Դեկտեմբերի 9-ը աշխարհի վերջը չէ, ոչ էլ նոր հաշվարկի սկիզբը․ 3 պատճառ ընտրությունների գնալու համար

Դեկտեմբերի 9-ը աշխարհի վերջը չէ, ոչ էլ նոր հաշվարկի սկիզբը․ 3 պատճառ ընտրությունների գնալու համար

Վաղը մենք նոր խորհրդարան ենք ընտրում։ Հերթական, թե արտահերթ ընտրություններով, միեւնույն է՝ դեկտեմբերի 9-ին ընտրողի վստահության քվեով ձեւավորվելու է նոր իշխանությունը, որը ենթադրաբար գործելու է մինչեւ 2023 թվականը, իսկ դա նշանակում է, որ մեր բոլորիս կյանքը, երկրի ընթացքը, զարգացման կամ հետընթացի սաղմերն այսօր են դրվում։ Ուստի անտարբերությունը, իմիջիայլոց վերաբերմունքը, ընտրություն կոչվող գործընթացի թերագնահատումը նշանակում է անտարբեր լինել սեփական երկրի եւ սեփական ճակատագրի հանդեպ, «ձեռքերը լվանալ» երկրի հանդեպ պատասխանատվությունից։ Ուրեմն․

1․ Անպայման գնացեք ընտրության՝ անգամ եթե կարծում եք, որ «ընտրություն չկա», որ «ամեն ինչ կանխորոշված է», «մի քվեն ոչինչ չի նշանակում մեկ միլիոնի մեջ»։ Անգամ եթե վստահ չեք, որ Ձեր ընտրությունը ճիշտ է եւ չկա որեւէ ուժ, որին լիաթոք ձայն կտայիք։ Գնացեք ընտրության։ Դա ոչ միայն ծեծված «քաղաքացիական պարտք» հասկացության իրագործման համար է, այլեւ այն պարզ պատճառով, որ Ձեր՝ կասկածանքով տրված քվեն ավելի խելամիտ եւ ճիշտ կարող է լինել, քան ակտիվ ընտրողների միանգամայն համոզվածությամբ տրված քվեն։ Ի վերջո, մի բան է երբ ընտրությանը մասնակցում է ընտրողների 40 տոկոսը եւ այլ բան՝ երբ 80։ Առաջին դեպքում ստացվելու է, որ հասարակության կեսից ավելին չի մասնակցում իշխանության ձեւավորմանը, ուստի դա ոչ հասուն, ոչ ակտիվ հասարակություն է՝ ամբոխ, որը պատրաստ է իր երկրի կառավարումը նվիրել ինչ որ մեկին ու մի կողմ քաշվել։ Երկրորդ դեպքում բոլորը կհասկանան, որ հասարակության ճնշող մեծամասնության ընտրությունն է սա եւ անգամ ընդդիմադիր հատվածը դա կընդունի որպես օբյեկտիվ իրականություն եւ կհնազանդվի մեծամասնության կամքին։

2․Անպայման քաղաքական ընտրություն կատարեք՝ մոռանալով, որ հարեւան Սարգիս քեռու տղան թեկնածու է Ձեր տարածքում եւ Ձեր հայրն ամեն օր նարդի է խաղում Սարգիս քեռու հետ։ Ընտրեք այն անձին ու կուսակցությանը, որը քաղաքական առումով պատրաստ է, Ձեր կարծիքով, ունակ է երկիր կառավարել, որի գիտելիքներին ու սկզբունքներին հավատում եք անձամբ Դուք։ Ընտրեք Ձեր խղճի համաձայն՝ մոռանալով բոլորի խնդրանքները՝ եթե անգամ խնդրողը Ձեր անմիջական ղեկավարն է, թաղապետը, նախարարը, գիտական ղեկավարը, քավորը, կինը կամ մանկության ընկերը։ Ընտրությունը լավություն անելու, լավության տակից դուրս գալու, ապագայում որեւէ բան կորզելու միջոց չէ։ Անգամ եթե Դուք ընտրեք եւ Ձեր ընտրյալը մտնի իշխանություն, նա արագ մոռանալու է, կամ էլ՝ չի հավատալու, որ Ձեր քվեն ինչ որ դերակատարում է ունեցել իր ճակատագրում։

3․Ընտրություններին մի վերաբերվեք որպես ծանր ու տհաճ պարտականություն, աշխարհի վերջի ազդարարում եւ մի 5 կամ 10 տարի քաղաքականությունից՝ հասարակության օտարման սկիզբ։ Այս կամ այն ուժի գերազանցության ազդարարում, մեկ այլ ուժի՝ ջախջախիչ պարտություն կամ ասպարեզից հեռանալու նախանշան։ Կյանքը ցույց է տալիս, որ անգամ ընտրությունները հաճախ չեն արտահայտում հասարակության իրական տրամադրությունները, եթե անգամ արտահայտում են՝ դրանք շատ արագ ու անսպասելի փոփոխության են ենթարկվում։ Եւ 80 տոկոսով հաղթանակից, կամ՝ 1 տոկոս ստանալու պարագայում կրած պարտությունից ընդամենը ամիսներ անց իրավիճակը կարող է կտրուկ փոխվել։ Մենք էմոցիոնալ եւ արագ մտքափոխվող ազգ ենք։

Բարի ընտրություն բոլորիս