Արցախյան հարցի լուծումը in vitro

Արցախյան հարցի լուծումը in vitro

«Հրապարակի» ս․թ․ նոյեմբերի 22-ի համարում «Արցախյան հարցում որեւէ ինքնագլուխ գործունեություն հենց այդ անձի համար է վտանգավոր» վերնագրով հարցազրույց է տպագրվել՝ դաշնակցական Արմեն Ռուստամյանի հետ։

Հեղինակի դիպուկ հարցերին պատասխանելով՝ Ռուստամյանը պարզաբանումներ է տվել Հայաստանում ՀՅԴ-ի իրական դերակատարության մասին, արտահայտել իր քաղաքական տեսակետները արցախյան հարցի լուծման թեմայի շուրջ։ ՀՅԴ-ն, քաջ գիտակցելով, որ այս ընտրություններից հետո ԱԺ-ում հայտնվելու շանսեր չունի, Փաշինյանին ակնարկում է, որ եթե նրա կողմից ինչ-որ որոշումներ կայացվեն արցախյան հարցի լուծման հետ կապված, եւ ՀՅԴ-ն իշխանությունում չլինի, ապա «հենց այդ անձի համար վտանգավոր է»՝ անկախ դրանց դիվանագիտական արժեքից։ ՀՅԴ-ն, իհարկե, վերջին 20 տարիների ընթացքում մեծ ուղի է անցել՝ Հոկտեմբերի 27-ից հետո փրկեց Քոչարյանին, Մարտի 1-ից հետո նորից փրկեց Քոչարյանին ու Սերժին եւ, առհասարակ՝ թալանչի իշխանություններին։ Հիմա իշխանության կենցաղում ո՛չ թալանի, ո՛չ էլ պետական ահաբեկչության գործ է սպասվում, ՀՅԴ-ն ի՞նչ է անելու, ո՞ւմ է փրկելու։ Փաշինյանն ինչպե՞ս կարող է «ինքնագլուխ» ինչ-որ բան անել՝ ՀՅԴ-ն նրա քթից կբերի՝ ուզում է ասել Դաշնակցության առաջնորդը։

«Սասնա ծռերը» քաղաքականացվեցին այն օրվանից, երբ նրանք «ծռությունով» գնացին իշխանափոխության փորձի։ Այդ օրերին կատարվածը մեր պատմության մեջ դժվար թե համեմատվի «Նեմեսիսի» գործողությունների հետ։ Այսօր Հայաստանում կա արդեն «Սասնա ծռեր» քաղաքական կուսակցություն։ Մենք արդեն մեծ փորձ ունենք ռազմահայրենասիրությունը քաղաքականացնելու գործում։ Փաստը ցույց տվեց, որ ԵԿՄ-ն, ըստ էության, իշխանական ուժերի ձեռքում ստվերային ռազմական կազմակերպություն էր՝ Հայաստանում ժողովրդավարությունը ճնշելու համար։ Մանվելն ու արջերը դարձան քավության նոխազ, բայց մեկը չասաց՝ այդ հավասար ինտելեկտի տերերը՝ արջն ու գյուղացին, ինչպես կարողացան «Սասնա ծռեր» էպոսի հերոսներին՝ մի ողջ ժողովրդի, ծնկած պահել 20 տարի շարունակ՝ մի քանի յաշիկ տուշոնկայի խաթեր։

Հիմա անցնենք արցախյան հարցին ու տեսնենք, թե հայ դիվանագիտական միտքն ինչպես է նման հարցերի լուծումը գտնում in vivo՝ չտեսնված «հնարամտությամբ»։ Արցախն ու շրջակա տարածքներն ազատագրեցին Հայաստանի ու Արցախի ժողովուրդները։ Այդ ազատամարտում իր մեծ ներդրումն ունեցավ նաեւ սփյուռքահայությունը։ Երբ ադրբեջանական հրոսակները նահանջում էին, երբ արցախյան պատերազմը մոտենում էր ավարտին, Հայաստանից հավաքագրվում էին հատուկ մարդիկ, մի քանի օրով թիկունք ուղարկվում՝ բլոտ խաղալու, որոնք հետո գալիս ու մարտական ուղի անցածների կեցվածքով ներկայանում էին հասարակությանը, պոստեր դնում ավտոճանապարհներին, վարորդներից գումարներ շորթում, խմբերով հավաքվում ու գրավում տարբեր ձեռնարկություններ, գործարարներից խլում նրանց բիզնեսն ու սեփականությունը։ Այդ կադրերից նշանակվեցին համայնքների ղեկավարներ, մարզպետներ, նախարարներ, նաեւ նրանց վստահվեց Հայաստանի պետական անվտանգությունը։ Արցախյան ազատամարտն այդ օրերից սկսած՝ վերածվեց եկամտի աղբյուրի։ Անհայտ հանգամանքներւմ նահատակվեցին արցախյան բոլոր այն հերոսները, որոնք հետո կարող էին տեր կանգնել մեր ժողովրդի կրած հաղթանակին ու ավարտին հասցնել արցախյան հարցի լուծումը։ Հայաստանում հարյուրավոր գյուղեր բնակեցվել էին փախստականներով։ Մեր երկրի բոլոր արտադրական հզորությունները կոպեկներով «սեփականաշնորհեցին» «մարտական ուղի» անցածներն ու դրանք, որպես մետաղի ջարդոն, արտահանեցին տարբեր երկրներ։ «Բանակաշինության» կարիքների համար Հայաստանի պաշտպանության կառույցներում ստեղծվել էին ձեռնարկություններ, որոնք գեներալների հովանավորչությամբ գցում, թալանում ու արտահանում էին ամեն ինչ։ Իսկ մի քանի տարի առաջ նույն բանը կատարվել էր աղետի գոտում՝ աշխարհի բոլոր կողմերից օգնության կարգով ուղարկված գույքի հետ։ Իսպառ թալանվեց Հայաստանի տնտեսությունը։ Երկիրն ավերակվեց ու ծայրահեղ աղքատացավ։ Հայաստանից հեռացան նորաբնակ փախստականները, արտագաղթեց բնիկ ժողովրդի կեսը։ Հայաստանի պաշտպանական բանակը կոռումպացվեց։ Այսպիսով մեր դիվանագետները, քաղաքական այրերն ու ռազմահայրենասեր նախագահները լուծեցին արցախյան հարցը in vivo։

Նման լուծումներով հեղեղված է մեր պատմությունը։ Ո՞ր միամիտ մտավորականն է մի օր ասելու, որ եթե Արեւմտյան Հայաստանում Թուրքիայի դեմ չկազմակերպվեր հայերի ազգային-ազատագրական շարժումը, հայ ժողովուրդը Թուրքիայի կանոնավոր բանակի դեմ մղած անհավասար մարտերում չնահատակվեր, բանը չհասներ եղեռնի, Արեւմտյան Հայաստանը մերը կմնար, եւ այսօր Թուրքիայում հայ ազգը թվապես կգերազանցեր թուրքերին, ու թուրքերը մեզնից փրկվելու ելք կփնտրեին, եթե հայերի դեմ վատ արարքներ թույլ տային։ Թուրքիան արդեն հայացվել էր այդ տարիներին նույնիսկ։ Պոլիսը հայկական քաղաք էր արդեն։ Մենք մեր պետականությունը կվերականգնեինք հայկական մշակույթով միայն՝ առանց ռուսական քաղաքական պոռնկության։ Այսօր աշխարհում հայությունը կկազմեր մոտ 60 միլիոն մարդ։

Ի՞նչ ենք ուզում Պուտինից, Բատկայից, Չինգիզ խանից։ Ո՞ւր է մեր Արցախի հանրապետությունը, որի համար հարյուր հազարներով նահատակվեցինք։ Ո՞վ է մեր պետականագիտակից հերոսը։ Ո՞ւր են Արցախի ամայացած գյուղերի բնակիչները։ 15 տարի առաջ սոցցանցերում մի տեսանյութ էր շրջում, որտեղ Էրդողանն ու Ալիեւը չարախնդալով ասում էին, որ հայերն Արցախից ու Հայաստանից արտագաղթում են այնպիսի տեմպերով, որ ոչ մի պատերազմ պետք չի լինելու տարիներ անց Բաքվի կողմից Երեւանը վերցնելու համար։

Հիմա արցախյան հարցն ուզում ենք լուծել in vitro, այսինքն՝ դիվանագիտական սրվակի մեջ։ Այդ հարցի լուծման էստաֆետը փոխանցվել է Փաշինյանին։ Մեր քաղաքական «իմաստուններն» արդեն սրտատրոփ սպասում են, թե երբ է Փաշինյանն իր գլխին «սարքելու», որ բորենիների նման թափվեն նրա վրա ու իշխանությունը խլեն։ Հիմարն ու կույրը միայն չեն հասկանա, որ եթե այնպես շարունակվեր մեր պետականաշինության գործը, ինչպես ընթանում էր 30 տարիների ընթացքում, ոչ միայն արցախյան հարցի լուծման մասին խոսք չէր կարող լինել, այլեւ տասնամյակներ հետո քաղաքակրթությունն իր գլուխն ազատած կլիներ հայկականությունից։ Առաջիկա օրերին ժողովուրդն ընտրությունների կգնա՝ մերժելով 30 տարիների ընթացքում արցախյան հարցը «լուծող» բոլոր այն կուսակցություններին ու անձանց, որոնք Հայաստանի ճակատագիրը բատկաների քմահաճույքին են թողել։