Տարբերակներից է, որ 2-րդ նախագահն է իր առջեւ, դրա համար է որոշել գալ. Ռուբեն Սահակյանը` գլխավոր դատախազին

Տարբերակներից է, որ 2-րդ նախագահն է իր առջեւ, դրա համար է որոշել գալ. Ռուբեն Սահակյանը` գլխավոր դատախազին

Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններից Ռուբեն Սահակյանին թեպետ չի կաշկանդում այն հանգամանքը, որ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն անձամբ է մասնակցում Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ բողոքի քննությանը, սակայն մտածելու տեղիք է տալիս։ Սահակյանը Վերաքննիչ քրեական դատարանում լրագրողների հետ զրույցում ասաց, որ համաձայն չէ գլխավոր դատախազի հայտնած այն մտքի հետ, թե Քոչարյանը պետք կալանքի տակ գտնվի, եւ ավելացրեց` դատական նիստերի դահլիճում կասի, թե ինչու։

«Տարբերակներից մեկն այն է, որ Հանրապետության 2-րդ նախագահն է իր առջեւ, դրա համար է գլխավոր դատախազը որոշել գալ, դա հարգանքի նշան է եւ երկրորդ տարբերակ՝ գուցե եւ փորձում է սրբագրել այն սխալները, որոնք տեղի են ունեցել մինչ այդ»,- նշեց Սահակյանը:

Հիշեցնենք, որ երեկ Արթուր Դավթյանը լրագրողների հետ զրույցում նշել էր, որ Ռոբերտ Քոչարյանը պետք է կալանքի տակ գտնվի։ Արդեն մի քանի օր է, ինչ Դավթյանը ներկա է դատական նիստերին, նիստերի դահլիճում է նաեւ Քոչարյանը։ Այսօր պաշտպանական կողմը պատրաստվում է մի շարք միջնորդություններ ներկայացնել։

Հիշեցնենք նաեւ , որ Վճռաբեկ դատարանը նոյեմբերի 15-ին որոշում էր կայացրել, որով բեկանվել է Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումն անձեռնմխելիության հիմքով վերացնելու վերաբերյալ Վերաքննիչ դատարանի որոշումը եւ գործն ուղարկվել նույն դատարան նոր քննության: Ռոբերտ Քոչարյանը մեղադրվում է Մարտի 1-ի գործով սահմանադրական կարգը տապալելու համար։