Ի՞նչն էր տարօրինակ News.am այցելության մեջ

Ի՞նչն էր տարօրինակ News.am այցելության մեջ

Երեկ News.am –ում ոստիկանության այցելության ժամանակ ներկա փաստաբան Լուսինե Սահակյանի գնահատմամբ՝ ոստիկանների այցելության մեջ տարօրինակն այն էր, որ չի կարող Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության պետը չգիտակցել, թե ինչ նյութ է ինքը պահանջում կայքի խմբագրից։ «Երբ իր գրության բովանդակությունից բացահայտ է, որ ինքը պատկերացնում է, որ պահանջվող նյութը թեկնածուներից մեկի ուղիղ եթերի սղագրությունն է։ Այսինքն՝ ակնհայտ է, որ խմբագրությունում չի կարող լինել ոչ մի լրացուցիչ փաստ կամ տեղեկություն, որն իրենք ակնկալում են ստանալ։ Դրա համար, ես կարծում եմ, որ սրանով ընդամենը փորձ արվեց խաթարել գործակալության բնականոն աշխատանքը, որովհետև այլկերպ սա ուղղակի հնարավոր չէ հասկանալ։ Եվ եթե յուրաքանչյուր նման դեպքում գործակալությունից պահանջվեն ապացույցներ, ինչը անում էր կոնկրետ ոստիկանը՝ ասելով, որ ապացույցներ ենք ցանականում ձեզնից ձեռք բերել, ապա շատ տարօինակ է, թե ինչու էին News.am –ում նման ապացույց փնտրում։ Իրենց հրապարակված գրությունից անհասկանալի է՝ ի՞նչ է փնտրում ոստիկանությունը»,-ասում է Լուսինե Սահակյանը։

Ամենատարօրինակն, ըստ նրա, ոստիկանության այն հայտարարությունն է, որ այցը միակը չի լինելու և պարբերաբար այցելելու են ու տարբեր նյութերի հետ կապված փաստեր են ակնկալելու գործակալությունից։

Հիշեցնենք, որ երեկ գործակալության գլխավոր խմբագիր Արմենիկա Կիվիրյանը տեղեկացրել էր, որ թեկնածուներից մեկի ուղիղ եթերների սղագրություններից պատրաստած նյութերի հետևից դեկտեմբերի 7–ի երեկոյան NEWS.am–ի խմբագրություն էր այցելել Հայաստանի Հանրապետության Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության ներկայացուցիչը և պահանջել տրամադրել թեկնածուների վերոնշյալ հրապարակումների բովանդակությունը հաստատող ապացույցներ։

Հիշեցնենք, որ ոստիկանության ներկայուցիչը երեկ կայքի գլխավոր խմբագրին հայտնել էր, թե այդ տեղեկություններն իրենց անհրաժեշտ են, քանի որ ինչ-որ նյութեր են նախապատրաստում։ Ապա այցի վերաբերյալ գլխավոր խմբագրի ֆեյսբուքյան էջում համապատասխան գրառումից հետո խմբագրություն է այցելել Ոստիկանության Շենգավիթի բաժնի երկու աշխատակից` փորձելով վստահեցնել, որ իրենք տեղյակ չեն` ով և ինչ նպատակով է այցելել գրասենյակ և պատճառաբանելով, թե հնարավոր է` այցելողը ոստիկանության աշխատակից չի եղել։ Լուսինե Սահակյանն ասում է՝ ինչպե՞ս կարող էր ոստիկան չլինել, եթե նա խմբագրությանը, անկախ ամեն ինչից, հանձնել է գրությունը։