Քաղաքագրություն. Երևանը՝ խանության օրերին

Քաղաքագրություն. Երևանը՝ խանության օրերին

Կիսանկախ խաների տիրապետության շրջանի Երեւանի խանության տերիտորիայի մասին տեղեկություններն ավելի անմիջական են ու ավելի որոշակի։ Նշված տերիտորիայից բացի, Հուսեին-Ալի խանի օրոք (1762 -1783) Երեւանի խանության մեջ էր մտնում նաեւ Շիրակը (Շորագյալը )։ Սակայն վրաց թագավոր Հերակլ II-ը 1779 թվականին կատարած արշավանքի ժամանակ Շորագյալի սուլթանությունը նվաճում եւ դարձնում է իր անմիջական ենթական։ Դրանից հետո Երեւանի խաները մի քանի անգամ փորձել են այն նորից միացնել իրենց խանությանը, եւ այդ, ըստ երեւույթին, հաջողվել է միայն Աղա-Մամեդ խանի 1795 թվականի արշավանքից հետո։ Սակայն, ինչպես տեսանք, Աղա-Մամեդ խանը դրանով չէր բավականացել։ 

Վրացական պետությունը թուլացնելու նպատակով նա նրանից անջատեց մի շարք ուրիշ շրջաններ։ Իր տեղում նշվեց, որ Թիֆլիսը գրավելուց եւ ավերելուց հետո Աղա-Մամեդ խանը հատուկ հրովարտակով Փամբակի, Ղազախի եւ Բորչալուի շրջանները համարել էր Երեւանի Մամադ խանի ենթակա տերիտորիաներ ու տեղական բնակիչներին կարգադրել էր ենթարկվել վերջինիս։ Բայց 1796 թվականի ռուսական արշավանքն սկսվելու եւ պարսից շահի՝ դեպի իր երկրի խորքերը քաշվելու հետեւանքով նշված շրջանները մնում են Երեւանի խանության շրջանակներից դուրս։ Հաջորդ տարում՝ 1796 թվականին, երբ ռուսական զորքերն Անդրկովկասից նահանջել էին, եւ դադարեցվել էր կիսատ մնացած ռուսական հաղթական արշավանքը, Աղա-Մամեդ խանը նորից էր պահանջել Հերակլից Փամբակը եւ Բորչալուն հանձնել Երեւանի խանին, իսկ Շամշադինն ու Ղազախը՝ Գանձակի խանությանը։ Սակայն իրերի ընթացքը ցույց է տալիս, որ շահի այս կարգադրությունը եւս չի իրագործվել։
 

Երեւանի Մամադ խանը, որին Աղա-Մամեդ խանի ժամանակ պաշտոնազուրկ էին արել, բայց Բաբա խանի օրոք վերականգնվեց իր պաշտոնում, գալով Երեւան՝ կարողանում է 1801 թվականին վրաց Գեորգի 12-րդ թագավորից զենքի ուժով ետ գրավել միայն Շորագյալը։ Շահական հրամանագրով նրան տրված Փամբակն ու Բորչալուն մնում են վրաց պետության կազմում եւ վերջինիս հետ էլ 1801 թվականին միացվեցին Ռուսաստանին։ Մի փոքր ուշ՝ 1805 թվականին, ռուսական զորքերը գեներալ Նեսվետաեւի հրամանատարությամբ նաեւ Շորագյալն են գրավում Երեւանի խանությունից եւ միացնում Ռուսաստանին։ Դրանից հետո՝ մինչեւ ընդհուպ Երեւանի ու Նախիջեւանի խանությունների ազատագրումը պարսկական լծից եւ դրանց միացնելը Ռուսաստանին, Երեւանի խանության սահմանները ձգվում էին Արեւմտյան Արփաչայից (Ախուրյան) մինչեւ Շահ-Դաղի (Սեւանի) լեռները եւ Արագածի հյուսիսային լանջերից մինչեւ Հայկական Պար լեռնաշղթան։ Խանության սահմանն արեւմուտքում անցնում էր Ախուրյան գետով՝ մինչեւ նրա ստորին հոսանքի վրա գտնվող Հաջիբայրամլու գյուղը, որտեղից թեքվում էր դեպի արեւմուտք եւ Արաքսի ձախ ափից մոտ 15-17 կմ երկարությամբ մի նեղ շերտ իր մեջ ընդգրկելուց հետո կտրում էր Արաքսը եւ ուղղվում նախ դեպի հարավ-արեւմուտք, ապա՝ հարավ-արեւելք եւ հասնում Հայկական Պարի Սինակ գագաթը (Գայլատոu կամ Բալրդ-գյոլ լճակից հյուսիս-արեւմուտք)։ 

Սինակից մինչեւ Մեծ ու Փոքր Մասիսները Երեւանի խանության սահմանն անցնում էր Հայկական Պարի ջրբաժան բարձրություններով, ապա Փոքր Մասիսից դեպի արեւելք շարունակվելով՝ հասնում էր Արաքս։ 

...Մյուս խանությունների նման՝ Երեւանի խանությունը նույնպես մասնատված էր մահալների (շրջանների), որոնք վարչա-տերիտորիալ միավորներ էին։