Ցանկանում է որպես սպա ծառայել, բայց օրենքը խոչընդոտում է

Ցանկանում է որպես սպա ծառայել, բայց օրենքը խոչընդոտում է

17-ամյա Մեսրոպ Մեսրոպյանը զինվորական ծառայությունը ցանկանում է որպես սպա անցնել, սակայն օրենքում բացերի հետեւանքով խնդրի առաջ է կանգնել։ Բանն այն է, որ նա ուզում է դիմել «Պատիվ ունեմ» ծրագրին, որի դեպքում՝ համալսարանն ավարտելուց հետո լեյտենանտի կոչումով զինվորական ծառայություն կանցնի՝ որպես դասակի հրամանատար, սակայն ժամկետների հետ կապված խնդիր կա։ Պարզվում է՝ այդ ծրագրին կարելի է դիմել մինչեւ հունիսի 1-ը, մինչդեռ հունիսին երիտասարդը դեռ դպրոցը չէր ավարտել եւ չգիտեր՝ կընդունվի՞ համալսարան, թե՞ ոչ․

««Պատիվ ունեմ» ծրագրին կարողանում են մասնակցել այն երիտասարդները, որոնք ամռանն են ծնվել ու ամառվա հավաքին պիտի մասնակցեն։ Այսինքն՝ եթե մինչեւ հունիսի 1-ը դիմեցիր, նոր հնարավոր է մասնակցել, իսկ Մեսրոպը մինչեւ հունիսը դեռ դպրոցը չէր ավարտել, դրանից հետո պիտի համալսարան դիմեր, հուլիսին նոր միայն համալսարանի քննությունները տվել է։ Ինքը պետք է մայիսին դիմում տար, բայց մայիսի 26-ին է դպրոցն ավարտել։ Պիտի համալսարան ընդունվի, չէ՞, որ դիմի «Պատիվ ունեմ» ծրագրին, եթե չընդունվի, ինչպե՞ս կարող է մասնակցել։ Զինկոմիսարիատում օրենք են բացում, որտեղ գրված է, որ մինչեւ հունիսի 1-ը պիտի դիմի։ Նորմալ եւ օրինաչափ կլինի, որ եթե սեպտեմբերին ընդունվել է համալսարան, սեպտեմբերից հետո դիմի, որ ինքն էլ է ուզում այդ ծրագրին մասնակցել։ Մենք գնացինք զինկոմիսարիատ, բաժնի պետն ասաց՝ Դուք ճիշտ եք ամեն ինչ ասում, բայց ես ոչինչ չեմ կարող ասել։ Ասաց, որ անցած տարի էլի բողոքներ եղան, նախարարն ավելացրեց «Պատիվ ունեմ» ծրագրի աշնանային հավաքը։ Այսինքն՝ նախարարն է որոշում՝ կա՛մ ավելացնում է, կա՛մ չի ավելացնում»,- մեզ հետ զրույցում ասաց Մեսրոպի հայրը՝ Տիգրան Մեսրոպյանը։

Մեսրոպի խոսքով՝ նախորդ տարի նախարարը ժամկետը երկարաձգել է եւ եթե այս անգամ էլ չավելացնի, դա անարդար կլինի․ ««Պատիվ ունեմ» ծրագրով ես պիտի բուհն ավարտեի, 2 տարի եւ 3 ամիս ժամկետով որպես սպա ծառայեի։ Հիմա մեզ խորհուրդ են տվել, որ դիմենք՝ նախարարն էլի ավելացնի, որովհետեւ այս ամենը մի տեսակ անարդար է։ Նախ չգիտենք, ինֆորմացիայի աղբյուր չունենք, թե «Պատիվ ունեմ»-ը երբ է, քանի տարով է, որ օրն է։ Մի բան էլ կա․ որ մինչեւ հունիսի 1-ը ծրագիրը եղել է 3 տարով, հետո դարձել է 2 տարի, 3 ամիս։ Հուլիսի 15-ին է օրենքն ընդունվել։ Այսինքն՝ ես մինչեւ հունիսի 1-ը չգիտեի, որ 2 տարի, 3 ամիս է դառնալու։ Ես պետք է մտածեի, որ 3 տարով կնքեմ, հետո դառնար 2 տարի, 3 ամիս, նոր իմ վրա անդրադառնար, բայց կարող է ես մինչեւ հունիսի 1-ը մտածում եմ, որ 3 տարի է, չեմ դիմում»։

Տիգրան Մեսրոպյանին հարցրինք՝ դիմե՞լ են պաշտպանության նախարարություն, ի՞նչ պատասխան են ստացել։
«Տղաս է դիմում գրել, բայց 10 օրից ավել է՝ ոչ մի պատասխան չի եկել։ Դիմումներն ուղղել է պաշտպանության նախարարին ու վարչապետին, պատասխան չկա։ Մեկն իր անունով է, մյուսը  ուսանողներով միասին են ուղարկել։ Եթե հիմա ինչ-որ մի ձեւով Մեսրոպի զորակոչվելը հիվանդության պատճառով 6 ամիս հետաձգվում է, էդ դեպքում եկող տարվա հունիսի 1-ին դիմում է ու օգտվում է, հասկանո՞ւմ եք՝ մեզ ինչին են դրդում։ Կեղծ հիվանդությունով որ 6 ամիս հետաձգեմ, ամռանը կդիմի, բանակ չի գնա, «Պատիվ ունեմ»-ը ձեռք կբերի ու կշարունակի ուսումը մինչեւ համալսարանն ավարտելը, հետո նոր կգնա»։

Պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանին ներկայացրինք իրավիճակը։ «Գիտեմ, միայն ձեզ չեն դիմում, ինձ էլ են օրական նման մարդիկ շատ դիմում, բայց դա այնպիսի բան է, որ եթե որոշում կայացվի, ապա պիտի միասնական որոշում կայացվի, ամենայն հավանականությամբ՝ կառավարության որոշմամբ կամ, չգիտեմ, նախարարի որոշմամբ, բայց դեռ վաղ է այդ մասին խոսելը, որովհետեւ այդ պրոցեսն արվում է զորակոչից մի քիչ առաջ, քննությունների ընդունման փուլում, հիմա դեռ շուտ է։ Ես հիմա ոչինչ չեմ կարող ասել, որովհետեւ դա շատ հանգամանքներից է կախված, մեկ հանգամանքի հետեւանք չէ»,- ասաց ՊՆ մամուլի խոսնակը։