Երասխում ապագա կա՝ թշնամու ուղիղ նշանառության ներքո

Երասխում ապագա կա՝ թշնամու ուղիղ նշանառության ներքո

Երասխում գիշերվա արհավիրքից հետո երեկ կյանքը համեմատաբար հանգիստ էր՝ կրակոց չկար, իրավիճակը հանդարտվել էր։ Գիշերը մինի-պատերազմ էր եղել այստեղ։ Երբ այցելեցինք գյուղ՝ ամենաանհանգստացնող բանը կիզիչ արեւն էր, որ այրում էր։ Դրա համար էլ դրսում մարդ դժվար էր գտնելը, հիմնականում լրագրողներ էին, որոնք դռները թակելով՝ փորձում էին մարդկանց խոսեցնել։ Իսկ տներում կա՛մ մարդ չկար, կա՛մ հատուկ դուրս չէին գալիս՝ իմանալով, որ լրագրողներ են եկել իրենց գյուղ։ Տպավորություն էր, որ բնակիչներին հրահանգված է չխոսել լրագրողների հետ։ Առհասարակ, երեկվանից այս իշխանություններն ինֆորմացիոն բլոկադայի են ենթարկել հասարակությանը։ Մի կենդանի շունչ, մի աշխատող գերատեսչություն չկա, որ նորմալ բան ասի Երասխի կրակոցների եւ Նախիջեւանի սահմանին իրավիճակի մասին։ 

Իսկ գյուղից քիչ հեռու գտնվող դիրքերում արդեն 4 օր է՝ փոխհրաձգություն է։ Ասացին՝ թշնամին փորձում է առաջխաղացում ունենալ եւ գրավել իր համար ձեռնտու դիրքերից մեկը։ Ամենաթեժը եղել է հուլիսի 19-ի լույս 20-ի գիշերը։ Ադրբեջանական զինուժը մեր դիրքերի ուղղությամբ օգտագործել է նռնականետ, այլ ծանր զենքեր, ասացին՝ այնպիսի տարօրինակ զենքերով էին կրակում, որոնց հետեւանքով դիրքերում հրդեհ է բռնկվել, ինչը դժվարությամբ են հանգցրել։ «Ամեն ձեւի զենքով էլ կրակում էին»,- ասացին բնակիչները, որոնք դժվարությամբ էին համաձայնում, բայց խոսելիս էլ բլբուլ էին կտրում։ Մի կին, օրինակ, չցանկանալով խոսել՝ սկսեց իր գոհունակությունը հայտնել իրենց գյուղապետ Ռադիկ Օղիկյանից, որը գնացել էր դիրքեր՝ կրակը հանգցնելու, ու վիրավորվել էր, Արարատի մարզպետ Ռազմիկ Թեւոնյանից, որն «ամբողջ գիշեր գնացել-եկել է, փորձել է օգնել՝ ինչով կարող է», ՔՊ-ական իշխանություններից ու անձամբ Նիկոլ Փաշինյանից, որի թեթեւ ձեռքով այսօր թշնամին հարձակվել է Արարատի մարզի վրա։ Թշնամու ուղիղ նշանառության տակ եւ Ադրբեջանի դրոշի «բարձր հովանու» ներքո բնակվող տիկինը խոստովանեց՝ ամբողջ գյուղը Նիկոլին է ձայն տվել։ «Էս կռիվն էլ եթե Սերժի օրոք լիներ, հիմա եկել գյուղը գրավել էին»,- հայտարարեց տիկինը։

Նրա խոսքից հասկացանք, որ կարծում է, թե Նիկոլի օրոք դիմադրում են, գյուղապետը կրակ է հանգցնում, մարզպետը գնում-գալիս է, ռուսական զորքն էլ խաչմերուկին կանգնած է՝ դժվար թե գրավեն։ Տիկինը չէր հավատում, որ Նիկոլ Փաշինյանը կհանձնի Երասխը, այնպես, ինչպես չէր հավատում, որ Շուշին, Հադրութը, Արցախի 75 տոկոսն է հանձնել։ Նա անվերապահորեն վստահում է վարչապետին։ Տիկնոջը խաղաղություն մաղթեցինք։

Տարածքում ռուսական պետհամարանիշներով ռազմական մեքենաներ էին շրջում, խաչմերուկին՝ մի շենքի մեջ, ռուսական զորքն էր տեղակայվել՝ շենքի գլխին ռուսական դրոշ, նաեւ ՀՀ ռազմական ոստիկանության, ԱԱԾ-ի եւ ՊՆ-ի ներկայացուցիչներ էին գնում-գալիս եւ մի ոստիկան՝ գյուղի տեսուչը։ Նա, տեսնելով, որ լրագրողներ ենք, մոտեցավ եւ խորհրդավոր ձայնով խնդրեց հետեւել իրեն, որ մեզ տանի անվտանգ վայր՝ թշնամու աչքից հեռու, եւ բացատրի՝ տարածքը չի կարելի նկարել։ Հետո մեր մեքենայի պետհամարանիշները գրանցեց իր մոտ, որ «վերեւներին» զեկուցի։

Ապա ինչ-որ տղամարդիկ մոտեցան, չներկայացան, բայց հայրենասիրական տոնայնությամբ սկսեցին մեզ հորդորել՝ հանկարծ դիրքերը չնկարեք։ Մեզ ասացին՝ TV-ներից մեկի օպերատորին կանգնեցրել ու ստիպել են նկարածը ջնջել։ Թե ինչու՝ ոչ ոք չէր կարողանում հիմնավոր բացատրել։ Ճանապարհի հենց կողքին, բլրի վրա դեմ-դիմաց՝ երեւի 5 մետր հեռավորության վրա, Հայաստանի եւ Ադրբեջանի դրոշներն էին։ Այսինքն՝ նույն սարի վրա կողք-կողքի, եւ ամբողջ գյուղը գտնվում էր թշնամու ուղիղ դիտարկման ու նշանառության տակ։ Մենք ինչ էլ նկարեինք, իրենց համար դա նորություն չէր լինելու՝ իրենք հաստատ շատ ավելի հզոր տեխնիկայով են նկարում այդ ամենը։ Նաեւ, ինչպես ափի մեջ, տեսնում են մեր ամեն շարժը։ Ոչ թե զենքով՝ անգամ քարով կարող են խփել ու վնասել Երասխի փողոցով անցնողներին։ Բայց մեր իշխանությունների համար իրական թշնամին ոչ թե սահմանին գտնվող ադրբեջանցի զինվորն է՝ զենքը ձեռքին, այլ տեսախցիկն ու ձայնագրիչը ձեռքին հայ լրագրողը։

Գյուղում շրջելուց եւ փակ դռներ նկարելուց հետո մի կերպ գտանք մի կենդանի շունչ-արարած, որը մեզ ասաց՝ ճանապարհի մյուս կողմում էլ, որտեղ ռուսական զորքն է տեղակայված, դարձյալ տներ կան, եւ հիմնականում դրանք են եղել կրակի տակ, փոխհրաձգությունն այդ տների հատվածում է եղել։ Որոշեցինք քայլել այդ կողմ՝ անցնելով ռուսական զորքի ու ՌԴ դրոշի կողքով։ Ռուս զինվորները մեզ չկանգնեցրին։ Հասանք տներին ու սկսեցինք մարդ փնտրել, որ զրուցենք։ Բակերում մարդու շունչ չէր երեւում, թեպետ դռները բաց էին, մեքենաներ կային կանգնած։ Դրանից առաջ մեզ բնակիչներից ասել էին, որ իրենք գյուղը չեն լքել, միայն ոմանք երեխաներին, կանանց ու հարսներին են գիշերը տարհանել։ 

Մոտեցանք մի տան, որի բակում արեւին պառկած շները, մեզ տեսնելով, ակտիվացան ու վրա տվեցին։ Շների հաչոցների վրա մի կին դուրս եկավ ու ասաց՝ «ես էստեղի բնակիչ չեմ, ես ոչինչ չգիտեմ, ինձ մի նկարեք, ես ոչ մի բան չեմ տեսել»։ Տիկնոջ չեմուչումերը լսելուց հետո շարժվեցինք առաջ։ Ճանապարհին ԱԺ պետհամանիշներով մեքենա հանդիպեցինք՝ գնում էր դիրքերի ուղղությամբ։ Տեսանք՝ Արարատի մարզպետ Ռազմիկ Թեւոնյանի որդին է՝ իմքայլական պատգամավոր Սեդրակ Թեւոնյանը։ Քշեցինք նրա հետեւից, հասանք հայ զինվորներին։ Մոտեցան մեզ, խնդրեցին առաջ չշարժվել, որ չհայտնվենք դիտարկման գոտում, եւ դարձյալ՝ դիրքերը չնկարել։ Ցանկացանք պատգամավոր Թեւոնյանի հետ խոսել, որը, սակայն, չիջավ մեքենայից, միայն պատուհանից ջուր փոխանցեց մեր զինվորներին եւ շարժվեց առաջ՝ հավանաբար, դեպի հաջորդ դիրքը։

Այցելեցինք նաեւ գյուղապետարան, որտեղ երկու աղջիկ էին նստած։ Հետաքրքրվեցինք գյուղապետի առողջությամբ, ասացին՝ «Աստղիկ» ԲԿ-ում է գտնվում, վիրահատել են, հիմա իրեն լավ է զգում։ Հարցին՝ գյուղացիները որեւէ հարցով դիմե՞լ են գյուղապետարան, ասացին՝ ոչ։ Երասխում շրջայցն ավարտելուց հետո որոշեցինք այցելել նաեւ Տիգրանաշեն՝ առավել հայտնի որպես Քյարքի։ Այստեղ եւս լրագրողների հետ խոսող շունչ-արարած գտնելը բարդ բան էր։ Մի տան բակում միայն երկու երիտասարդի հանդիպեցինք։ Տանն էլի մարդիկ կային։ Սակայն բոլորը հրաժարվեցին տեսախցիկի առջեւ խոսելուց։ Միայն տղաներից մեկը պատմեց, որ որոշ ժամանակ առաջ անիմաստ աղմուկ բարձրացրին, թե Տիգրանաշենը հանձնում են, եկան լրագրողները, նկարեցին, ու որեւէ բան էլ չեղավ։ Ասաց՝ թշնամուն իրենք այդքան մոտ չեն, որքան իրենց հարեւան Պարույր Սեւակ համայնքը կամ Երասխը։ Ցույց տալով դիմացի սարը՝ ասաց, որ այս սարն է հիմնականում իրենց պահում, դրա համար Երասխում հնչող կրակոցներն էլ չեն լսել․ սարը խլացնում է ձայները։ Վերադարձանք Երեւան՝ ճանապարհին ուշադիր զննելով մեր եւ թշնամու դիրքերը ու խորհելով, թե ինչ ապագա է սպասվում հայրենիքի մեր այս հատվածին։