Երեւան 2800

Երեւան 2800

Քաղաք

Քո սիրո երգը, քաղաք,
ես գրում եմ առանց բառեր.
երկինքն եմ պահում աչքերիս մեջ
ու մի արեւ աղջիկ՝
թեքված քո գարունին:

Երեւան

Իմ մերձավորն ես,
քո յուրայինն եմ, Երեւան:
Քեզ իմանում եմ փողոցներիդ կոր ու գծով՝ առանց քարտեզ,
ամեն կամուրջդ գիտեմ, ելումուտը, նրբանցք ու խաչմերուկ,
տանիքներիդ գույները խատուտիկ, ներս կանչող զանգը դռներիդ,
անգիր հիշում եմ հասցեներ եւ մարդկանց անուններով ճանաչում:
Իմ միշտ գարունն ես, աշնան թավշախոս ծառուղին,
ամռան գարեջուրը պաղ ու տաք թեյարան ես ձմռանը.
մեր ինքնության պայքարի վկան են խոսող աչքերդ,
եւ օրերիս ազատության երգն եմ լսում քո մեջ:
Իմ ինքնագիրն ես, որ թողնում եմ ամեն պատիդ՝ քաղաքը ես եմ,  
իմ փողոցն ես, իմ տունն ես, իմ հասցեն ես, Երեւան:

Ես քոնն եմ ամբողջովին,
դու իմն ես ամբողջական:
Ինձ ունես բոլոր ժամերիդ մեջ, ակնթարթում վաղահաս,
քո առավոտն եմ, տաք կեսօրը, քո գիշերն եմ մինչեւ լույս,
եւ զրույցն ես հիշում հայացքիդ տակ անցած օրերիս,
երբ գլուխս դրած ուսիդ՝ ուզում եմ մի խելառ պատմություն լսել:
Քո երազը իրական պատկերող կտավն եմ,
քո թռիչքը ճախրանք նոտագրող մեղեդին եմ,
քո լույսի ձայնը օրհներգող բանաստեղծությունն եմ.
հիշողությունն եմ մեր խենթ ձեռքով հեղաշրջած քո ժամանակի,
նոր տողից շարադրվող քո պատմության այս պահի էջն եմ.
քո տղան եմ, սիրահարն եմ, քո պոետն եմ, Երեւան:

Հարցաթերթիկ

Քաղաքային վարք
ու կենսագրություն ես մայրաքաղաքի,
իմ անձնական գործն ես՝ հատուկ նշումներով,
հարցաթերթիկ, որ լրացնում եմ կետ առ կետ:

Ծննդյան թվական՝ 782 Քրիստոսից առաջ,
կրթությունը՝ Վանի թագավորության հիշողություն,
բնօրրանը՝ Էրեբունի, այժմ թանգարան:
Հարցին, թե ի՞նչ երազանք ունեմ,-
էլի մի կյանք ապրեմ քեզ հետ, Երեւան.
իսկ թե ո՞րն է բուն նպատակս,-
լրացնում եմ՝
այդ երկրորդ կյանքը ունենամ անպայման:

Սիրտ ես գարնան ժամանակ,
ամենաքաղաք.
իմ Հռոմն ես,
իմ Փարիզն ես,
Վենետիկն ես,
Երեւան:

Միակ հասցե

Էրեբունի,
Կարմիր բլուր.
իմ քաղաքի նախադուռը տանող հասցեն է,
ու մի քար, որ խոսում է սեպագիր լեզու,
պատմում է հին, ժամանակից էլ հին:

Մի ժանգոտ նիզակ,
կիսատ սաղավարտ,
ու մարտակառքի ջախջախված անիվ
թանգարանում՝ ապակու տակ դրված:
Սա պատմություն չէ, որ գրում եմ,
քո վարքի փուլերն են, քաղաք,
որ գծել ես կանոն առ կանոն,
եւ շոշափում եմ:

Քո նոր հասցեն է.
Երեւան,
Ազատության հրապարակ՝
գրված աչքերի մեջ իմ օրերի:

Միշտ ելման կետ

Քաղաք՝ նռան բաց կեղեւի մեջ,
նարնջե թաղանթով՝ հատիկ-հատիկ
կարմիր.
արեւահոտ կաթում ես, Երեւան:

Քեզնից չեն գնում,
հոգնած ու բեռնավորված երթ՝
միշտ գալիս են քեզ.
տուն ես ու բաց դուռ:
Մենք կորում ենք աշխարհում՝
մեր սերը տանուլ տված նորից,
եւ հետո գտնում ենք քեզ՝
չմատնող սեր աշխարհում վերջին.
մեր երկրուղին ես,
որ պտտվում է ու դառնում
նույն տեղը՝ միշտ ելման կետ:

Նռնագույն քաղաք՝ նարնջի երիզներով,
գլորվում ես արեւի մեջ՝
հատիկ-հատիկ նռնահամ կարմիր:

Սիրո կեցություն

Ազատ սիրո  
ու խենթ վարքի սահման.
իմ քաղաքն է,
ուր ապրում եմ ես՝
ինչպես իմ սիրտն է ուզում:

Սիրո ի՞նչ բառեր խոստովանեմ,
եթե իմ բոլոր սերերն են քո մեջ,
երբ մենք երկու սիրեցյալ անհագ
մեկմեկու մեջք գրկած՝ քայլում ենք, Երեւան:
- Իմ սերն ես,- ասում եմ քեզ:
- Քո սերն եմ,- ասում ես ինձ:
Այդպես լցնում ենք մեր դատարկը մեզնից առաջ.
ավելի դու, որ քո օրերում ինձ չտրվեց,
առավել ես, որ դու չունեցար իմ օրերից:
Իսկ երբ քամի է լինում, ձյուն է ու սառույց,
ձեռք ձեռքի տված փորձությունն ենք անցնում,
որ մեզնից մեկը չսայթաքի հանկարծ:

Իմ քաղաքն ես,
ուր կեցություն եմ
ազատ սիրո
ու խենթ վարքի սահմանում:

Քաղաքային բոհեմ

Քո ներկան եմ,
իմ ներկայությունն ես, Երեւան.
ժամանակը խնայել է մեզ
ինչպես՝ կա՛նգ առ, ակնթարթ,
եւ նույն ջահելն ենք մնում միշտ,
խենթն ու սիրունը:

Շուրջօրյա երթ են, պտուտարշավ
օրերի վեր ու վարում
պարման ու պարմանուհի.
լույս ժամերին քանդում են քարկապ ու հանգույց,
անմխիթարն ու նայիվը,
երբեմն էլ, ձեռի հետ, հեղափոխում են
ընթացքը քաղաքի ու երկիրը:
Փաբում խմում են դառը գարեջուր,
երբ օրն է գնում,
չափում սահմանը ազատ կեցության
եւ երգում կրկնածափ ու հանկարծահունչ.
- Այն պարը պարիր, սիրունս,
երբ ես հանվեմ, դու մերկ լինես բոլորովին...
Իսկ լուսաբացին սպիտակ ձիով թեւավոր
անցնում են աստղակաթ երկինքը փողոցների,
փրկում սերը մութից, չար պառավ ու վհուկից:

Այս քաղաքում միշտ հաղթում է բարին՝
ինչպես հեքիաթում:

Իմ թանկն եմ վստահել քեզ, քաղաք

Ու թե հարցնեն իմ սրտին,
թե ո՞րն է քաղաքը քո.
- Ամենաթանկը քաղաքներից
դու ես, Երեւան,- կասի:

Քո քամիներից, անձրեւներից
եւ խիտ արեւներից ներս
ապրում է իմ սիրելին.
դու նրբանկատ փայում
ու պահպանում ես նրան ինձ համար,
եւ շնորհակալ եմ քեզ, քաղաք:

Նրա թեւերն ես, որ գրկում են ինձ,
միշտ հմայքն ես, որ ինձ բերում է քեզ,
եւ հայացքն ես միակ, որ թույլ չի տալիս գնամ քեզնից:
Նրա սիրտն է բաբախում իմ ու քո միջեւ՝
երբեք կանգ չառնող ժամացույց:

Իմ թանկն եմ վստահել քո հսկումին՝
տաք սերս, քաղաք,
եւ քեզ դիմում եմ այն բառերով,
որ ընտրել եմ նրա համար.
մերձավոր իմ,
հարազատ իմ,
իմ յուրային:

Երեւանյան ջազ

Կինո Մոսկվա.
Ազնավուրի հրապարակ,
ջազ երեւանյան:

La bohème, la bohème
Ça voulait dire
On a vingt ans
ամռան գիշեր է,
մերկապար աղջիկ
ու դանդաղ ջազ է քաղաքը:

Մերկ կաթում են մատները
սեւ ու սպիտակ ստեղներին դաշնամուրի.
Ջազ Մալխասն է
էն հին փաբում երեւանյան,
ուր լացել ենք կոտրած սրտով
մեր սերերը հատ-հատ.
Isabelle, Isabelle,
mon amour...

Երեւան,
Մալխաս ջազ-ակումբ.
la bohème...  

Կասկադ

Կասկադ,
Օգոստոս, սրճարան.
հեռացող ստվերն է երկարում
ամռան աղջկա
կում-կում սառած սուրճի մեջ:

Վայրի աղավնիներ են սալահատակին
ու սահուն մարմինների շուրջպար.
Կա՛նգ առ, մի պահ,
սպիտակ շապիկով գեղեցկություն,
որ մարմնախաղիդ մեջ մնա
արեւը, ամառը, 31-ը օգոստոսի ու չգնա.
արդյո՞ք կգտնենք ձմռան մեջ՝
տաք թեյի շուրջ, նրբասահը նույն աղջկա:
Օրն է բարձրանում աստիճանները քար-քար,
որ թեք սափորներից թափվող ջուրը լսի
ու մի վերջին հայացք՝ շուռ գա քաղաքին,
որպես կորցրած աշխարհը մեր՝
եկող ժամանակով պաղ:

Լուսնի կիսադեմն է կախվելու
արձանների անթարթ միգամածին,
ու երկարելու է ծարավը
կում-կում չխմած արեւի մեջ
ամռան աղջկա:

Հետո
Երեւան եմ գրում ընդամենը
իմ փողոցի չափ ծիրին առավոտի
եւ թողնում եմ երկինքն ամբողջ
սիրո, լույսի ու գարնան համար,
որ բերելու են եկողները դեռ
ինձնից հետո՝ արեւ ու պայծառ:

Հուսիկ ԱՐԱ
Հրապարակ մշակութային հավելված