Դատավորի մասին մի փոքրիկ հիշեցում

Դատավորի մասին մի փոքրիկ հիշեցում

Ընդհանրապես խոցելի պաշտոնյան հեշտ է օգտագործվում։ Իշխանության համար քաղաքական հակառակորդին «զինաթափելու առումով» հարմար գործիք է խոցելի պաշտոնյան։ Նա կավ է, որից կարող են պատրաստել տարբեր առարկաներ, ինչ ուզեն։

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Դանիբեկյանը խոցելի՞ պաշտոնյա է։ Հանկարծ չասեք, որ դատական իշխանություններն անկախ են, եթե անկախ են ինչու՞ է փոխվում դատական ողջ  համակարգը և հարմարեցվում նոր տիրոջ հագով։ Դատավորի կենսագրության մեջ կա՞ այնպիսի կետ, որը կարող էր օգտագործել ներկա իշխանությունը։ Փնտրել պետք չէ, հեռուն չգնանք, վերջին փաստը արձանագրենք։  

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Դանիբեկյանի նկատմամբ կարգապահական վարույթ է հարուցվել ՀՀ դատավորների ընդհանուր ժողովի կարգապահական հարցերի հանձնաժողովի 2018թ. դեկտեմբերի 24-ի որոշմամբ: Կարգապահական վարույթ հարուցելու առիթ է հանդիսացել ՀՀ գլխավոր դատախազության 2018թ. դեկտեմբերի 12-ին ներկայացված հաղորդումը: Հարուցված կարգապահական վարույթի արդյունքներով՝ Կարգապահական հարցերի հանձնաժողովը 2019թ. փետրվարի 4-ին որոշում է կայացրել դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը լուծելու համար Բարձրագույն դատական խորհուրդ միջնորդություններ կայացնելու մասին:

Հանձնաժողովը գտել է, որ դատավոր Ա. Դանիբեկյանի գործողությունների և դրանցով պայմանավորված հետևանքների արդյունքում հեղինակազրկվել է դատական իշխանությունը, հետևապես, նրա կողմից թույլ տված նյութական իրավունքի նորմերի ակնհայտ խախտումը կրում է կոպիտ բնույթ: Բարձրագույն դատական խորհուրդը, դռնբաց նիստում քննության առնելով Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ա. Դանիբեկյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ միջնորդությունը, 2019թ. մարտի 14-ին կայացված որոշմամբ Կարգապահական հարցերի հանձնաժողովի կողմից արձանագրված կարգապահական խախտումը գնահատեց ակնհայտ և կոպիտ, և ղեկավարվելով, ՀՀ դատական օրենսգիրքի սահմանադրական օրենքի 149 հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով, դատավոր Ա. Դանիբեկյանին հայտարարեց նկատողություն:

Հիմա նոր իշխանության ձեռքում դատավորը կա՞վ է, թե՞ կավ չի։ Հանձնաժողովը գտել է, որ դատավոր Ա. Դանիբեկյանի գործողությունների և դրանցով պայմանավորված հետևանքների արդյունքում հեղինակազրկվել է դատական իշխանությունը։  Այսինքն դատավորը հեղինակազրկել է դատական իշխանությունը։ Սա լուրջ փաստարկ է։ Վերջին շրջանում դատավորի շուրջ ստեղծված աղմկահարույց փաստերը հենց սրա մասին են խոսում, որ կավից պատրաստում են տարբեր առարկաներ, բայց քանի որ պատրաստողը կավագործ չէ, կավից պատրաստված առարկաները ճաքեր են տալիս ու կոտրվում։ Այնպես որ ափսոս է կավը, որ հետո անօգտագործելի է դառնալու։