Պատառիկներ՝ Երվանդ Մանարյանի հետ զրույցներից

Պատառիկներ՝ Երվանդ Մանարյանի հետ զրույցներից

Մեր հաճախակի այցերը Երվանդ Մանարյանին կարճ են լինում: Վարպետը շուտ է հոգնում, զրույցները պատառիկներով են ստացվում: Մենք գրանցել ենք այդ պատառիկները: 
Ահա դրանցից մի քանիսը:

…21-րդ դարն ունիվերսալ դերասանի դարաշրջան է: Մամուլից տեղեկացա, որ շուտով կգործի «Սոմա» պլաստիկ հետազոտությունների թատրոն-լաբորատորիան, որտեղ երիտասարդ դերասանները կզարգացնեն իրենց մարմնի ճկունությամբ արտահայտվելու կարողությունը դրամատիկ եւ երաժշտական թատրոններում: 
Ստեղծվելու է «Լոգոս լաբ» լաբորատոր հարթակը, որտեղ քննարկվելու է խոսքի կշիռը՝ գաղափարը, բառապաշարը, լեզվական որակները: Ընդգրկվելու են հոգեբաններ, լեզվաբաններ, դերասաններ, գրողներ, այլ մտավորականներ, որոնց քննարկումից հետո միայն նյութը տրամադրվելու է բեմադրողին: Սա առավել պատասխանատու եւ ժամանակակից մոտեցում է: Ի դեպ, այս ամենն առաջին հերթին հեռուստասերիալների համար է: 

…Բեմարվեստում նորարարությունը նորույթ չէ: Բոլոր թատրոններում այդ ամենի տարրերը եղել են ու կան: Սակայն որպես հիմնախնդիր՝ մեզ մոտ չեն շեշտադրվել: 30 տարի առաջ ունիվերսալ նորարարական լուծումներով աչքի ընկավ Տիգրան Լեւոնյանը, այն էլ՝ «ծանր հրետանի» համարվող օպերային թատրոնում: Խիզախ նախաձեռնություն էր. պատերազմի դժվար տարիներն էին: Բեմադրվեցին չորս թարմաշունչ օպերաներ: Բոլորում երգային եւ պարային կատարումներն ու տեսարանները միեւնույն ընդգծվածությունն ունեին: Եվ քանի որ Տիգրան Լեւոնյանը նաեւ խոսքի վարպետ էր (նրա հայերենի ուսուցիչը Լեւոն Շանթն է եղել), հղկել էր լեզվաարտահայտչական որոշ պահեր: Նաեւ, որպես նկարիչ, Տիգրան Լեւոնյանը նկարչա-դիզայներական նորույթներ ներմուծեց: 
Ցավոք, նշածս հաջողության ընթացքն ընդհատվեց 1998-ին: Անկրթությունը, հետամնացությունը, ընչաքաղցությունը սկսեցին մշակույթը նույնպես հնձել: Մտածելու, ազատ արտահայտվելու, երեւակայություն զարգացնելու կարողությունից զուրկ միջակության իշխանությունը ձեւավորեց գաղջ, փակուղային իրավիճակ: Տիգրան Լեւոնյանը դուրս մղվեց թատրոնից, բեմադրությունները, մեղմ ասած, խոտանվեցին: Իսկ երկու տող խոսքը՝ «Այս իշխանությունները նման են կոկորդիլոսի: Կոկորդիլոսի համար մարդը շարժվող կեր է», դարձավ Տիգրան Լեւոնյանի կարապի երգը: 

…Տարիներ առաջ արտերկրից Երեւանի օպերային թատրոն վերադարձավ 1970-ականներին «Սպարտակ» բալետի գլխավոր դերակատարներից մեկը՝ արդեն բալետմայստեր Ռուդոլֆ Խառատյանը: Որպես ժամանակակից բալետի նորարար, նա մի քանի մոդեռն փոքր բալետ բեմադրեց: Ցավոք, բալետային կտավները երկար կյանք չունեցան: Բեմական նոր միտք, բալետային նոր շարժուձեւ ամրագրելու համար երիտասարդ պարողներից գիտակցական, ֆիզիկական անմնացորդ նվիրվածություն եւ եռանդ պահանջվեցին: Երկրում տիրող համատարած սոցիալական անորոշությունը թույլ չտվեց պահել նվիրվածության բարձր շեմը:
Լսել եմ, որ Ռուդոլֆ Խառատյանը հիմա արվեստների եւ արհեստների քաղաք Գյումրիում է, ժամանակակից պարի կենտրոն է հիմնում: Գուցե հենց սա է լինելու Գյումրիի ապագա թատերական հարթակը…

…Մետրոպոլիտենի կայարանի մուտքում հայտնի բեմադրության կապակցությամբ` թատերական ոլորտում, թերեւս, միտում է ձեւավորվել. այն, ինչ անհասկանալի է, սատանայական է: Իմ պատկերացմամբ՝ «սատանայական» բառը ծայրահեղ զգացմունքահոգեբանական դրսեւորում է՝ հիպնոս, որը լավ բանի չի բերի: Ինձ համար սատանայական էր, երբ Զվարթնոց տաճարի ավերակների վրա խրախճանք սարքեցին: Սատանայական է, երբ Գառնի-Գեղարդ տանող ճանապարհին խորովածի անհամար  մանղալներ հայտնվեցին:

Հակված եմ մտածելու, որ «սատանիզմ» բառի բովանդակությանը կուսակցածին «շիճուկ» են պատվաստել, հնչեցնողները քաղաքական խնդիր են փորձում լուծել: 
Կարող եմ պնդել, որ մասնագիտության բերումով հանդիսատեսին քիչ թե շատ լավ եմ ճանաչում: Թատրոնի հանդիսատեսը պարզ մարդ է, «իզմ»-երով չի արտահայտվում, այլ անմիջական տպավորություններով: Ուստի սպասում եմ տվյալ միջադեպի բովանդակային եւ մատուցման ձեւի վերլուծությանը ոլորտի մասնագետ-մտավորականների կողմից: Բայց… չգիտես ինչու, ուշացնում են: Այստեղ է, որ թատերական հարթակները բեմական ոլորտը կարգավորելու լուրջ խնդիր ունեն: 

Մարտին եւ Արամայիս ԱՍԼԱՆՅԱՆՆԵՐ