Մեր մարզում 17 թիվն է՝ կոտորած են անում

Մեր մարզում 17 թիվն է՝ կոտորած են անում

Հարցազրույց Արարատի մարզն ընդգրկող թիվ 5 ընտրատարածքի պատգամավորության ռեյտինգային թեկնածու ՀՀԿ-ական Մուրադ Մուրադյանի հետ։

- Քարոզարշավի դեռ սկզբում էիք ասում, որ 37 թվից վատ է ձեր մարզում, քարոզարշավն ավարտին է մոտենում` փոխվե՞լ է այդ մթնոլորտը։

- Միանշանակ պնդում եմ, որ հիմա ավելի վատ է, հիմա 17 թիվն ա, կոտորած են անում մեր մարզում, մարզպետը կանչում է գրեթե բոլոր գյուղապետերին, պլան է դրել նրանց վրա։ Մարզպետն առաջադրվել է «Իմ քայլից», տեղակալը՝ առաջադրվել, աշխատակազմի ղեկավարն էլ, ու իրենց համար պլանային առաջադրանքներ ունեն՝ ով ում համար պետք է ձայն բերի։ Հիմա էլ ոստիկանությունը հատ-հատ կանչում ա գյուղապետերին ու ստիպում, որ բացատրագիր գրեն, որ իբր մարզպետն իրանց չի կանչել, չի ասել՝ էսքան ձեն կբերեք։ Բայց մտեք շրջան, հարցրեք՝ չկա մարդ, որ չիմանա էդ մասին, հիմա ուզում են սուտը ճշտի տեղ տանեն։ Լծակներն իրանց ձեռքը օգտագործում են, ոնց կուզեն, կանեն, ի՞նչ արդարության մասին ենք խոսում։ Մենք չենք խոսում, որ իրանց մոտ մարդիկ կան, որ Մասիսի ճանապարհները չեն իմանում, գյուղերի տեղը չգիտեն՝ թեկնածու են։

- Բացի համայնքապետերին ճնշելուց, իշխող ուժի ներկայացուցիչներն այլ լծակներ օգտագործո՞ւմ են։

- Վախեցնում են բոլորին, բոլոր-բոլորին։ Ես վախենում եմ նույնիսկ անուններ տալ, շտաբ չեն կարողանում մտնել, մեզ չեն համարձակվում անգամ զանգել, ես գնամ հանդիպեմ, ի՞նչ անեմ, որ էդ մարդկանց բռնեն տանե՞ն։ Ձեզ ասում եմ՝ 4 հազար 100 մարդուց չորս հոգի չի գալիս մեր շտաբ։

- Գուցե ոչ թե վախենում են, այլ հեղափոխությունից հետո իրավիճակ է փոխվել, այլեւս ՀՀԿ-ի հետ չե՞ն ուզում ճանապարհ անցնել։

- Է, եթե իրենց մոտ բան ա փոխվել, թող բոլորն էլ գան կուսակցությունից դուրս գան, մարդիկ տեսնում, լսում են, որ իշխանության համար արդեն ոստիկանությունն ա աշխատում, ոստիկանությունն ա վախացնում։ Դե, եթե այդքան հզոր էիք, Հայանիստի դեպքերը բացահայտեիք, ոստիկանության կեսին ջարդեցին, երբ ժողովուրդն ուզում էր գնալ Երեւան՝ հավաքների, միլպետին, միլպետի տեղակալին, բոլորին ջարդեցին, ընկան հիվանդանոցները, էլ սիստեմաներ, էլ ինչ ասես… տո ձեզ պաշտպանեիք, հիմա ի՞նչ գործ ունեք… էդքան ուժեղ եք, հիմա ընկել եք մեր հետեւից, տարբեր տեղեր էլ խոսում եք, թե հեսա Մուրադյանին ենք վատություն անելու, տղաներին անենք։ Ուժային կառույց եք, որ ձեզ սամասուդ էին անում, էդ ժամանակ ձեզ պաշտպանեիք։ Հիմա Մասիսում ոստիկանության թայֆա են ստեղծել, գիտեք չգիտե՞նք ովքեր էիք, ոնց եք աճել ու ինչի տեղ եք ձեզ դրել։

- Իսկ ովքե՞ր են խոսում՝ ոստիկանության պաշտոնյանե՞ր, թե՞ մարզային իշխանություններ։

- Չեմ ուզում անուններ տալ, բայց պնդում եմ՝ իմ հեռախոսն էլ են լսում, ես միանշանակ հիմա ասում եմ՝ ովքեր հանկարծ կփորձեն ընտրակաշառքի խոստումներ իմ անունից տալ, գործողություններ անել, հորինված, սարքված մարդիկ են։

- Մտավախություններ ունեք, որ կարող են «սարքել» ու Ձեր անունից ընտրակաշառքի խոստումնե՞ր տալ։

- Ամեն ինչ ես էսօր սպասում եմ։

- Դուք հանդիպումներ ունենո՞ւմ եք ընտրողների հետ, ինչպե՞ս են Ձեզ ընդունում։

- Ո՞նց հանդիպեմ, եթե մարդիկ ընկնելու են տեսադաշտում, շտաբ մտնող-դուրս եկողների հետեւից են գնում, դուք ասում եք՝ հանդիպում… ես չեմ ուզում անուններ տամ, բայց բոլորին տարբեր տեղերից մի բանով վախեցնում են․ որին՝ աշխատանքով, որին՝ բիզնեսով։ Հիմա ես հանդիպեմ, որ մարդկանց վատությո՞ւն անեն, ճի՞շտ ա։ Ես մեր մարզում էնքան բան եմ արել, որ էդ բոլոր թեկնածուներն իրար հետ վերցրած չեն արել, բայց իրանք ի՞նչ են արել, հիմա որ ՀՀԿ-ական եմ, դարձել եմ չգիտեմ ի՞նչ։ Խոսում են թալանի մասին, հա, Մասիսն էլ ա թալանվել, մարզն էլ։ Թող  ոստիկանները զբաղվեն էդ թալանչիներով ու տենան, թե հիմա դրանք ում համար են աշխատում։ Կտեսնեն, որ ՔՊ-ի ու իշխանության համար են աշխատում։ Իսկ իմ հետ էսօր շփվում են մարդիկ, ովքեր մի կոպեկ էլ չունեն, թող գան պարզեն՝ Մասիսի շենք-շինություններն ումն են, թե՞ իրենց ուժը մեր վրա է պատում, որ իրենց ղեկավարների մոտ գլուխ գովան, թե տեսա՞ք՝ ճնշեցինք։ Դեկտեմբերի 10-ից հետո այնքան անուն կտամ, որ իրենք կտենան ով ով է։

- Փաշինյանը երեկ ասաց, որ ՀՀԿ-ի վախճանին մի քանի օր է մնացել, ինչո՞ւ են ձեզանից այդքան զգուշանում։

- Իրանք գիտեն՝ ես ինչեր եմ արել, բացի լավությունից ես ուրիշ բան չեմ արել։ Ինչքան ես եմ պետք եղել մարզում ժողովրդին, Նիկոլ Փաշինյանն իր կուսակցությունով ու շրջապատով մի տոկոս էլ չեն արել։ Ժողովուրդը բոլորիս գիտի։ Նիկոլ Փաշինյանը մոռացել ա ինքն ով ա, ես ով եմ, հիմա կարում ա բա՞ն ասի։ Վարչապետ ես, 7 ամսում փակեիր արտաքին պարտքը, ասում էիր՝ հնարավոր ա, ի՞նչ ա արել, բացի խոսելուց։ Թող նայի՝ իր ցուցակում ովքեր որտեղից են ի հայտ եկել ու հասել թեկնածուի կարգավիճակի, Նիկոլ Փաշինյանն էլ թող պարզի, թե ովքեր են մարզը թալանել ու ում կողմնակիցներն են, ես վախենալու բան չունեմ։ Ի՞նչ ա փոխվել հեղափոխությունից հետո գյուղում՝ ոչ մի բան։ Ես դեռ երեք տարի առաջ եմ կառավարությանն առաջարկել, որ բերեք գյուղացիներին 5-6 տարով հողի ու ջրի հարկերից ազատեք, այսինքն՝ այն հողերը, որոնք սեփականաշնորհված են, իսկ էն մարդիկ, որ ունեն 5-10 հազար հեկտար եւ ավելի հող, թող վճարեն։ Ընդամենը 6-8 մլրդ-ի պատմություն է, ուրեմն երկրում չե՞ն կարում էդքան փող ճարեն, որ գյուղացու համար լավ լինի։ Լավ, անցած իշխանությունը չէր կարում, դե թող նոր են եկել՝ անեն։

- Իշխանափոխությունից հետո չէի՞ք կանխատեսում, որ ընդդիմադիր թեկնածուի կարգավիճակում դժվար է լինելու, հարվածի տակ եք ընկնելու։

- Իմ գերնպատակը պատգամավոր դառնալը չի, ես չորրորդ անգամն եմ առաջադրվում, բայց ես չեմ տեսնում, որ էս մարզում առաջադրվածներից ինձ հավասար մարդ կա, ես ափսոսում եմ մի բանի համար, որ շատերի համար շատ եմ տանջվել, իմ հանգստի օրերն էլ եմ տրամադրել, իմ եւ բարեկամներիս մեքենաները տասնյակ հազար կիլոմետրեր տրամադրել եմ սրա-նրա համար, բանակայինների համար, բայց մարդիկ էսօր հինգ րոպեում դավաճանում են, էսքան դավաճան այս երկրո՞ւմ։ Չիմանալով ՔՊ-ն ով ա, ինչ ա, մի քիչ տաք տեղ են տեսնում, վազում են, ես ցավում եմ։ Ես էլ չեմ զարմանում, թե ինչու է Հայաստանը 169 հազար ք/կմ-ից մնացել 29, ես վստահ եմ, որ դավաճանության պատճառով։ Ընտրություն է, թողեք ընտրություն անեն։

- Առաջինը Ձեզ դավաճանեց Մասիսի քաղաքապետը, ում Դուք դարձրեցիք քաղաքապետ։

- Քաղաքապետի հետ կապված հարցերը, էլի եմ ասում՝ տվեք իրեն։