2 միլիոնի պատճառով չեն ցանկացել անհանգստացնել ավագանուն
Երեկ Գյումրի համայնքի ավագանու հերթական 7-րդ նստաշրջանի առաջին նիստը փոքր-ինչ լարված ընթացավ․ զեկուցվող հարցերից մեկը երկար քննարկումների տեղիք տվեց, եւ նախագիծն այդպես էլ չհաստատվեց ավագանու կողմից: Ավագանին համաձայնության չեկավ Գյումրիում հուլիսի 27-ին կայացած «Ֆեստիվառ» երաժշտական փառատոնին 2 միլիոն 434 հազար դրամ աջակցման նպատակով դրամական միջոցներ հատկացնելու որոշմանը։ Նախ ավագանու անդամների համար տարօրինակ էր փառատոնն անցկացնելը, հետո նոր գումար հատկացնելը:
Քաղաքապետի խորհրդական Լենա Ջիլավյանը զեկույցում նշեց, թե 2 միլիոն 434 հազար դրամ գումարը վարձակալած տաղավարների համար է, որոնք նախատեսված էին ցուցահանդես-վաճառքների համար:
«Բոլորդ մասնակցել եք, շատ հաճելի միջոցառումներ տեղի ունեցան, բավականին փոխվեց քաղաքացիների կծկված վիճակը, ուրախացան, շատ լավ զգացին, բայց այդ լավ զգալու հետ մեկտեղ պետք է կատարվի որոշակի ծախս»,-ասաց նա։
Նախագծին հատկապես ընդդիմացան ՔՊ-ական ավագանու անդամները՝ պնդելով, որ նշված գումար տրամադրելու համար հիմնավոր պատճառ չկա, որպես հիմնավորում՝ համայնքապետարանը ներկայացրել է մի փաստաթուղթ, որը տրամադրված է Հանրային հեռուստաընկերության կողմից, որտեղ ոչինչ գրված չէ։
Ու մինչ քաղաքապետ Վարդգես Սամսոնյանն արդարացավ, թե «Ֆեստիվառը» Հայաստանի Հանրապետության երեք քաղաքներում է տեղի ունեցել, իրենք էլ նույն սկզբունքով, նույն պայմանագիրն են կնքել, ՔՊ-ականները հակադարձեցին՝ ակնարկելով կոռուպցիոն ռիսկ․ «Ստացվում է՝ մեկ անձից գնո՞ւմ, չէ՞»։
«Դուք առանց ավագանու համաձայնության ինչո՞ւ եք պայմանագիր կնքել, կամ մենք հիմա չենք հաստատում, ո՞նց եք այդ փողերը տալու»,-քաղաքապետին հարցրեց նորընտիր ՔՊ-ական ավագանու անդամ Վովա Հակոբյանը։
Սամսոնյանն էլ արդարացավ, թե հաշվի առնելով, որ միջոցառումը տարբեր տարիներին կազմակերպվել է, շքեղ լավ միջոցառում է եղել, վստահ են եղել, որ ավագանին կողմ կքվեարկի։
Քաղաքապետի խորհրդականն էլ հավելեց, թե քանի որ այդ ընթացքում ավագանին արձակուրդում էր, 2 միլիոնի պատճառով չեն ցանկացել անհանգստացնել ավագանուն ՝ համարելով, թե արտահերթ նիստի անհրաժեշտություն ևս չկա։
Նշենք, որ «Ապրելու երկիր» եւ «Զարթոնք» խմբակցությունների ավագանու անդամները ևս դիտողություն արեցին՝ հիշեցնելով, որ դեռ օգոստոս ամսին տեղի էր ունեցել ավագանու արտահերթ նիստ, բայց այդ հարցը, չգիտես ինչու, քննարկման չի էլ դրվել։
«Իրավունք չունենք հավանություն տալ անցյալում տեղի ունեցած մի գործողության, այն էլ՝ անհապաղ մեկ անձից գնում կատարելուն»,- պատճառաբանեցին ավագանու անդամները՝ հրաժարվելով գումար հատկացնել արդեն իսկ կայացած միջոցառման համար։
Հիշեցնենք, որ «Ֆեստիվառ»-ի շրջանակում՝ Գյումրիում բացօթյա մենահամերգով հանդես եկավ Թաթա Սիմոնյանը, որին ներկա էր նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ կնոջ հետ։
Կարծիքներ