Դեռ մեր երազած Հայաստանը չենք կերտել. «Հանուն Հանրապետության» կուսակցության առաջին համագումարն է մեկնարկել

Դեռ մեր երազած Հայաստանը չենք կերտել. «Հանուն Հանրապետության» կուսակցության առաջին համագումարն է մեկնարկել

«Մատենադարանի» հարակից տարածքում մեկնարկել է «Հանուն Հանրապետության» 
 ժողովրդավարության պաշտպանների դաշինք կուսակցության առաջին համագումարը։ Կուսակցության հիմնադիրը, ինչպես արդեն գրվել է, Արման Բաբաջանյանն է, ով նախ շնորհավորեց անկախության տոնը, ապա անդրադարձավ մի շարք հարցերի։

«Անշուշտ, անցած երեսուն տարիներին թույլ են տրվել բազմաթիվ սխալներ, արձանագրվել են հարյուրավոր թերություններ ու տապալումներ, դրանց արդյունքում մենք դեռեւս չենք կերտել մեր երազած Հայաստանը, բայց բոլոր այդ թերությունները չեն ստվերել ու չեն արժեզրկել անկախ պետություն ունենալու մեր անօտարելի իրավունքը: Անկախությունը բացարձակ ու անքննելի իրավունք է»,- ասաց կուսակցության հիմնադիրը։

Նրա խոսքով՝հեղափոխությունը ընձեռել է ավելի լավ, ամուր, ավելի ժողովրդավարական երկիր կառուցելու եզակի պատմական հնարավորություն՝ ավելի ամրապնդելու 1991-ին հռչակած Անկախությունը։


«Պետք է օգտագործենք այդ հնարավորությունը՝ պատմության եւ սերունդների առաջ կատարելով անկախության մեր բաժին պարտավորությունը»,- ասաց Բաբաջանյանը։

Կուսակցության հիմնադիր անդամ Ռուբեն Մեհրաբյանն իր ելույթում ասաց. «Այսօր փառահեղ տոն է՝ Հայաստանի Հանրապետության Անկախության տարեդարձը, օր, որի մասնակիցը 29 տարի առաջ դարձավ նաեւ իմ սերունդը»։

Մեհրաբյանը նաեւ պատմական ակնարկ արեց.  «Կայսրության փլուզման հետեւանքն էր ամբողջատիրական համակարգի կազմաքանդում, ազատ, անկախ ժողովրդավարական պետության քաղաքական մշակույթի արմատավորում ու որպես դրա արգասիք՝ ինստիտուտների ձեւավորում: Այս ընթացքը ՀՀ-ում, որն ուղեկցվել է նաեւ ավերիչ երկրաշարժով, ազատագրական պատերազմով, շրջափակմամբ, ծանր ճգնաժամով, պատերազմով, 90-ականներին հարթ չի անցել ու չէր էլ կարող հարթ անցնել: Այդ ընթացքն արձանագրել է լրջագույն նահանջ, այդ թվում՝ պետությունը զավթած բռնատիրական տարրերի արյունահեղության արդյունքում: Ղարաբաղյան խնդրով բանակցային օրակարգի հրապարակային նենգափոխումը, ապատեղեկատվությունը, կոռուպցիոն շահը կանգնեցրեցին երկիրը փաստի առաջ: Պետությունը բռնազավթվեց կազմակերպված հանցավոր խմբավորման կողմից ու վերածվեց հանցագործությունների գործիքի: Ցավոք, մեր մանուկ ժողովրդավարությունը դեռ չուներ պատշաճ փորձ ու դիմադրողականություն, այդ ահեղ մարտահրավերները հաղթահարելու համար: Սակայն փաստն այն է, որ պատերազմում հաղթանակած հայ ազգը ոչ մի օր չի դադարել իր պայքարը ու ոչ մի օր չի հանդուրժել իրավազրկումը սեփական տանը»,- ասաց նա։