Ավանեսյանը թոշակառու ոստիկանների բուժման համար նախատեսված հոսպիտալի փակումը համարում է «դուբլիկացիոն գործառույթների վերափոխում»

Ավանեսյանը թոշակառու ոստիկանների բուժման համար նախատեսված հոսպիտալի փակումը համարում է «դուբլիկացիոն գործառույթների վերափոխում»

Առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանը հույս ունի, որ մի քանի ամսից Քովիդ19 կենտրոնի վերածված «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» պետական բժշկական կենտրոնը կվերապրոֆիլավորվի և կվերադառնա իր բուն գործունեությանը։ 

Նա նաև անդրադարձավ Հայաստանի ոստիկանության բժշկական վարչության հոսպիտալի լուծարմանը։

«Ավանի ոստիկանական հոսպիտալը տարբեր նախարարությունների դուբլիկացիոն գործառույթները վերափոխելու այդ տեսլականի շրջանակներում բերվեց և միացվեց «Գրիգոր Լուսավորիչ» կենտրոնին», - «Ռեդիսոն Բլու» հյուրանոցում բուժաշխատողների հետ հանդիպմանն ասաց Անահիտ Ավանեսյանը, պատասխանելով հանդիպման մասնակիցներից մեկի հարցին։

Նրա խոսքերով՝ եթե ոստիկանությունն իր շրջանակներում բժշկական օգնություն տրամադրի, «այլ նախարարություններն իրենց կազմում, ստացվում է, որ մենք էլ մեր կազմում ինչ-որ ոստիկանական համակարգ պետք է ունենանք՝ խնդիրներ լուծելու համար»։

Ըստ նրա՝ այս փոփոխությունն ուղղված էր հստակեցնելուն։ «Արդեն ավարտված է գործընթացը, ամբողջ գույքը հանձնված է «Գրիգոր Լուսավորիչ» կենտրոնին, որը դեռևս կշարունակի մնալ որպես Կովիդ կենտրոն», - նշեց Ավանեսյանը։

«Հույս ունեմ, որ կառավարելի կովիդով վիճակը կպահպանվի։ Բայց ինչքան էլ պահպանվի, ես կարծում եմ, որ մենք դեռ, միևնույն է, մի քանի ամիս էլ կմնա մասնագիտացված կենտրոնի պահպանումը։ Դեռ ունենք առաջիկայում ընտրություններ, դեռ սեպտեմբերին նոր ուսումնական տարվա սկիզբ։ Կարծում եմ՝ այս հանգամանքները, միևնույն է, խթանելու են, [քովիդի] հաջորդական ալիքներ լինելու են։ Աստված տա, որ դրանք լինեն շատ մեղմ, փոքր կառավարելի», - հավելեց առողջապահության նախարարի պաշտոնակատարը։

Ավանեսյանը հույս հայտնեց, որ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչը» մի քանի ամսից կվերապրոֆիլավորվի, կանցնի իր բուն գործունեությանը։ «Այս ընթացքում շատ դժվար էր, որ այս հիվանդանոցը կրում էր այն սոցիալական բեռը, որ մյուս հիվանդանոցները վերցրեցին իրենց վրա։ Մենք բոլոր ուղղություններով ունենք հիվանդացության աճ, մենք ունենք առողջապահական համակարգի վրա ավելի ու ավելի աճող բեռ։ «Լուսավորիչը» պետք է վերադառնա իր բուն գործունեությանը, պետք է դառնա բազմապրոֆիլ բժշկական կենտրոն։ Ուրախությամբ պետք է ասեմ, որ վերաբացվելուց հետո այն զարմացնելու է շատ շատերին, հպարտությամբ չգիտեմ, շատ մեծ ուրախությամբ պետք է նշենք, որ լինելու է օրինակելի պետական բժշկական կառույց, որը ամբողջովին վերափոխվել է», - եզրափակեց նա։

Հիշեցնենք, որ 2020 թվականի փետրվարի 27-ին Հայաստանի ոստիկանության բժշկական վարչության հոսպիտալի աշխատակիցները բողոքի ակցիա էին իրականացրել՝ պահանջելով չփակել հաստատությունը։ Մեծամասամբ թոշակառու ոստիկանները նշել էին, որ եթե հոսպիտալը փակվի, իրենք այլ բուժվելու տեղ չեն ունենա։