Մեր ընտրողների 90 տոկոսն օբյեկտիվ չէ, քաղաքակիրթ չէ, գաղափարական չէ

Մեր ընտրողների 90 տոկոսն օբյեկտիվ չէ, քաղաքակիրթ չէ, գաղափարական չէ

Իհարկե, ոչ ոք չի կարող ժխտել, որ Հանրապետականի ներկայացուցիչները մեծ փորձ ու գիտելիքներ են կուտակել այս տարիներին, աճել են, հռետորական եւ բանավիճելու ունակություններ են ձեռք բերել։ Նրանց մի մասը երկար տարիներ իշխանության մեջ են եղել՝ բարձր պաշտոններ են զբաղեցրել, պատասխանատու աշխատանք են կատարել։ Իսկ պաշտոնը՝ ընտրովի, թե նշանակովի, մեծ քաղաքական դպրոց է, եւ մարդը պետք է անհույս բթամիտ լինի, որ տասը տարի շփվելով, կարդալով, լսելով՝ ոչինչ չսովորի։ Այնպես որ ՀՀԿ գործիչների պատրաստվածությամբ եւ գիտելիքներով պետք չէ զարմանալ։ Յուրաքանչյուր մարդ, նման հնարավորություն ստանալով, կարող էր նույնքան աճել ու հասունանալ եւ հարց է, թե՝ մի քանի տարի հետո այսօրվա իշխանավորները՝ Քաղպայմանագրի ներկայացուցիչները, զիջելու են, թե գերազանցելու ՀՀԿ ներկայացուցիչներին։ Այլ բան է, որ երկիրը, պետությունն այդքան ժամանակ չունի՝ սպասելու, որ սրանք աճեն, սովորեն, հասունանան։

Գերատեսչություններից մեկի հին աշխատակիցը պատմում էր, որ փոխնախարարներից մեկից, կներեք արտահայտության համար, տհաճ քրտինքի հոտ է մշտապես գալիս եւ նրա առանձնասենյակ նախարարության աշխատողները դժկամությամբ են մտնում։ Մեր զրուցակցի եզրակացությունն էր․ «Մինչեւ սրանք լողանալ, հագնվել, սանրվել ու սափրվել սովորեն, մենք կծերանանք»։

Բայց կյանքը ցույց է տալիս, որ մեր ընտրողը, մեր քաղաքացին մեծ պահանջներ չի դնում իր ընտրյալների առաջ եւ առհասարակ քաղաքական, գաղափարական ընտրություն չի կատարում։ Նրան չեն խանգարում ոչ իր ընտրյալների ցածր գիտելիքները (մենք խորհրդարանում Շմայս, Նովո, Թոխմախ ենք տեսել), ոչ փնթի արտաքինը (նախկինում էլ անթրաշ ֆիդայիներ ու կռազի վարորդներ էին վերեւ բարձրանում), ոչ անհոդաբաշխ խոսքը (պատգամավորներ են եղել, որ 10-15 տարի խորհրդարանում նստել են, բայց գեթ մեկ ելույթ չեն ունեցել), ոչ ձեռնամարտերն ու լեզվակռիվները (նման տեսարանների էլ են ականատես եղել) մեր ընտրողին հետ չեն պահում այս կամ այն անձի օգտին քվեարկելուց։ Ճիշտ է՝ բացասական վերաբերմունքը կուտակվում է եւ մի օր պոռթկում, բայց դա անորոշ, անհասցե ու անարդար պոռթկում է՝ այդ զայրույթը քաղաքակիրթ չէ, օբյեկտիվ չէ։ Ավելին՝ թացը չորի հետ խառնված, բոլորին սրբող-տանող զայրույթ է, որը բանական մարդկանց, որպես կանոն, բնորոշ չի լինում։ 

Այնպես որ այսօր փոքր նշանակություն ունի, թե որքան պատրաստված են ՀՀԿ թեկնածուները եւ որքան անպատրաստ իշխանության ներկայացուցիչները։ Մեր ընտրողի հազիվ 10 տոկոսի համար է թեկնածուների գիտելիքը, պատրաստվածությունը կողմնորոշիչ ազդակ։ Եւ ըստ այդմ, նաեւ փոքր արժեք ունեն այս քարոզարշավի ժամանակ ծավալված բանավեճերը, որոնց ժամանակ ՀՀԿ-ն ակնհայտորեն հաղթում է «Իմ քայլի» թեկնածուներին։