Հերթական զրպարտությունները՝ վարչապետի շուրթերից

Հերթական զրպարտությունները՝ վարչապետի շուրթերից

Խոսում է Հոկտեմբերի 27-ի ոճրագործությունից եւ ուղիղ մեղադրանքներ է հնչեցնում Ռոբերտ Քոչարյանի հասցեին։ Կա՞ դատավճիռ, կա՞ մեղադրանք, կա՞ն ապացույցներ՝ իհարկե, ոչ։ Դեռեւս մեկ տարի առաջ գործը վերաբացել են, նորից քննություն են ծավալել։ Ավելին՝ իրենց իշխանության կից պատգամավորը՝ Ա․Բաբաջանյանն այցելել էր Նաիրի Հունանյանին եւ հայտարարել էր, որ նա ադեկվատ է, պատրաստ է մասնակցել քննությանը։ Որեւէ արդյունք վերաբացված նախաքննությունն արձանագրե՞լ է։ Իհարկե, ոչ։ Այս գործը 1999-ին քննած եւ ըստ այն ժամանակ տարածված լուրերի՝ նախաքննության գաղտնիքներին եւ հոկտեմբերի 27-ի պատվիրատուների մասին հզոր ապացույցներ տնօրինող Գագիկ Ջհանգիրյանն այսօր Փաշինյանի կողքին է՝ ծառայում է նրան, աջակցում է նրան, իրավական դաշտում ձեռնարկվող բոլոր նախաձեռնությունների ակտիվ հեղինակներից է եւ ենթադրվում է, որ այս ընթացքում պետք է ամեն ինչով աջակցեր այդ գործի քննությանն ու մեղավորների բացահայտմանը։ Եթե չի հաջողվել, ուրեմն չկան ապացույցներ եւ մեղադրանքներն էլ պարզ զրպարտություն են՝ մարդկանց վարկաբեկելուն ուղղված եւ հռետորական նպատակներով արված։

Հաջորդը․ Բադեն-Բադենների, հունական կղզիներում դղյակների, զինվորի հացը ուտելու մասով բոցաշունչ ճառ է ասում՝ մեղադրելով նախկիններին, որ <խուրդել> են 90-ականների մեր հաղթանակը եւ մեր պարտության պատճառը դա է։ Հարց․ քանի՞ գործ է հարուցվել, քանի՞ մարդ է դատապարտվել, քանի՞ հոգու ապօրինի գույքն է բռնագրավվել, քանի՞ գործ կա բանակում կոռուպցիայի հետ կապված, քանի՞ մեղադրյալ ու կալանավորված, քանի՞ զինվորական է մեղադրվել ու դատվել զինվորի հացը գողանալու հետ կապված։ Ոչ մի։ Եթե գեթ մեկ գործ լիներ՝ ապա ամեն օր կմտցնեին մեր աչքը եւ մենք հաստատ կիմանայինք այդ մասին։ Նշանակում է, որ սա էլ պարզ զրպարտություն է՝ վարչապետի շուրթերից հնչող։