Փախնել, թե՞ չփախնել…

Փախնել, թե՞ չփախնել…

Հետաքրքիր բան եմ նկատել: Վերջերս Փաշինյանի թիմից ով խոսում է, անպայման հայտարարում է, որ եթե Փաշինյանը չլինի վարչապետ, ինքը կփախնի Հայաստանից: Մասնավորապես այդպիսի հայտարարություններ են արել ԱԺ երկու ամենակուրյոզ դեմքերը՝ Հովիկ Աղազարյանն ու Արման Բաբաջանյանը: Նրանք, իհարկե, չեն ասել «կծլկենք» Հայաստանից: Օգտագործել են շատ ավելի մեղմ բառ՝ կարտագաղթենք, բայց տարբերությունն, իմ կարծիքով, այնքան էլ էական չէ: Եվ ահա մի մարդ, որ այսպիսի թիմակիցներ ունի, իսկ նրանց թիվը հաստատ երկուսից ավելի է, խոսում է այն մասին, որ ինքը փախնող տղա չէ: Մոտավորապես այս ոճի մեջ. «Ես նմա՞ն եմ մարդու, որը կարող է փախնել»: Հավանաբար հասկացաք, որ խոսքը Նիկոլ Փաշինյանի մասին է և Արագածոտնում նրա արած հայտարարության:

Հիշեցնեմ՝ մի առիթով ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն էր խոսել Նիկոլ Փաշինյանին երկրից (թեկուզ ժամանակավորապես) տանելու մասին, դա համարելով ելք՝ Փաշինյանի քանդած երկիրը մի կերպ ի մի բերելու և ներքին անտանելի իրավիճակը հաղթահարելու համար: Տեր-Պետրոսյանի գաղափարը, ըստերևույթին, Փաշինյանի սրտով չէ: Որ երկրից գնա՝ աթոռը պետք է թողնի, հասկանում ես, իսկ նա չի ուզում աթոռը թողնել: Սա է պրոբլեմը, այլապես, Հայաստանում Նիկոլին պահող բան այլևս չկա:  

«Որևէ մեկը չմտածի, թե ժողովրդի կայացրած որևէ որոշումից կփախնեմ։ Եվ դուք ունեք էդ իրավունքը, ժողովո՛ւրդ։ Փախնողները թող մտածեն փախնելու մասին»,- հավելել է Փաշինյանը՝ չմոռանալով հիշատակել ՀՀ առաջին նախագահի 2 «հաջող» փախուստները: Փորձեմ գուշակել. Փաշինյանը, կարծես, նկատի ունի ՀՀ առաջին նախագահի 1998թ. հրաժարականն ու 2008թ. մարտի 1-ին սեփական առանձնատանը փակվելը: Բայց Տեր-Պետրոսյանի «փախուստները» դրանով չեն ավարտվում: Ինչպիսի՞ աղքատիկ հիշողություն Նիկոլի կողմից: Ինչպե՞ս որոկել Լևոն Տեր-Պետրոսյանի կողմից 2012թ. ժողովրդին Ազատության հրապարակում՝ բաց երկնքի տակ, փակ զուգարանների պայմաններում թողնելը և կամ՝ հրաշալի եռյակին «քցե՞լը»: Այսօր, սակայն, ակտուալ չէ այլոց փախուստների մասին խոսելը, որովհետև բեմի վրա կա մեկ առաջնորդ, և այդ առաջնորդը, որ «կրվել» է ամեն ինչ՝ հասարակության համերաշխությունը, պատերազմը, Արցախը, երկրի ինքնիշխանությունը, սահմանադրական կարգը , հոխորտում է, թե ինքը «փախնող տղա չէ»: Է մի փախիր, այսքան վատություն ես արել, դա էլ արա, մնա, որ հանկարծ «գլուխդ ուտեն», դա էլ գրես «նախկինների վրա»: Ախր Տեր-Պետրոսյանը քո լավն է ուզում, որ քեզ տանեն, պատասխանատվությունից ազատվես, աչքից հեռու վայելես կյանքը: Եվ կամ ուրիշ ի՞նչ առաջարկի քեզ Պապին, եթե քո ներկայությամբ ուղղակի հնարավոր չէ որևէ բան անել, նույնիսկ արտահերթ ընտրություն:Ինձ թվում է, որ Արագածոտնի մարզում Նիկոլ Փաշինյանի հայտարարություններից հետո

անհրաժեշություն է առաջացել ավելի առարկայացնել երկրից նրան տանելու մասին խոսակցությունները: Նիկոլը, ինչպես տեսնում եք, մի թեթև դիմադրում է, չի ուզում գնալ, բայց, ինչպես ասում են՝ իր ուզելով չէ: Բացի այդ, ինքն էլ մի քանի անգամ փախել է և այն էլ շատ հաջող: 2008-ին նա ոչ թե փախավ, այլ հողատակ-ջրատակ եղավ՝ իր այնքան սիրած ժողովրդին միայնակ թողնելով «մինչև ատամները զինված Հայոց բանակի» դեմ: Ո՞ւր է Քոչարյան Անդոն, կանչեք, թող հաստատի: Իսկ վերջերս էլ մի պատմություն էր շրջանառվում, թե Սյունիքում, «բայրաքթարի» աղմուկ լսելով, Փաշինյանն իրեն նետել է մարզպետարանի շենքի նկուղը՝ իր ճամփից մաքրելով մեր ու մանուկ, ծեր ու հիվանդ:

Չեմ պնդում, որ եղել է նման բան, բայց փաստ է, որ Փաշինյանն առնվազն փախել է, փախել է Արցախից՝ Հադրութից, Ֆիզուլիից, Ջաբրայիլից, Քելբաջարից, Լաչինից, փախել է նույնիսկ Ստեփանակերտից և Շուշիից: Նա ՀՀ առաջին ղեկավարն է, որ փախել է Արցախի Հանրապետությունից: Թե բա՝ ես նմա՞ն եմ մարդու, որը կարող է փախնել: Իսկ դու նմա՞ն ես մարդու, որ կկանգներ ու կպահեր Արցախը: Շան մսի գնով «ծախեցիր» հայրենիքդ, գնաց, հիմա եկել քաջություն ես խաղո՞ւմ՝ չեմ փախնի: Քեզ նմաննե՞րն են փախել՝ հազարավոր քրեական գործեր շալակած: Ու դեռ պետք է ջանք թափես, որ կարողանաս փախնել: Տեր-Պետրոսյանն իրականում խոսում է քեզ օրենքի տառին համապատասխան երկրից դուրս տանելու և անհրաժեշտության դեպքում վերադարձնելու մասին: Եթե այսքանը չես հասկացել, ուրեմն վիճակդ ավելի ծանր է, քան դու ես կարծում: Հինգ հազար ջահել ես սպանել, տասնյակ հազարների հաշմել, տասնյակ հազարների թողել առանց կերակրողի, Արցախ ենք կորցրել, Սյունիք ենք կորցնում, պետականություն ենք կորցնում. և այսքան բանից հետո դեռ մտածում ես՝ փախնել թե չփախնե՞լ…
Արտահերթ ընտրություններ կանեմ… Իսկ ի՞նչ է փոխվելու դրանով: Բա որ չընտրվե՞ս: ժեխախումբդ պատրաստ է չընտրվելուդ դեպքում «արտագաղթել», փախնել քեզ ոտնատակ տալով, փախնել ամեն տեղից, որ քեզ է հիշեցնում՝ ՔՊ-ից, «Իմ քայլից», ոստիկանությունից, ԱԱԾ-ից, դատախազությունից:

Ախր Հայաստանում նմուշի համար մի իմքայլական գյուղապետ էլ չի մնալու, որ պատմությանը տեղեկություններ փոխանցի Նիկոլ Փաշինյան անունով վարչապետի մասին:
Իսկ ի՞նչ կարելի է ասել Նիկոլ Փաշինյանի՝ նիհիլիստական պոպուլիզմի գլուխգործոց հիշեցնող այս մտասևեռման մասին. «Եթե իմ ժողովուրդը պետք է որոշի, որ ինձ գնդակահարելու է, ես խոնարհ կանգնելու եմ էդ գնդակահարության պատի տակ։ Որևէ մեկը չմտածի, թե ժողովրդի կայացրած որևէ որոշումից կփախնեմ։ Եվ դուք ունեք էդ իրավունքը, ժողովո՛ւրդ»:  Մի անմեղ հարց՝ այդ երբվանի՞ց է ժողովուրդը որոշում՝ ում գնդակահարել և ում ներում շնորհել: Ես, ինչ որ, այնպիսի օրենք չգիտեմ, որ ժողովրդին նման իրավունք է վերապահում: Իշխանությունը Հայաստանում, այո, պատկանում է ժողովրդին, բայց ժողովուրդը դատավոր չէ: Նա ունի պետություն, դատարաններ և դատավորներ, որոնք էլ որոշում են՝ ինչ անել այն վարչապետի հետ, որ ծաղկուն երկրից երեք տարում այսպիսի պոռնոգրաֆիա թողեց սերունդներին իբրև ժառանգություն ու դեռ մտածում է՝ փախնե՞լ, թե՞ չփախնել…