«Ցանկացած մարդ կալանքի տակ հոգեբանորեն ճնշված է եւ սթրեսային վիճակում»

«Ցանկացած մարդ կալանքի տակ հոգեբանորեն ճնշված է եւ սթրեսային վիճակում»

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Ավանի նստավայրում (նախագահությամբ դատավոր Վահե Միսակյանի) շաբաթ օրը հետաձգվեց ընդդիմադիր «Հայաստան» դաշինքի պատգամավոր Արմեն Չարչյանին 20 մլն դրամ գրավով ազատ արձակելու փաստաբանի միջնորդության քննությունը, որը ներկայացվել էր հրատապ նիստի ընթացքում։ Դատարանը բավարարեց մեղադրող կողմի միջնորդությունը՝ Չարչյանի նկատմամբ դատաբժշկական հանձնաժողովային փորձաքննություն նշանակելու վերաբերյալ։ Հաջորդ նիստը կկայանա հոկտեմբերի 13-ին, այսինքն` առողջական ծանր վիճակում գտնվող բժիշկը դեռ առնվազն 2 շաբաթ պետք է մնա կալանքի տակ:

Փորձաքննությունը հանձնարարվել է առողջապահության նախարարությանը։ Փորձագետներին առաջադրվելու են հետեւյալ հարցերը. Արմեն Չարչյանն ի՞նչ հիվանդություններով է տառապել կամ տառապում, ինչպիսի՞ ախտորոշմամբ եւ ի՞նչ վաղեմություն ունեն դրանք, Չարչյանի առողջական վիճակը կալանավորվելուց հետո մինչ օրս բացասական դինամիկա ունեցե՞լ է, թե՞ ոչ, արդյոք նրա հիվանդություններն ընդգրկվա՞ծ են կառավարության համապատասխան որոշման մեջ, որտեղ առանձնացված են պատիժը կրելուն խոչընդոտող ծանր հիվանդությունները։ Մինչդեռ արյան մեջ շաքարի բարձր տոկոսի պարունակությունը կարող է հայտնաբերվել 5 րոպեի ընթացքում` արյան մեկ անալիզով: Գրավի դիմաց Չարչյանին ազատ արձակելու միջնորդության քննարկումը դատարանը կապել է հանձնաժողովի կողմից եզրակացություն ստանալու հետ։

Փաստաբան Էրիկ Ալեքսանյանը վկայակոչում է գեներալ Մանվել Գրիգորյանի վերաբերյալ քրեական գործն ու դրա հետեւանքը. «Առաջին հայացքից կարող է տպավորություն ստեղծվել, որ պետությունը Մանվել Գրիգորյանի դեպքում ամեն ինչ արեց` անհամատեղելիությունը հաստատվեց, եւ նա ազատ արձակվեց հիվանդության պատճառով։ Չենք կարող հերքել նաեւ այն փաստը, որ դրանից կարճ ժամանակ անց Մանվել Գրիգորյանը կյանքից հեռացավ։ Չեմ վախենա ասել, որ Մանվել Գրիգորյանը հեռացավ կյանքից ուշացած արդարադատության պատճառով....»։

Պրոֆեսորի իրավիճակը համեմատելի է նաեւ Հաց բերողի՝ Արթուր Սարգսյանի դեպքի հետ․ նրան էլ իշխանությունն ամիսներ շարունակ պահեց կալանքի տակ․ երբ առողջական վիճակը սրվեց, նա կալանքից ազատ արձակվեց, որոշ ժամանակ անց մահացավ։ Մի խումբ փաստաբաններ, նրա ընկերները մինչ օրս դատախազությանն ու դատարանին, անգամ այդ օրերի արդարադատության նախարարին մեղադրում են Արթուր Սարգսյանի մահվան մեջ։ Ե՛վ Չարչյանի, ե՛ւ Հաց բերողի առաքելությունը նմանության եզրեր ունեն՝ առաջինը մարդկանց կյանք է փրկում՝ բժշկելով, մյուսը փրկել էր՝ հաց հասցնելով։

Չարչյանի պաշտպան Ռաֆայել Ամիրխանյանը մեզ հետ զրույցում ասաց, որ իր պաշտպանյալի վիճակը մնում է նույնը՝ կայուն ծանր։ Ինչ վերաբերում է դատարանի որոշմանը, ապա «դատարանը նշանակել է դատաբժշկական փորձաքննություն, հիմա հանձնաժողով կստեղծվի, փորձաքննություն կանցկացնեն։ Մենք էլ ենք սպասում, որ արագ լինի»։

- Դատարանը չի՞ վստահում առողջական վատ վիճակի վերաբերյալ առկա բոլոր բժշկական փաստաթղթերին, որ փորձաքննություն է նշանակում։

- Մենք ներկայացրել ենք համապատասխան փաստաթղթերը, դատարանը դա կարդում է եւ հասկանում է, որ այս մարդն ունի այ այսպիսի հիվանդություններ, բայց նաեւ կալանքի հետ համատեղելի՞, թե՞ անհամատեղելի են այդ հիվանդությունները՝ այդ հարցը դատաբժշկական փորձաքննությամբ պետք է լուծվի։ Դատարանի անաչառությունը կասկածի տակ մենք չենք ուզում դնել։

- Այդ փորձաքննությունն ավելորդ քաշքշուկի մեջ չի՞ գցի։

- Անպայման կգցի, պարոն Չարչյանի առողջական վիճակը կապված է սթրեսի հետ, այս քովիդի պայմաններում եւս փորձաքննությունը ժամանակ է ձգելու։ Մենք նաեւ շեշտադրումը դրա վրա կատարեցինք, բայց ունեցանք այն, ինչ ունեցանք։ Հաջորդ նիստն ամսի 13-ին է նշանակված։ Մտավախություն կա, որ վիճակն ավելի վատ կլինի՝ կապված մարդու սթրեսայիՑանկացած մարդ կալանքի տակ հոգեբանորեն ճնշված է եւ սթրեսային վիճակումն վիճակի հետ․ եթե չլինի կալանքի տակ, հոգին հանգիստ կլինի, սթրեսային վիճակ չի լինի, եւ կունենանք որոշակի դինամիկա դեպի լավը։ Բայց այս պայմաններում ակնկալել նման բան՝ դեռեւս հիմքեր չունենք։ , բայց մարդն ունի խրոնիկ հիվանդություններ, եւ այդ ամեն ինչը նպաստում է հիվանդությունների զարգացմանը։

ՀԳ․ Հիշեցնենք, որ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանն օգոստոսի 23-ին Չարչյանին գրավի դիմաց ազատ արձակելու առաջին ատյանի դատարանի որոշման դեմ դատախազության բողոքը բավարարել էր եւ նորից կալանավորելու սանկցիա տվել։ Դատարանի որոշումից հետո Արմեն Չարչյանը սեփական նախաձեռնությամբ գնացել էր քրեակատարողական հիմնարկ, ապա՝ կալանավորվել։ Օգոստոսի 30-ին հայտնի դարձավ, որ Չարչյանի առողջական վիճակը վատթարացել է, ու նա տեղափոխվել է քաղաքացիական հիվանդանոց։

Արմեն Չարչյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 154.2-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով (ընտրողներին կաշառք տալը, կաշառք ստանալը, ընտրությունների ժամանակ բարեգործության արգելքի խախտումը կամ ընտրողի ազատ կամքի իրականացմանը խոչընդոտելը)։