Ինչո՞ւ է 23 հազար դոլար կաշառքի մեջ մեղադրվող դատավորը դրսում, 500 դոլար վերցնողը՝ բանտում
«Հատ-հատ բոլոր սերմացու գողացող մկներին բերելու ենք դատարան… Եվ եթե թվում է, որ այդ սերմացու գողացողներն իրենց նման ճտեր են դրել դատարաններում… Այո, Հայաստանի դատական համակարգում շատ մեծ թիվ են կազմում կոռումպացված, թալանչի դատավորները, եւ այդ դատավորներին հատ-հատ բերելու ենք պատասխանատվության»․ նախընտրական քարոզարշավի 9-րդ օրը հայտարարեց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։ Նույն օրը Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում պետք է ընթանար 23 հազար դոլար կաշառք վերցնելու մեջ մեղադրվող 2 դատավորի եւ այլ անձանց գործով դատաքննությունը, սակայն դատական նիստը տեղափոխվեց 2019 թ․ հունվարի 20-ը։
Մոտ 15 օր առաջ նույն դատարանի դատավոր Աննա Դանիբեկյանի որոշմամբ՝ գրավի կամ պատգամավորների անձնական երաշխավորությամբ ազատ արձակվեցին 23 հազար դոլար կաշառք վերցնելու մեջ մեղադրվող Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Աղվան Պետրոսյանը, նույն դատարանի դատավոր Վանիկ Վարդանյանը, մարզի դատախազ Սեւակ Շհոյանը (վերջինս այս գործին առնչվում է առանձին՝ 4 հազար դոլար կաշառքի գործով) եւ սույն գործով անցնող մի քանի անձինք եւս, այդ թվում՝ Պետրոսյանի վարորդը, կաշառքի միջնորդության մեջ կասկածվողները։
Աղվան Պետրոսյանը, ի դեպ, ազատ է արձակվել 2 պատգամավորի երաշխավորությամբ, որոնց թվում են Նիկոլ Փաշինյանի աներորդի Հրաչ Հակոբյանը եւ դաշնակցական պատգամավոր Սուրեն Մանուկյանը։ Եվս 5 պատգամավոր հայտարարել էին, որ պատրաստ են միանալ այդ միջնորդությանը։ Թե ինչու են պատգամավորները նպաստում, որ կոռուպցիայի մեջ մեղադրվող դատավորներն ու դատախազներն ազատ արձակվեն, երբ երկրի վարչապետը հակառակ մարտավարություն է ընտրել, պարզ չէ։
Իսկ կոռուպցիոն այս սկանդալը բացվել էր, երբ մարզի նախկին դատախազ Սեւակ Շհոյանի դեմ բողոք է ստացվել քաղաքացուց՝ այն բանի համար, որ նա կաշառք է վերցրել, բայց «գործը չի արել»։ Ըստ մեղադրական եզրակացության՝ 2015 թ․ Վարդենիսի «Ցուլ» ռեստորանում կռիվ եւ դանակահարություն էր տեղի ունեցել։ Մասնակիցներից մեկը Գոռ Գալստյանն է եղել եւ նրա քրոջ ամուսինը, որոնք, ըստ մեղադրական եզրակացության, դիմել էին Գեղարքունիքի մարզի դատախազ Սեւակ Շհոյանին՝ արարքը որպես ինքնապաշտպանություն որակելուն նպաստելու համար, եւ վերջինիս պահանջով 4 հազար դոլար կաշառք էին տվել։ Դատախազն էլ վերցրել էր կաշառքը, բայց Գոռին, միեւնույն է, քրեական հետապնդման էին ենթարկել եւ կալանավորել։ Ծնողներն այս անգամ 23 հազար ԱՄՆ դոլար կաշառք են տվել դատարանի նախագահ Աղվան Պետրոսյանին։ Միջնորդն էլ Վարդենիսի պետական քոլեջի տնօրենի եղբայրը՝ Հայկ Կարապետյանն է եղել եւ Պետրոսյանի վարորդ Կարեն Մարտիկյանը։ Կաշառք տալու եւ կաշառքի միջնորդության դրվագներում, ընդհանուր առմամբ, ներգրավված է եղել 13 անձ, մանրակրկիտ ապացույցներ են հավաքել, 6 ամիս շարունակ ԱԱԾ-ն գաղտնալսել է դատավորներին ու մյուս գործող անձանց։ Սակայն հեղափոխությունը վճռորոշ դեր կատարեց եւ կալանքի տակ գտնվող բոլոր անձինք ազատ արձակվեցին։
Փաստաբան Տիգրան Աթանեսյանն ասում է․ «Միշտ ողջունել եմ գրավի կիրառումը՝ մեր քրեակատարողական համակարգը գնահատելով դժոխային։ Այսինքն՝ այնտեղ պետք է մեկուսացնեն մարդկանց, ովքեր իրական վտանգ են ներկայացնում հանրության եւ գործի քննության համար, իսկ այս դեպքում գործը վաղուց դատարանում է, ապացույցները՝ դատավորի տրամադրության տակ, եւ ընդամենը մնում է դրանք հետազոտել։ Ենթադրում եմ, թե Ձեր նշած գործով ինչ պետք է լինի՝ հաղորդում տվողը կա, գաղտնալսումները կան, նկարահանումը կա։ Է՞լ ինչ պետք է փոխվի»։
Նախկին դատավոր Պարգեւ Օհանյանն էլ ասում է․ «Ես կողմնակից եմ օրենքի մեղմ մոտեցումներին, լինի դա ժամանակից շուտ խափանման միջոցը փոխելը կամ պայմանական վաղաժամկետ ազատվելու տեսքով։ Կարեւորը, որ փաստն արձանագրվել է, որ միշտ էդպես լինի՝ կաշառք կլինի, պաշտոնական դիրքի չարաշահում, թե կոռուպցիայի այլ դրսեւորում։ Կամ այլ հանցագործություն։ Կարեւորն աչք չփակելն է»։
Սակայն հարց՝ ինչո՞ւ Հայաստանում 23 հազար դոլար կաշառք պահանջելու մեջ մեղադրվող դատարանի նախագահն ազատության մեջ է, իսկ 500 ու 1000 դոլար կաշառքի մեջ մեղադրվող դատավորները՝ կալանավայրում։ Մեկը դատավոր Իշխան Բարսեղյանն է, որ 1000 դոլար վերցնելու համար ընդհանուր իրավասության դատարանի կողմից դատապարտվել է 7 տարվա ազատազրկման։ Նրա գործը վերաքննիչում է՝ լսվելու է այսօր, եւ նրա պաշտպան Վարդուհի Էլբակյանի տեղեկացմամբ՝ մտածում են գրավի դիմաց իր պաշտպանյալին ազատ արձակելու միջնորդություն ներկայացնելու մասին։ Արարատի եւ Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Լեւոն Արազյանն էլ մեղադրվում է 600 դոլար կաշառք վերցնելու մեջ, ու նրա նկատմամբ դատաքննությունը շարունակվում է նույն դատարանում, որտեղ աշխատում է եւ նա կալանավորված է։
Ի դեպ, դատական համակարգի կայքում Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի նախագահի պաշտոնում շարունակում է պահպանվել Աղվան Պետրոսյանի անուն-ազգանունը։ Պետրոսյանի փաստաբան Արմեն Մելքոնյանը մեզ հետ զրույցում ասաց․ «Դատավորներին ազատում է հանրապետության նախագահը, իսկ եթե մարդը դեռ մեղավոր չի ճանաչվել, ո՞նց կարող են ազատել։ Բա որ վաղն արդարացնեն, ո՞վ ա պատասխան տալու»։ Իհարկե, այս պահին քրեական հետապնդման մեջ գտնվող դատավորը դեռ աշխատանքի չի գնում եւ գործեր չի քննում։ Բայց երկակի ստանդարտների կիրառումն այս գործերի դեպքում ակնհայտ է։
Կարծիքներ