«Հրապարակ». Ուզում են փոխել, թող դրսում ապրող ՀՀ քաղաքացիների ընտրական իրավունքը վերականգնեն

«Հրապարակ». Ուզում են փոխել, թող դրսում ապրող ՀՀ քաղաքացիների ընտրական իրավունքը վերականգնեն

ՀՀ Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը նոյեմբերի 8-ին, ժամը 11:00-ին ԱԺ նիստերի դահլիճում հրավիրում է խորհրդարանական լսումներ: Կքննարկվի «ՀՀ ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ հարակից օրենքների նախագծերի փաթեթը: 

«Հրապարակը» գրել էր, որ Փաշինյանի ռեժիմը, իշխանությունը հավերժ պահելու համար, Ընտրական օրենսգրքում նոր փոփոխություններ է ձեռնարկել: Առաջարկվող կարգավորումներով՝ ընդհուպ նախատեսում են նոր քվեարկության կազմակերպում, եթե, ասենք, քվեարկության արդյունքները չբավարարեն Փաշինյանին: Օրենքում կետ են ավելացրել, որ արտակարգ դրություն հայտարարելու դեպքում կասեցվում են ընտրությունները, իսկ արտակարգ դրության ռեժիմը դադարելուց հետո նոր քվեարկություն են անցկացնում: 

«Սահմանադրությունը, ինչպես նաեւ ԸՕ-ն, արգելում է ընտրությունների նշանակումն ու անցկացումն արտակարգ եւ ռազմական դրության պայմաններում։ Օրենքով կարգավորված չեն, սակայն, այն դեպքերը, երբ ռազմական կամ արտակարգ դրություն հայտարարվում է ընտրություններ նշանակվելուց հետո կամ քվեարկության օրվանից հետո՝ մինչեւ ընտրությունների արդյունքների ամփոփումը: Ինչպես նաեւ՝ հստակ չէ ընտրական գործընթացի ընթացքի կարգավորումը ռազմական կամ արտակարգ դրության ավարտից հետո»,- ասված է օրենքի փոփոխության հիմնավորման մեջ: Սակայն օրենքի բացը շտկելու քողի ներքո նոր հիմքեր են առաջարկում` մեկ տասնյակից ավելի կետերով լրացնում են հոդվածը, որպեսզի անցանկալի զարգացումների դեպքում կարողանան արտակարգ կամ ռազմական դրություն հայտարարել եւ դադարեցնել ընտրական գործընթացը` անգամ քվեարկության ավարտից հետո․ «Եթե ռազմական կամ արտակարգ դրությունը հայտարարվել է ԱԺ կամ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների քվեարկության նախնական արդյունքներն ամփոփելու եւ դրանք արձանագրությամբ վավերացնելու պահից հետո մինչեւ համապատասխանաբար՝ նորընտիր ԱԺ կազմավորումը, ավագանու ձեւավորումը կամ մեծամասնական ընտրակարգով ընտրությունների արդյունքները մարզպետին ներկայացնելը, ապա ռազմական կամ արտակարգ դրություն հայտարարվելու պահից ընտրական գործընթացն իրավունքի ուժով համարվում է կասեցված, բացառությամբ սույն հոդվածով նախատեսված՝ ընտրությունների քվեարկության նախնական արդյունքներն ամփոփելու եւ դրանք արձանագրությամբ վավերացնելու պահին հաջորդող ընտրական գործընթացի փուլերին վերաբերող առանձնահատուկ դեպքերի»: 

«Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի նախկին անդամ Նորիկ Եղիազարյանը, որն Ընտրական օրենսգրքից եւ դրա բացերից քաջատեղյակ է, «Հրապարակի» հետ զրույցում ասում է, որ ինքը բացառապես արդարության կողմնակից է, թեպետ աջակցում է Նիկոլ Փաշինյանի ռեժիմին, սակայն զարմանում է։ «Ինչպե՞ս թե` Փաշինյանին չբավարարելու դեպքում կարող է նոր ընտրություն լինել, մի՞թե նման բան կարող է լինել: Ես դեռեւս չեմ ծանոթացել նոր նախագծին, սակայն եթե իշխանությունը նման մտադրություն ունի, ես պետք է ասեմ, որ կողմ եմ արդարությանը: Ինձ համար արդարությունն ամենակարեւորն է: Պրակտիկայում արդարացված բան է, որ արտակարգ դրության ժամանակ ընտրություններ լինել չեն կարող, պետք է դրանից հետո լինեն ընտրություններ, քանզի արտակարգ դրության պայմաններում կայացած ընտրությունները երաշխավորված չեն օբյեկտիվության առումով: Կարող է այդ ճանապարհով ընտրողներն իրենց ճիշտ կամքը չարտահայտեն: Օրինակ` եթե փոփոխություն են ցանկանում, ապա կարող են այլ լիքը փոփոխություններ կատարել, օրինակ` նախկին ԽՍՀՄ բոլոր պետություններում, ինչպես նաեւ աշխարհի բոլոր առաջադեմ երկրներում, կա կարգ, համաձայն որի` համապետական ընտրությունների ժամանակ արտերկրում գտնվող քաղաքացին, օրինակ` անձը, որը ՀՀ քաղաքացի է, բայց ապրում է ՌԴ-ում, պետք է ստանա քվեարկելու իրավունք այն երկրից, որտեղ ինքն այդ պահին գտնվում է: Հայաստանում այդ օրենքը գործում էր մինչեւ 2007 թվականի հունվարը, դրանից հետո այդ կարգը վերացվեց, եւ սահմանվեց օրենք, ըստ որի` ընտրություններին կարող է մասնակցել բացառապես այն ՀՀ քաղաքացին, որն այդ ժամանակահատվածում Հայաստանում է գտնվում: Ես մի հոդված էլ ունեմ այդ մասին… ի՞նչ մեղք ունի այն քաղաքացին, որը նյութական կարիքները հոգալու համար գտնվում է արտերկրում, ինչպե՞ս կարելի է նման մարդկանց ստիպել, որ գան Հայաստան` քվեարկեն ու գնան: Դա մարդու իրավունքների խախտում է` բոլոր առումներով: Ստացվում է, որ մարդիկ, իրենց կամքից անկախ, ընտրական պրոցեսներից դուրս են մնում: ԱՄՆ-ում անգամ փոստային համակարգով կա ընտրությանը մասնակցելու իրավունք: Կարելի է փոփոխության ենթարկել նաեւ իշխող մեծամասնությանը բոնուսի իրավունք տալու հանգամանքը, ավելի ճիշտ` այն պետք է ընդհանրապես վերացնել: Ասում են` այն կուսակցությունները, որոնք համեմատաբար քիչ տոկոսներ են ստացել, նրանց լրացուցիչ տեղեր են տրվում, ստացվում է, որ խորհրդարան են մտնում անձինք, ովքեր չունեն արժանիքներ, եւ հետո խախտվում է ընտրողի կամքը: Այսինքն` ուռճացնում են նմաններին, չես հասկանում, թե ինչու։ Այ, թող դրա մասին մտածեն»,- նշեց Եղիազարյանը: