբան Հայկուհի Մուրադյանից հետաքրքրվեցինք՝ ադրբեջանական զեղծարարություններն ի՞նչ մասշտաբների են հասել, մշտադիտարկումների արդյունքում ի՞նչ փաստեր են արձանագրել։ «Մենք լավ գիտենք Ադրբեջանի ձեռագիրը, նրա հիմնական նպատակն է՝ ունենալ այդ տարածքներն առանց հայերի ու նաեւ՝ առանց հայերի թողած ժառանգության, առանց որեւէ հայկական հետքի։ Հետեւաբար, էթնիկ զտումից հետո եւ դրանից առաջ՝ 2020-ի սանձազերծած պատերազմի արդյունքում Ադրբեջանը սկսեց ինտենսիվորեն մաքրել հայերի թողած ժառանգությունը եւ դրա համար հստակ մեխանիզմներ մշակեց, որոնք կիրառում է այսօր»,- ասում է Հայկուհի Մուրադյանն ու նշում, որ դրանցից առաջինը, բնականաբար, ֆիզիկական ոչնչացումն է, որը լեգիտիմացվում է Ադրբեջանի նախագահի հովանու ներքո։
«Ադրբեջանի նախագահն ինքն է թելադրում, թե ինչպես կարելի է բռնայուրացնել հայկական ժառանգությունը։ Ֆիզիկապես ոչնչացվում է նախեւառաջ այն ժառանգությունը, որը ստեղծվել է վերջին 3 տասնամյակի ընթացքում՝ համարվելով իբրեւ թե օկուպանտական։ Թեեւ մշակութային ժառանգության, գիտության որեւէ տեսության մեջ կամ որեւէ գիտական շրջանակներում չենք կարող հանդիպել նման եզրի, որ կա օկուպանտական ժառանգություն, կամ ժառանգությունն ունի վաղեմություն։ Այդպիսի եզր չկա, բայց ալիեւյան ռեժիմը, փաստորեն, համարում է, որ այդպես կարելի է, եւ տոտալ ոչնչացնում է Արցախի անկախության շրջանի ժառանգությունը։ Դրա մեջ մտնում են հերոսների կիսանդրիները, արձանները, ցեղասպանության զոհերին նվիրված հուշահամալիրները, առաջին ազատամարտում զոհվածների հիշատակին նվիրված հուշահամալիրները»։
Երկրորդ հիմնական մեխանիզմը գործի է դրվում՝ թիրախավորելով գերեզմանները․ «Որովհետեւ գերեզմանոցները, հատկապես՝ միջնադարյան գերեզմանոցները, այն ապացույցներն են, որ հայերն այստեղ ապրել են դարերով, եւ Ադրբեջանն ուղղակի թիրախավորում ու ոչնչացնում է դրանք։ Արդեն 4 ֆիքսված գերեզմանոց ունենք, որ ամբողջությամբ ոչնչացվել են 2020-ի պատերազմից հետո, եւ 4-ն էլ վտանգված են, որովհետեւ հենց գերեզմանոցին կից անում են շինարարական աշխատանքներ։ Եվ այդ շինաշխատանքների քողի տակ ոչնչացվում են տապանաքարերը, խաչքարերը, գերեզմանոցն ամբողջությամբ։ Այստեղ արդեն այդ հետքի վերացումն ենք տեսնում»։
Հաջորդ՝ 3-րդ մեխանիզմը ոչ թե հուշարձանների ֆիզիկական ոչնչացումն է, այլ դրանց ինքնության փոփոխումը՝ խեղաթյուրումը․ «Այսինքն՝ եկեղեցին, հուշարձանը մնում են, բայց փոխում են ինքնությունը, որ ցույց տան՝ հայկական չեն։ Դրա համար ջնջում են հայկական արձանագրությունները։ Խաչերը, այն ամենը, ինչը կարող է հիշեցնել, որ հայկական է, աղվանացվում են, ուղղափառացվում, ամեն կերպ ինքնությունից զրկվում են, նոր ինքնություն է տրվում, որը նույնպես վանդալիզմ է։ Մենք տեսնում ենք, որ Դադիվանքի, Ամարասի, Գանձասարի, Գտչավանքի դեպքում այս մեխանիզմն աշխատում է, որովհետեւ քրիստոնեական աշխարհը չի կարող հանդուրժել, որ միջնադարյան քրիստոնեական նման եկեղեցիները ոչնչացվեն, բայց ֆիզիկական պահպանությունը դեռեւս չի նշանակում, որ ինքնությունն էլ է պահպանվում, այսինքն՝ ինքնության փոփոխությունը հենց այդ վանդալիզմի մեխանիզմներից մեկն է»։
Հայկուհի Մուրադյանն անդրադառնում է նաեւ շարժական ժառանգության ոչնչացման դեպքերին։ «Այստեղ շարժական ժառանգությունն ուղղակի ենթարկվում է լութինգի, այսինքն՝ գողանում են, հայտնվում է սեւ շուկայում։ Արդեն իսկ կան նման դեպքեր, երբ ադրբեջանցի զինվորները թալանում են թանգարանները, եւ դրանք սեւ շուկայում վաճառվում են»,- ասում է Մուրադյանն ու ընդգծում, որ փաստագրված չունեն նման դեպքերը, բայց եվրոպական մի շարք երկրներում տեղի են ունեցել տարբեր ցուցահանդեսներ, որտեղ տիպիկ հայկական գորգերը ներկայացվել են որպես ադրբեջանական․ «Սա արդեն պետական քաղաքականության արդյունք է, հետեւաբար, նաեւ հասկանում ենք, որ մնացած շարժական ժառանգությունը նույնպես կա՛մ թալանվում է ու ներկայացվում ադրբեջանական, կա՛մ ոչնչացվում է, կա՛մ էլ հայտնվում սեւ շուկայում»։
Ադրբեջանի կողմից կիրառվող էլի շատ մեխանիզմներ կան, որոնք, ըստ վերլուծաբանի, շատ մտածված են ու բազմաֆունկցիոնալ․ «Այսինքն՝ ռեժիմն աշխատում է յուրացման վրա, օրինակ՝ շատ լավ հրատարակություններ, հոդվածներ ունեն, դրանցով այդ կեղծ գիտական թեզերը տարածվում են, ու դրանք դառնում են հիմնական միջոցը՝ միջազգային հանրույթին ցույց տալու համար»։
Ադրբեջանական քարոզչությունն ակտիվ աշխատում է նաեւ Ադրբեջանից դուրս, Հ․ Մուրադյանն օրինակ է բերում լեհ գիտնական Ադամ Պոմիչենսկուն, ով հետազոտել է Արցախի փախստականների մշակութային իրավունքները, լեհերենով գիրք է տպագրել, որի պատճառով Լեհաստանում Ադրբեջանի դեսպանությունն ընկել է նրա հետեւից, սպառնալիքներ ուղղել նրա եւ ինստիտուտի հասցեին․ «Այսինքն՝ Ադրբեջանի դեսպանատունը հետեւում է նաեւ միջազգային գործընկերներին, ովքեր փորձում են զբաղվել Արցախի թեմայով»։
Կարծիքներ