Հիմա էլ Այրվածքաբանության կենտրոնն են լուծարում

Հիմա էլ Այրվածքաբանության կենտրոնն են լուծարում

Առողջապահության նախարարությունը որոշել է լուծարել Այրվածքաբանության ազգային կենտրոնը եւ այն միավորել Մաշկաբանության ազգային կենտրոնին։ Նման մտադրություններ կային դեռ Արսեն Թորոսյանի ժամանակ, սակայն նախարարությունը, բախվելով մասնագիտական հանրության եւ կենտրոնի աշխատակիցների դժգոհություններին, այն ժամանակ նահանջեց՝ հետաձգելով դրա իրականացումը։ Արսեն Թորոսյանի սկսածն այժմ Անահիտ Ավանեսյանն է ուզում ավարտին հասցնել։ Մենք փորձեցինք կապվել կենտրոնի տնօրենի հետ եւ պարզել նրա դիրքորոշումը, սակայն տնօրեն Արթուր Բերբերյանն իր օգնականի միջոցով փոխանցեց, որ այս հարցով նախարարություն դիմենք։ 

Առողջապահության նախարարի խոսնակ Հռիփսիմե Խաչատրյանը մեզ հետ զրույցում ոչ թե լուծարում, այլ միավորում անվանեց այդ գործընթացը։ «Լուծարման մասին խոսք չկա, միավորման մասին է խոսքը։ Նպատակն ավելի ընդլայնված, ավելի համապարփակ բուժօգնություն մատուցելն է։ Միավորվում է Մաշկաբանության ազգային կենտրոնի հետ»,- ասաց խոսնակը։ Սակայն ակնհայտ է, որ շենքն են ուզում վերցնել։ Հարցրինք՝ տեղյա՞կ են կենտրոնի աշխատակազմի դիրքորոշմանը, կոլեկտիվը համաձա՞յն է այդ միավորմանը։ Խոսնակի կարծիքով՝ կենտրոնի աշխատակազմը շատ «աշխատանքային է տրամադրված»․ «Լրիվ աշխատանքային են տրամադրված՝ նոր ծրագրեր իրականացնելու ներուժով, լավ են տրամադրված, բավականին էնտուզիազմով լեցուն պատրաստ են աշխատանքի։ Ես այս պահին կարող եմ ասել, որ որեւէ ընդվզման չենք հանդիպել, հակառակը՝ բավականին լավ, աշխատանքի հանդեպ ունեցած իրենց պատրաստակամությամբ քննարկումներն անցել են, մարդիկ պատրաստ են աշխատելու»։ Խոսնակին հարցրինք նաեւ՝ միավորման հետեւանքով հաստիքների կրճատում, աշխատակիցների թվի նվազում լինելո՞ւ է, ասաց, որ այս պահին նման ինֆորմացիայի չի տիրապետում։ Նաեւ չէր տիրապետում, թե միավորումից հետո որ շենքում՝ այրվածքաբանականի՞, թե՞ մաշկաբանականի շենքում է գործելու նոր կառույցը։

Թեեւ խոսնակը վստահեցրեց, որ այրվածքաբանականի աշխատակիցները մեծ խանդավառությամբ ու լավ տրամադրություններով են ընդունել միավորման մասին լուրը, սակայն պարզվեց, որ իրականությունը ճիշտ հակառակն է։ Կենտրոնի բժիշկներից մեկը մեզ հետ զրույցում խիստ զարմացավ, թե նախարարությունը ե՞րբ է իրենց դիրքորոշումը հարցրել,  որտեղի՞ց գիտեն, որ իրենք կողմ են, որ նման բան են հայտարարում։

«Ո՞վ է ձեզ նման բան փոխանցել։ Նախ՝ աշխատանքային կոլեկտիվն ընդհանրապես տեղյակ չի եղել նման կտրուկ փոփոխությունների մասին։ Խոսակցությունները բավական երկար ժամանակ եղել են, որ միավորում են Մաշկաբանական դիսպանսերի եւ Մարաշի տրավմատոլոգիայի կենտրոնի հետ։ Հետագայում պարզվեց, որ տրավմատոլոգիան առանձնացել է, մնացել ենք մենք ու Մաշկաբանական դիսպանսերը։ Մեզ մի 2 օր առաջ տեղեկացրին, որ մեր հիվանդանոցը լուծարում են, մեր հիվանդանոցը եղած կադրերով միանում է մաշկաբանականին, իսկ այրվածքաբանության բաժինը տեղափոխում են «Գրիգոր Լուսավորիչ» հիվանդանոց։ Փաստորեն, մեր հիվանդանոցը դադարում է գոյություն ունենալ։ Նախ՝ մեր կարծիքը չեն հարցրել, երբ փոխնախարարը եկավ հանդիպման, մեզ կոնկրետ որեւէ բան չառաջարկեց, ասաց, որ սա ծրագիր է, ես եկել եմ հանդիպման։ Հետո պարզվեց, որ այն, ինչ ներկայացվում էր որպես ծրագիր, իրականում արդեն արվում է։ Կոլեկտիվը շատ դժգոհ է նման որոշումից, որովհետեւ տասնյակ մարդիկ կորցնում են իրենց աշխատանքի տեղը, ամբուլատորիայի բժիշկներն ընդհանրապես դուրս են մնում ոլորտից, իսկ այրվածքների բաժինը տեղափոխում են «Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն՝ առանց հաշվի առնելու աշխատողների կարծիքը»,- ասաց բժիշկը։ Նրա խոսքով՝ բոլոր աշխատակիցները դեմ են այդ որոշմանը․ «Բոլորն են դեմ, ոչ թե մեկը։ Ձեզ թյուր կարծիք են ներկայացրել։ Նախ՝ ո՞վ է մեզ հետ հանդիպել, մեր կարծիքը հարցրել։ Փոխնախարարը եկել է ոչ թե մեր կարծիքը հարցնելու, այլ ընդամենը հանդիպման, որի ժամանակ մենք բազմաթիվ հարցեր ենք իրեն ուղղել, եւ փոխնախարարի հիմնավորումը եղել է այն, որ մասնագիտական ծառայությունը, այսինքն՝ այրվածքով հիվանդի սպասարկումը, մեծ կենտրոնում կապահովվի մյուս նեղ մասնագետներով։ Մերոնք հարց բարձրացրին՝ չէ՞ որ տարիներ շարունակ կենտրոնը նման խնդիր չի ունեցել, երբ կարիք է եղել, դրսից հրավիրել ենք մասնագետների։ Պատերազմների ողջ ընթացքում, կենցաղային այրվածքների, կհիշեք՝ հրապարակում փուչիկների պայթյունի դեպքը, մեր ծառայությունը եղել է շատ բարձր մակարդակի, եւ կան բազմաթիվ լավ ծրագրեր, որոնք կյանքի կոչելու նպատակ ունենք։ Վերջին 1 տարվա ընթացքում մեր աշխատավարձերը բազմաթիվ անգամ նվազեցրին՝ բժշկի աշխատավարձը հասցնելով նվազագույնի։ Նման պայմաններում մենք աշխատում ենք, բայց հիմա դրված է մեր լինել-չլինելու հարցը»։ 

Նա նաեւ ընդգծեց կենտրոնի նշանակությունը Հայաստանի համար, որը պատերազմական իրավիճակում գտնվող երկիր է։ «Ափսոս է, նման կենտրոնները քաղաքակիրթ երկրներում գտնվում են ոչ թե առողջապահության նախարարության ենթակայության ներքո, այլ ԱԻՆ-ի։ Մենք պատերազմական վիճակում ենք, վերջին դեպքերը ցույց են տալիս, որ մեր ծառայությունը շատ անհրաժեշտ է պատերազմական վիճակում գտնվող երկրին, իսկ եթե սարքեն բաժին, այն կդադարի ինքնուրույն միավոր՝ կենտրոն լինել։ Այստեղ սոցիալական հարցեր էլ կան»,- եզրափակեց բժիշկը։