Գարդասիլ եւ անպտղություն․ միֆեր եվ իրականություն. Մաս 1

Գարդասիլ եւ անպտղություն․ միֆեր եվ իրականություն. Մաս 1

Բավ է ինտերնետում գրես «գարդասիլ» եւ «անպտղություն» բառերը, եւ որոնումն իսկույն ահասարսուռ վերնագրերով բազում հրապարակումներ կբերի․ «Գարդասիլը սպանել է աղջկա ձվարանները», «Անպտղությունը պատվաստումից հետո՝ մեկից մեկ», «Մի ենթարկեք ձեր աղջկան դրան, անկախ բժշկի խորհրդից», «Վտանգավոր գարդասիլը․ պապիլոմա վիրուսի դեմ պատվաստումը հղի է անպտղությամբ» եւ այլն։ Սոցիալական ցանցերում շարունակ պտտվում է տեղեկությունն առ այն, որ գարդասիլն ամերիկյան փորձնական պատվաստանյութ է, որի հիմնական նպատակը բնակչության թվի կրճատումն է, այլ ոչ թե արգանդի պարանոցի քաղցկեղի կանխարգելումը։ Գրառումների հեղինակները պնդում են, որ գարդասիլն արագացնում է նախաքաղցկեղային փոփոխությունները, անպտղություն է առաջացնում եւ կարող է նույնիսկ մահվան հանգեցնել։ 

Հարկ է նշել, որ երեխաներին պատվաստում անել թե չանելու հարցն առհասարակ վերջերս համարյա գլոբալ նշանակություն է ստացել, թեպետ մայրերն ու հայրերը ժամանակին պարտադիր կարգով պատվաստվել են։  Այդ ժամանակից ի վեր պատվաստանյութերը մշտապես կատարելագործվել են. սկսել են կիրառվել թուլացված հարուցիչներ, իսկ վերջին տասնամյակներում ավելի ու ավելի հաճախ գործածվում են սպանված բակտերիաներ եւ վիրուսներ եւ նույնիսկ դրանց զտված հակածինները, որոնք պատվաստվողի մոտ անգամ թեթեւ ինֆեկցիա հարուցելու ունակ չեն։
Բայց պարադոքսն այն է, որ ինֆեկցիայի վախից ազատվածներից շատերը վախ են ձեռք բերել պատվաստումների նկատմամբ, որոնք այդքան արդյունավետ գործել են այդ նույն ինֆեկցիաների դեմ։ 

Վախի պատճառներից մեկն այն է, որ անհասկանալի է պատվաստանյութի ներազդման մեխանիզմը, իսկ անհասկանալիին դժվար է վստահել։ Պատվաստանյութը շատ բարդ կառուցվածք ունի, մենք չենք կարող վերահսկել, թե ինչ է եղել դրա արտադրության ընթացքում, իսկ դրա ներգործման պրոցեսը մինչեւ այժմ փոքր-ինչ միստիկական է թվում։ Այդ դեպքում հարկ է հիշել բոլոր պատվաստանյութերի համար պարտադիր բազմափուլ ստուգման մասին։ Ի վերջո, մենք ամենքս թռչում ենք ինքնաթիռով կամ հեռուստացույց ենք դիտում՝ չխոհածելով անգամ միկրոսխեմաների մասին։ 

Անպտղության հանգեցնող պատվաստանյութերի մասին միֆը ծնունդ է առել շատ վաղուց, բայց մինչեւ այժմ գոյում է։ Թե դա իբր յուրատեսակ դավադրություն է, որի նպատակը բնակչության աճը կրճատելն է։ Միֆը սկիզբ է առել այն ժամանակներում, երբ հայտնվեց պոլիոմիելիտի պատվաստանյութը, որն Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը սկսեց ակտիվորեն պրոպագանդել, հատկապես զարգացող երկրներում, որտեղ հիվանդացության մակարդակը բարձր էր։ Մարդիկ, որ միշտ վերապահությամբ են վերաբերվել Արեւմուտքի նորամուծություններին, կասկած հայտնեցին, թե Արեւմուտքն ուզում է վերահսկել ծնելիությունը։ 
Համանման իրարանցում է առաջացրել նաեւ փայտացման դեմ պատվաստանյութը։ Այսպես, Քենիայի բժիշկների կաթոլիկ ասոցիացիան հայտարարել է, թե իբր պատվաստանյութը խորիոնային գոնադոտրոպին հորմոն (hCG) է պարունակում եւ նախատեսված է կանանց ստերջացման համար  (https://sciencebasedmedicine.org/fear-mongering-about-vaccines-as-racist-population-control-in-kenya/)։ Այդ բժիշկները պնդում էին, որ լաբորատոր հետազոտությունների ընթացքում բոլոր պատվաստված կանանց արյան մեջ գոնադոտրոպինի բարձր մակարդակ է հայտնաբերվել։ ԱՀԿ-ում ժխտեցին փայտացման դեմ պատվաստանյութի մեջ hCG-ի առկայության մասին տեղեկատվությունը՝ նկատելով, որ փորձի հավաստիության համար հարկ էր լաբորատոր քննության (ընդ որում, հատուկ լաբորատորիաներում) ենթարկել հենց պատվաստանյութը, այլ ոչ թե կանանց արյունը (https://www.unicef.org/kenya/media_15665.html)։

Բայց ամենից շատ պախարակվում է մարդու պապիլոմավիրուսի դեմ (ՄՊՎ) պատվաստանյութը, քանի որ այդ վիրուսը փոխանցվում է նաեւ սեռական ճանապարհով։ ՄՊՎ-ն վտանգավոր է նրանով, որ կարող է արգանդի պարանոցի քաղցկեղ առաջացնել։ Հիմնականում թիրախավորվում է գարդասիլ պատվաստանյութը, որի քառավալենտ տարբերակը պայքարում է ՄՊՎ 16, 18, 6 եւ 11 շճատիպերի դեմ, որոնցից հենց 16-ն ու 18-ն արգանդի պարանոցի քաղցկեղ են հարուցում։ 
Տրամաբանությունը պարզ է․ եթե փոխանցվում է սեռական ճանապարհով, կնշանակի կապված է վերարտադրողականության հետ։ Իսկ ինչո՞ւ որպես կողմնակի ազդեցություն մեջտեղ չբերել անպտղությունը։ 

Հայաստանում գարդասիլային էպոպեան սկսվեց անցյալ տարվա վերջում, երբ առողջապահության նախարարությունն ազդարարեց 16 հազար 13 տարեկան աղջիկների պատվաստման գործընթացի սկիզբը։ Ողջ ժխտական տեղեկատվությունն ինտերնետային բոլոր հնարավոր ծակուծուկերից սահուն տեղափոխվեց հայկական ԶԼՄ-ներ եւ սաստիկ մեծ ներգործություն ունեցավ իշխանության հանդեպ համատարած անվստահության ֆոնին։ Իշխանությունը փոխվեց, բայց հակաքարոզչության բացասական ազդեցությունը մնաց։

Առողջապահության նախարարության Իմունականխարգելման ազգային ծրագրի հետազոտությունները ցույց են տվել, որ հենց անպտղության մասին պնդումներն են ստիպել հայ մայրերին հրաժարվել իրենց աղջիկներին գարդասիլով պատվաստելուց։ Ծրագրի ղեկավար Գայանե Սահակյանը պատմում է, որ նույնիսկ արգանդի պարանոցի քաղցկեղով հիվանդ մայրը հրաժարվել է պատվաստել իր աղջկան՝ իր դստեր համար հնարավոր բացասական հետեւանքներից գերապատվություն տալով քաղցկեղին, այլ ոչ թե «անպտղությանը»։ 

Իրավիճակը բարդացնում է նաեւ այն, որ պատվաստումների հակառակորդները հմտորեն տիրապետում են գիտական եզրաբանությանը, եւ գիտությունից ու բժշկությունից հեռու մարդուն դժվար է գլուխ հանել, թե որքան ապացուցելի են այս կամ այն պնդումները։
Մասնագետները խորհուրդ են տալիս օգտվել միայն այն աղբյուրներից, որոնք ընդունված են գիտական աշխարհում, բայց ոչ մասնագետի համար այս հարցում էլ կողմնորոշվելը դժվար է։ Առավել եւս, որ պատվաստանյութերի կիրառման հետեւանքների հետ կապված հաղորդումների մասին հոդվածները հայտնվում են նաեւ բավականին հեղինակավոր գիտական հանդեսներում, որոնց կանդրադառնանք մեր հաջորդ համարում։

Շարունակելի