Պարտադիր զինվորական ծառայությունը պետք է դառնա մեկ տարի. Արթուր Բաղդասարյան

Պարտադիր զինվորական ծառայությունը պետք է դառնա մեկ տարի. Արթուր Բաղդասարյան

Նախընտրական քարոզարշավի շրջանակներում ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանը Բերդ քաղաքում էր: Բերդի մշակույթի տան դիմաց հավաքված բնակիչները եկել էին լսելու ՕԵԿ նախագահին եւ նրան ուղղելու իրենց հուզող հարցերն ու  մտահոգությունները:
Արթուր Բաղդասարյանը, խոսելով հեղափոխության ընձեռած հնարավորությունների մասին, նշեց, որ այսօր երկիրն առաջընթաց զարգացման տանելու նոր հեռանկար է բացվել՝ ՕԵԿ ծրագրային դրույթներում արտացոլված եւ հանրությանը հուզող խնդիրները բարձրաձայնելու եւ դրանց լուծման ուղիներ առաջադրելու համար: Արթուր Բաղդասարյանը մասնավորապես կարեւորեց սահմանների տեխնիկական վերազինման, մեկ տարվա զինծառայության եւ պրոֆեսիոնալ բանակի աստիճանական անցման անհրաժեշտությունը:

«Մենք առաջարկում ենք երկու տարվա փոխարեն մեկ տարվա զինծառայություն, ինչպես դա արեց Ռուսաստանի Դաշնությունը:  Մենք առաջարկում ենք աստիճանական անցում կատարել  պրոֆեսիոնալ, վարձատրվող բանակի՝ բացառելով 18 տարեկան զինվորի՝ սահմանում կանգնելու հնարավորությունը:  Միջազգային լավագույն փորձի համաձայն՝ այսօր մեկ պրոֆեսիոնալ, բարձր վարձատրվող զինվորականը հավասարազոր է 5 ժամկետային զինծառայողի: Այս ճանապարհով մենք ոչ միայն լուծում ենք բանակի մարտունակության, այլեւ մարդկանց զբաղվածության խնդիրը»:
Անդրադառնալով համայնքների խոշորացման հիմնախնդրին՝ Արթուր Բաղդասարյանը նշեց, որ համայնքների խոշորացումն անընդունելի է՝ բացառությամբ այն դեպքերի,  երբ այն ուզում է համայնքի բնակիչը. «Մենք «ոչ» ենք ասում համայնքների խոշորացմանը:

Դա հնարավոր է միայն այն դեպքում, երբ դրան կողմ է համայնքի բնակիչը: Մնացած բոլոր դեպքերում դա անընդունելի գործելաոճ է: Միաժամանակ մենք գտնում ենք, որ անհրաժեշտ է սահմանամերձ բնակավայրերի բնակիչներին 100 տոկոսով ազատել հողի հարկից եւ նրանց նկատմամբ հատուկ պետական հոգածություն ցուցաբերել, հատկացնել սուբսիդիաներ, իսկ հողի վրա աշխատող գյուղացու աշխատանքը պետք է համարել որպես աշխատանքային ստաժ եւ դրա դիմաց վարձատրել նրան»: