Ոստիկանությունը News.am-ում էր գրություն փոխանցելու նպատակով. պարզաբանում

Ոստիկանությունը News.am-ում էր գրություն փոխանցելու նպատակով. պարզաբանում

Ոստիկանությունը պարզաբանում է տարածել News.am լրատվական կայք ոստիկանության ծառայողների այցի առթիվ:

«Նյուզ. ամ» կայքի խմբագիր Արմենիկա Կիվիրյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է «Ոստիկանությունը եկել է Նյուզ.ամ-ի խմբագրություն...»:

Նշվածի կապակցությամբ պարզաբանում ենք, որ այսօր ոստիկանության ՔՀԳՎ-ի աշխատակիցը միայնակ այցելել է Նյուզ-ի խմբագրություն` ՀՀ գլխավոր դատախազությունից փոխանցված տեղեկության հիման վրա պատրաստված գրությունը հանձնելու: Խմբագրությունում նա օրենքով սահմանված կարգով ներկայացել է, գլխավոր խմբագրին հայտնել իր այցի նպատակը ու հանձնել թղթերը: Խմբագիրը բովանդակությանը ծանոթանալուց հետո ասել է, որ կխոսի իր իրավաբանի հետ: Վերջինիս հետ հեռախոսային խոսակցությունից հետո հրաժարվել է վերցնել թուղթը: Ոստիկանության ծառայողի բացատրությունից հետո, որ, միևնույն է, փոստով ուղարկելու է գրությունը, խմբագիրը նորից է զանգահարել իրավաբանին: Իրավաբանները եկել են խմբագրություն, ծանոթացել գրությանը, ինչից հետո գլխավոր խմբագիրը ստորագրել է ոստիկանի օրինակը ու վերցրել գրության իր օրինակը: Ոստիկանության ծառայողը դուրս է եկել խմբագրությունից ու հեռացել:

Ավելացնենք միայն՝ կախման կետերով, անորոշ հայտարարություն տարածելով, ոստիկանության լրատվության վարչության զանգերը անտեսելով, լրատվամիջոցների հարցերին խորհրդավոր լռությամբ «պատասխանելով» չարժեր, անիմաստ աղմուկ բարձրացնել` ի սկզբանե իմանալով, որ տեղի ունեցածը «իրադարձություն» չէ և որևէ աղմուկի հիմք դառնալ չի կարող:
Ի դեպ, նշված գրությունը փոխանցվել է նաև այլ լրատվամիջոցի: