Փոխանակ մեր կայացած բանակն օգտագործեինք, բանակը ցրել ենք՝ ջոկատներով կռվել

Փոխանակ մեր կայացած բանակն օգտագործեինք, բանակը ցրել ենք՝ ջոկատներով կռվել

ԱԱԾ նախկին տնօրեն Արգիշտի Քյարամյանը պատերազմի թեժ պահին ազատվում է պաշտոնից, բայց մեկնում է Արցախ, որ «հայրենիքին պիտանի լինի»։ Եվ 30-ը չբոլորած ու մարտական ուղի չանցած ԱԱԾ նախկին տնօրենը հանկարծ հայտնվում է Շուշիում՝ գրեթե հրամանատարի կարգավիճակով։ Շուշին կասկածելի հանգամանքներում թշնամուն «հանձնելուց» երկու ամիս անց նա գնում է Հանրային հեռուստաընկերություն ու Պետրոսի մոտ ի լուր աշխարհի պատմում, թե ինչպես է Շուշիում հանդիպել Սեյրան Օհանյանին, դրանից առաջ՝ Արթուր Վանեցյանին ու նրա ղեկավարած «Հայրենիք» զորախմբին, եւ «մի գնդապետի ու 10 կամավորների հետ» իրենք որոշում են այն բարձունքում տեղակայվել, որտեղ պետք է նաեւ Վանեցյանը լիներ, սակայն գնալ-գալուց հետո հայտնաբերում է, որ «Վանեցյանը տեղակայման վայրում չէ»։ Պարզ չի ասում, բայց ակնարկում է, թե Վանեցյանը փախել էր։ Ո՞վ է այդ անհայտ գնդապետը։

Մենք պարզեցինք, որ խոսքն Աշոտ Բադալյանի մասին է, ով մինչեւ 2018 թ․ եղել է ԱԱԾ պետական պահպանության ծառայության գնդի հրամանատարը եւ պաշտոնից ազատվել է հենց Վանեցյանի օրոք ու Վանեցյանի կողմից։ Բադալյանին խնդրեցինք պատմել, թե ինչ է կատարվել Արցախում։
«Մենք դրա նախորդ իրիկունը պարոն Վանեցյանի հետ եկանք Շուշի, տեղավորվեցինք, հաջորդ առավոտը շուտ մի կերպ հասանք դիրքեր, որովհետեւ ուժեղ գնդակոծություն էր գնում Շուշիում, ու էդ օրը Վանեցյանի ջոկատի մեքենաներից երեքը պայթեցրին։ Մի կերպ հասանք դիրքեր, 50 հոգով էինք՝ պլյուս ես ու ախպերս, հետո 18 հոգի էլ քաղաքից բարձրացան՝ իմ հին ընկերներ, իմ զինվորներ, ընդհանուր դարձանք 70 հոգի։ Քյարամյանը, որ չի տեսել էդ 70 հոգուն, դա էն պատճառով, որ էդ 70-ից համարյա 45-50-ը դիրքավորված էին։ Ու մեր՝ դիրքերից իջնելու հենց հաջորդ առավոտը նոր թուրքերը մտան քաղաք»,- սկսեց պատմել գնդապետ Բադալյանը։

- Իշխանությունն ասում է, որ Վանեցյանը լքել է դիրքը, փախել է, դասալիք է, ու եթե նա իր ջոկատով Շուշիից չհեռանար, Շուշին չէին հանձնի։

- Գիտե՞ք ինչ, ընդհանրապես մարդ, եթե զինվորական կյանքից մի փոքր գաղափար ունենա, կհասկանա, որ բանակում ոչ մի բան ինքնագլուխ չի արվում․ մեկն ասում է, մյուսը՝ անում։ Մարդը հրաման է ստացել, գնացել Շուշի, հետո հրաման է ստացել՝ իջել ու գնացել Ավետարանոցի մոտի պոստը՝ ավելի դժվար ու բարդ տեղ։

- Իսկ ի՞նչ էր անում Շուշիում Արգիշտի Քյարամյանը, ի՞նչ գործառույթ էր իրականացնում, համակարգո՞ւմ էր, թե՞ օգնում էր, ինչո՞վ էր զբաղված։

- Դե, չգիտեմ, երեւի «ասողն» էր, էլի, նաղդ ինքն էնտեղ թելադրող էր, որովհետեւ կամանդույուշչին (ՊԲ հրամանատարը) մեզ ուղարկում է ուրիշ մարդու մոտ, բայց էնտեղ մեզ թելադրողն ուրիշ էր, ինչն իմ համար լրիվ անհասկանալի էր։ Ես զինվորական մարդ եմ, ես տենց բաներ չեմ հասկանում, ես հասկանում եմ, որ գնացել եմ պայմանական Պետրոսի մոտ, ինքն ինձ ասում է՝ գնա մեռի, գնում ենք մեռնելու։

- Իսկ Արգիշտի Քյարամյանը ձեզ ի՞նչ էր ասում։

- Ի՞նձ, ինքն ինձ ի՞նչ կարար ասեր․․․ Գիտեք ոնց, էնտեղ խնդիրներ կային, որ զինվորական ակադեմիա էլ չէ, ինստիտուտի առաջին կուրսի կուրսանտն էդ խնդիրները կտեսներ, ես էլ 30 տարվա ծառայած գնդապետ եմ, ես էլ էի տեսնում ու ես փրփուրներից էլ բռնում էի, որ էդ խնդիրներին ինչ-որ մի մասով լուծում տայի։ Թե ես ում հետ էդ պահին կզրուցեի, իմ համար մեկ էր, տարբերություն չկար, ով հարցը լուծի՝ նրա հետ։ Թե դա Քյարամյանը կլիներ, թե մի հատ փետ, ես կգնայի էդ փետին էլ կխնդրեի, որ էդ հարցը լուծեր։

- Իսկ Քյարամյանը, երբ ձեզ հանդիպեց, չներկայացա՞վ՝ ինքն ով է, ինչի համար է այդտեղ, եկել է, որ ի՞նչ անի։

- Մենք Շուշիի շտաբում ենք առաջին անգամ իրեն հանդիպել, ես մտել եմ շտաբ, տեսել եմ՝ ինքն էնտեղ հրամանատարի հետ նստած է՝ հավասար ձայնով, հավասար իրավունքով խոսում է։ Ես շտաբից կապի միջոց եմ խնդրել, ասել եմ՝ էստեղ վեց տարբեր ջոկատ ա, որոնք ցերեկը կարողանում են իրար հետ գոռալով խոսել, բայց մութն ընկնում ա՝ կաշմառ ա, մի հատ չխկոց ա գալիս, սաղ իրար վրա սկսում են կրակել, ասել եմ՝ մի քանի հատ կապի միջոց տվեք, որ իրար հետ կապ լինի, չէին տալիս։ Բայց Քյարամյանին ասեցի՝ բերեց։ Ուրեմն Քյարամյանն էնտեղ ասող ա, էլի, եղել, որ կամանդիրը չի կարողանում հարցը լուծել, ինքը կարողանում ա։ Բայց, էլի եմ ասում, որպեսզի էնտեղ մենք կարողանայինք տարրական հարցերի լուծումներ տայինք, ես գնացել իրեն ասել եմ՝ կարա՞ս ռացիա տաս, ինքն ասել ա՝ կաշխատեմ բերեմ, ու բերել ա, չորս հատ բերել ա։

- Արգիշտի Քյարամյանն իր հարցազրույցում ասում է, որ երբ Ձեզ հետ բարձրացել են բարձունքում տեղակայվելու, այդ ժամանակ տեսել է, որ Վանեցյանը տեղակայման վայրում չէ, հետո պարզել են, որ Վանեցյանը մեկնել է Ստեփանակերտ։ Ճի՞շտ է ասում։

- Ուրեմն, որ բարձրանում ենք վերեւ, մեր տղերքից («Հայրենիք» զորախմբի տղաների մասին է խոսքը՝ խմբ.) երկուսը բարձրանում են ամենաբարձր դիրքը։ Բարձրանալիս վիրավորվում են։ Ընդ որում, վիրավորվում են ոչ թե բեկորներից, այլ՝ հրազենից, ինչը բացառիկ դեպքերից է։ Այսինքն, էնտեղ կուրորտ չէր, էլի, թուրքը շատ մոտիկ էր, մենք տեսնում էինք իրար, կրակում էինք իրար վրա։ Իսկ որ ասում է՝ Վանեցյանը տեղակայման վայրում չի եղել, բայց Վանեցյանի տեղակալը տեղում է եղել։ Վանեցյանն էլ գնացել էր շտաբ, իր զինվորներին նշանակետերը տվել էր ու իջել կամանդույուշչիի մոտ։

- Պարզապես Քյարամյանի ասածի ենթատեքստն այն է, թե Վանեցյանը դիրքը լքել է, փախել, խուսափել է մարտական գործողություններին մասնակցելուց։

- Դե, դա աբսուրդ ա, չեմ էլ ուզում մեկնաբանել։ Պիտի անպայման հրամանատարը, այս դեպքում՝ Վանեցյանը, առաջին գծում նստա՞ծ լիներ, որ ջոկատն իր առաջադրանքը կատարեր, հա՞։ Իր տեղակալն էնտեղ ա եղել, Վանեցյանն էլ գնացել-եկել ա, ես տեսել եմ իրեն էնտեղ։ Ես գիտեմ, որ ինքը գնացել էր ՊԲ հրամանատարի մոտ, եթե պետք չլիներ, որ ինքը գնար կամանդույուշչիի մոտ, նա իրեն չէր ընդունի։ Էդ օրերին ով էնտեղ եղել ա, գիտի՝ ինչքան դժվար ա եղել ՊԲ հրամանատարին տեսնելը, ամեն մարդ էնտեղ չէր կարա ՊԲ հրամանատարի մոտ մտնել՝ անկախ իր ուսադիրներից։ Վանեցյանը գնացել էր ՊԲ հրամանատարի մոտ հանդիպման, այսինքն՝ իրեն կանչել են, չէ՞, որ գնացել է։ Էդ գիտե՞ք ինչի ա նման, էն, որ զինվորը սկսում է բացատրել, որ գեներալն էսինչ որոշումը սխալ ա կայացրել։

- Նիկոլ Փաշինյանի ու նրա թիմի կողմից այս ընթացքում շատ հնչեց այն թեզը, թե Շուշին կորցրինք, որովհետեւ «Վանեցյանը չկռվեց», Ծառուկյանը չմեկնեց Շուշին պաշտպանելու, մեկ ուրիշը չգիտեմ ինչ չարեց, բայց Արգիշտի Քյարամյանը, որն այնտեղ էր ու հարցեր էր լուծում, օրինակ՝ Ձեզ համար ռացիա էր բերում, նրա գոյությունն այնտեղ ինչո՞ւ չնպաստեց, որ Շուշին չհանձնեին ու չպարտվեին։

- Որովհետեւ հարց լուծելով չեն պատերազմը կրում։ Պատերազմը կրում են սիստեմով, ռեգուլյար բանակով։ Մեր դեմը կռվում էր ռեգուլյար բանակ, որի զինվորների վրա 45 հազար դոլարի հանդերձանք կար՝ իր ռացիաներով, զենքով եւ այլն։ Իսկ մենք փոխանակ մեր կայացած բանակն օգտագործեինք, բանակը ցրել ենք, սկսել ջոկատներով կռիվ անել։ Դե, հիմա գնացեք գերագույն հրամանատարին հարցրեք, թե խի ա տենց արել։ Մովսես Հակոբյանն ասաց, էլի, որ երրորդ օրը կանգնեցրել են բանակի համալրումը։ Ինչո՞ւ են կանգնեցրել։

- Լավ, հիմա, ըստ Ձեզ, Շուշին հանձնեցի՞ն, թե՞ Շուշին ընկավ։

- Ես մի բան կարող եմ հստակ ասել․ եթե հինգ ջահել տղա՝ իրենց զենքերով, մի կլոր տեղ դիրքավորվեն ու հինգն էլ կռիվ անեն, էդ մարդկանց հաղթելը շատ բարդ է, ահավոր բարդ։ Իսկ որ լավ զինվորներ լինեն, համարյա անհնարին։ Ու եթե տեղը եկել ա, որ պիտի կա՛մ կռիվ անես, կա՛մ մեռնես, ստիպված կռիվ ես անում։ Հիմա պիտի կազմակերպեին, որ կռվեին, բայց չեն կազմակերպել։ Ես ամենամեծ խնդիրն էդտեղ եմ տեսնում, որ թե՛ գիտելիքների պակասով, թե՛ կազմակերպչական շատ լուրջ խնդիրներ են եղել։