Ես Նիկոլ Փաշինյանի հետ քայլել եմ 2012 թվականից

Ես Նիկոլ Փաշինյանի հետ քայլել եմ 2012 թվականից

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Նարեկ Բաբայանը Պետգույքի կառավարման վարչության նախագահն է, կինը՝ Լենա Նազարյանը, ԱԺ պատգամավոր, այժմ՝ պատգամավորության թեկնածու։ Բաբայանն այդ պաշտոնին նշանակվել է իշխանափոխությունից հետո։ Նման երեւույթի երբ ականատես էինք լինում նախորդ իշխանության օրոք, խիստ քննադատաբար էինք վերաբերվում, որ ընտանյոք հանդերձ պաշտոններ են զբաղեցնում, ծանոթ-բարեկամներով, ամուսիններով իրար պաշտոնների են տեղավորում եւ այլն։ Նարեկ Բաբայանն այս թեմայով մեզ հետ զրույցում ասաց, որ ինքն այստեղ կոռուպցիոն ռիսկ բացարձակապես չի տեսնում։ «Մենք առանձին քաղաքական գործիչներ ենք եւ մենք քաղաքականությամբ սկսել ենք զբաղվել այն ժամանակ, երբ դեռեւս իրար ծանոթ չենք եղել եւ կուսակցության վարչության անդամ ենք ընտրվել, առաջին վարչության անդամ՝ երկուսս էլ, եւ էստեղ այդ ռիսկը եւ էս պարագայում, առհասարակ, չկա շահերի բախում պատգամավորի եւ Պետգույքի կառավարման վարչության նախագահի պաշտոնների միջեւ»։

- Պարզապես նախորդ կառավարությունների ժամանակ, երբ որեւէ նախարարի կամ պատգամավորի կինը, ամուսինը մեկ այլ գերատեսչությունում էր բարձր պաշտոն զբաղեցնում, դա միշտ շահարկվում էր։

 - Շահարկվում էր, որովհետեւ կային լրջագույն կասկածներ, այդ թվում՝ մեզ մոտ, որ այդ մարդիկ նշանակվել են բարեկամ լինելու բերումով։ Բայց որեւէ մեկը չի կարող հիմնավոր փաստարկ ներկայացնել, որ, ենթադրենք, ես նշանակվել եմ բարեկամ լինելու բերումով։

- Իսկ ինչի՞ բերումով եք Դուք նշանակվել։

- Եթե ուսումնասիրեք իմ կենսագրությունը՝ քաղաքական, եւ տեսնեք, թե ես կուսակցությունում ինչ դեր եմ ունեցել, պարզ կդառնա, որ ես նշանակվել եմ քաղաքական հայեցողությամբ՝ որպես կուսակցության անդամ լինելով։

- Այ, դա էլ է շահարկվում, որ ովքեր Նիկոլ Փաշինյանի թիմից են, նրա հետ քայլել են, նրա հետ պայքարել են, պաշտոններ պետք է զբաղեցնեն՝ անկախ իրենց պրոֆեսիոնալիզմից, անկախ նրանից՝ տիրապետո՞ւմ են ոլորտին, թե՞ ոչ։

- Ուրեմն, գոյություն ունեն հայեցողական պաշտոններ, որոնց նշանակվում են վստահելի մարդիկ, անգամ եթե այդ մարդիկ մեծ փորձ չեն ունեցել այդ բնագավառում, որովհետեւ մենք տեսել ենք, թե ինչպես են նախորդ կառավարություններում մեծ փորձ ունեցող խիստ պրոֆեսիոնալները կոռուպցիայի մեջ ամբողջությամբ թաթախված եղել եւ շատ պրոֆեսիոնալ կերպով կոծկել են իրենց գործունեությունը։ Ինչ վերաբերում է քայլելուն, շատ ցածր մակարդակի խոսակցություն է քայլելը, որովհետեւ, եթե խոսքը վերաբերում է քայլելուն, ապա՝ այո, ես Նիկոլ Փաշինյանի հետ քայլել եմ 2012 թվականից։ Ինչ վերաբերում է առհասարակ իմ քայլերին, դրանք սկսվել են 2003 թվականի նախագահական կեղծված ընտրություններից հետո, երբ որ ես քայլել եմ փողոցներում, բողոքել եմ, նստացույցերի եմ մասնակցել միշտ։ 2003 թվականից սկսած՝ գրեթե բոլոր տեսակի ակտիվ գործողությունների մասնակից եմ եղել եւ նորից եմ ասում՝ կարող եք ուսւոմնասիրել իմ կենսագրությունն ու նաեւ այլ մարդկանց հարցնել եւ հասկանալ, որ իմ նշանակումը չի կարող որեւէ կերպ պայմանավորված լինել բարեկամական կապով։

- Ասացիք՝ հայեցողական պաշտոններին նշանակվում են վստահելի մարդիկ, այսինքն՝ Դուք, լինելով Նիկոլ Փաշինյանի վստահելի մարդը, կարող էիք ցանկացած պաշտո՞ն զբաղեցնել՝ անկախ կոմպետենտությունից։

- Ուրեմն կոմպետենտությունն արդեն որոշում է վարչապետը։ Եվ, նորից եմ ասում՝ հայեցողական պաշտոնն այն պաշտոնն է, որ նաեւ պահանջում է վստահելիություն։ Ոչ մեկը չի ասել, որ ոչ կոմպետենտ մարդը, այն մարդը, ով չի կարողանալու այդ պաշտոնում լիարժեք պաշտոնավարել, արդյունավետ աշխատել, շարունակելու է զբաղեցնել այդ պաշտոնը։

- Դուք կշարունակե՞ք զբաղեցնել ընտրություններից հետո այս պաշտոնը։ Կա՞ վաչապետի կողմից այդ վստահությունը Ձեր հանդեպ, ուզո՞ւմ է, որ հաջորդ կառավարությունում էլ Դուք մնաք Ձեր տեղում։

- Չեմ կարող ասել, այդ հարցը ճիշտ կլինի տալ վարչապետին։