Ալիևի վիրտուալ դրածո մարիոնետը

Ալիևի վիրտուալ դրածո մարիոնետը

Armenia.az լրատվական կայքի հրապարակած հոդվածում Ադրբեջանի նախագահ Ի.Ալիևն այսպես կոչված «Քելբաջարի շրջանի ՏԻՄ» նորանշանակ ղեկավար Ա.Գոջաևի հետ տեսակապի ձևաչափով կայացած հանդիպմանը հայտարարել է, որ «Քելբաջարը հանդիսանում է ԱՀ-ի ամենագեղեցիկ անկյուններից մեկը և ցավում է, որ այնտեղ և Ադրբեջանի այլ բռնազավթված տարածքներում գտնվող ադրբեջանական գրեթե բոլոր պատմական հուշարձանները ոչնչացվել կամ այրվել են»: Նա վստահություն է հայտնել, որ Ադրբեջանը «կվերականգնի իր տարածքային ամբողջականությունը և բոլոր ոչնչացված պատմական հուշարձաններն ու ենթակառուցվածքները»: 
Ալիևի անհեթեթ «բռնազավթված տարածքներ» արտահայտությունը ևս մեկ անգամ ապացուցում է վերջինիս տգիտության աստիճանը: ՈՒղղակի հարկ եմ համարում մեջբերել Արա Պապյանի «հոդվածների ժողովածուից» մի միտք, որտեղ շատ հստակ և դիպուկ ի ցույց է դրվում ալիևյան մարազմը:

«Բաքվի թաթարները և նրանց տերերը՝ Ստամբուլի թուրքերը, պարբերաբար խոսում են Հայաստանի Հանրապետության կողմից Ադրբեջանական Հանրապետության տարածքի մի մասի, իբր, ռազմակալման (բռնազավթման, occupation) մասին: Միանգամայն հիմնազուրկ պնդում: Նման պնդման համար հիմքեր են պետք: Հիմքերից մեկը խնդրո առարկա տարածքի միջազգային իրավունքով ամրագրված տիտղոսի առկայությունն է: Այսինքն, որպեսզի Ադրբեջանի տարածքի որևէ մաս համարվի որևէ մեկի կողմից ռազմակալված, անհրաժեշտ է, որ Ադրբեջանն ունենա և վկայակոչի այն միջազգային փաստաթուղթը, որով, այսպես կոչված, ռազմակալված տարածքի վրա ճանաչված է եղել Ադրբեջանական Հանրապետության տիտղոսը:

Սա միջազգային իրավունքի հիմնարար դրույթ է, քանի որ միջազգային օրենքը հստակ է. ցանկացած տարածքի պատկանելությունը որևէ պետության պայմանավորված է միջազգային օրինական փաստաթղթով ամրագրված տիտղոսով և տվյալ տարածքի վրա հաստատված գերիշխանությամբ (sovereignty)»:
Ալիևն իր ձեռքի տակ չունենալով որևէ ապացույց, այդ թվում նաև պատմական, մեղադրում է հայկական կողմին «բռնազավթած» տարածքներում գտնվող ադրբեջանական պատմական հուշարձանների ոչնչացման մեջ: Այնինչ, վերջինս չի էլ ցանկանում բարձրաձայնել  ադրբեջանական իշխանությունների պատվերով 1998թ. նոյեմբերից մեկնարկած և մինչև 2006թ. մարտ ամիսը տևած Ջուղայի հայկական գերեզմանատան ոչնչացման փաստը: «Hyperallergic» մշակութային ամսագրում հրապարակված լայնածավալ զեկույցի համաձայն՝ Ադրբեջանի կառավարությունը վերջին 30 տարիների ընթացքում զբաղվել է հայկական պատմական ժառանգության համակարգված ոչնչացմամբ: Ըստ հեղինակներ Սիմոն Մաղաքյանի և Սարա Փիքմանի զեկույցի, այդ մշակութային և կրոնական արժեքների պաշտոնական, բայց և քողարկված ոչնչացումը գերազանցում է  Պալմիրայում «Իսլամական պետության» իրականացրած «ինքնագովազդ»-ի դինամիկան», – գրում է պարբերականը:

Ներկայիս Ադրբեջանը, ոչնչացնելով հայկական պատմամշակութային արժեքները, իրեն է վերագրում հայկական տարածքների պատկանելիությունը, իր ժխտողական քաղաքականությամբ ադրբեջանցիների շրջանում սերմանում հայատյատություն, միևնույն ժամանակ հակասելով ինքն իրեն, կոչ է անում պաշտոնական Երևանին հայերին պատրաստել խաղաղության:

Հայկազ Խաչատրյան