Աշոտ Մարկոսյանը որեւէ շահ չուներ ջրանցքը մեզ տալու. գեներալ Մանվելի օգնականը հերքում է դատախազին

Աշոտ Մարկոսյանը որեւէ շահ չուներ ջրանցքը մեզ տալու. գեներալ Մանվելի օգնականը հերքում է դատախազին

Կառավարությանն առընթեր պետգույքի կառավարման վարչության պետի նախկին տեղակալ, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Աշոտ Մարկոսյանի ձերբակալման մասին լուրը երեկ կայծակի պես տարածվեց էլեկտրոնային լրահոսով։ ՀՀ գլխավոր դատախազությունը պրոֆեսորին կասկածում է պաշտոնեական լիազորությունները չարաշահելու եւ կեղծիք կատարելու մեջ (Քրօր․ 308-րդ հոդված, մաս 2 եւ 314-րդ հոդված, մաս 1)։ Նա, ըստ դատախազության, մեղավոր է ՀԷԿ շահագործող «Անի» ընկերությանը ցածր գնով՝ 22 մլն 695 հազար 306 ՀՀ դրամով Ամասիայի ջրանցքը՝ 1882 քմ մակերեսով, Ջրաձորի ջրանցքը՝ 5342 քմ մակերեսով, այն սպասարկող ենթակառուցվածքները՝ 1.38 հեկտար մակերեսով հողամասը, 7060 քմ թունելը, օտարելու մեջ։ Նշված տարածքը, ըստ դատախազության, ընդհանրապես ենթակա չէր սեփականաշնորհման: «Օտարված գույքի շուկայական արժեքը կազմում է 244 մլն 600 հազար դրամ, ինչը շուրջ տասն անգամ ավելի է ՀՀ կառավարության որոշմամբ սահմանված գնից»,- հաղորդում է դատախազությունը։ Մեր տեղեկություններով, Մարկոսյանի դեմ երկու անձի վկայություն կա:

Թիրախում կրկին գեներալ Մանվելն է

Գույքի գնահատումը, որի հիման վրա քրեական գործ է հարուցվել, ըստ նույն հաղորդման, տեղի է ունեցել 2018թ. սեպտեմբերի 26-ին: Քրեական գործը, որի շրջանակներում Մարկոսյանին ձերբակալել են, հարուցվել է հոկտեմբերի 2-ին։ «Անի» ընկերության տերը, ում տրվել է տարածքը, գեներալ Մանվել Գրիգորյանի օգնական Մեսրոպ Մանուկյանի հայրն է՝ Գեւորգ Մանուկյանը։ Նրան է պատկանում «Ջրաձոր» ՀԷԿ-ը, որի համար ջուրը վերցնում են Ամասիայի ջրանցքից։ Արդեն կարծիքներ կան, որ քրեական հետապնդման մարմնի թիրախում հենց գեներալ Մանվելն է, իսկ պրոֆեսոր Մարկոսյանն ակամայից հայտնվել է իրեն չվերաբերող պատմության մեջ։

Քննիչները խեղաթյուրել են փաստերը

Գրիգորյանի նախկին օգնական, ՀԷԿ-ի սեփականատիրոջ որդի Մեսրոպ Մանուկյանը կարծում է, որ գործարքը, որն իրենց հետ կատարել է կառավարությունը, իրականում սեփականաշնորհում չէ, եւ Աշոտ Մարկոսյանին մեղադրել դրա համար՝ ուղղակի անհեթեթություն է: «Քննիչները խեղաթյուրել են փաստերը: Ինձ համար մառազմ է, աբսուրդ է, նախընտրական շոու է Մարկոսյան Աշոտին ձերբակալելը,- ասում է Մեսրոպ Մանուկյանը։- Տվյալ գույքը, որը մենք, իբր, սեփականաշնորհել ենք, իրականում մեզ տրվել է ծանր պայմաններով: Մարկոսյան Աշոտը որեւէ շահագրգռվածություն չուներ այդ գույքը վերցնելու ու մեզ տալու, անգամ եթե պետությունն  այն գնահատեր ոչ թե 22 մլն, այլ 1 մլն դրամ: Մենք այն վաճառելու, գրավ դնելու իրավունք չունենք, պարտավոր ենք գյուղացիների ջուրն անվճար տալ, իսկ եթե ՀԷԿ-ը չաշխատի, հետ ենք վերադարձնելու պետությանը: Պետք է 540 մլն ներդրում կատարենք, հին խողովակաշարը մենք վաճառելու իրավունք չունենք: Եթե ներդրումների ժամանակացույցը չկատարենք, ապա ջրանցքը հետ ենք վերադարձնում պետությանը: Մեկ տարում մենք կատարել ենք 80 մլն դրամ: Հիմա ես Ձեզ հարց եմ տալիս՝ եթե ես այդ գույքը ո՛չ վաճառելու, ո՛չ գրավ դնելու կամ վարձակալությամբ տալու իրավունք չունեմ, եթե այդքան ներդրում դեռ պետք է անեմ, գումարած այս կասկածամտությունը մեր դեմ, ես իրավունք ունե՞մ հրաժարվելու ներդրումներ կատարելու մտքից»: 

Հիշեցնենք, «Ջրաձոր» ՀԷԿ-ի սեփականատեր Գեւորգ Մանուկյանն այս գործարքի պայմանների մասին գանգատ էր գրել Փաշինյանին՝ հայտնելով, որ խնդրել էր կառավարությանը իրեն անհատույց տրամադրել ջրանցքի տարածքը, մերժվել էր եւ ստիպված է եղել ՀԷԿ-ն աշխատեցնելու համար ընդունել կառավարության իր համար ոչ շահեկան պահանջները: 

Դատախազության հաղորդման մեջ սուտ տվյալ է նշված

Ըստ Մեսրոպ Մանուկյանի՝ աբսուրդն այն է, որ Ջրպետկոմի հաշվեկշռում այս ջրանցքի արժեքը զրո է: «Ոչ միայն մեր, այլեւ 67-72 թվականներին կառուցված հանրապետության բոլոր ջրանցքները քայքայված, անմխիթար վիճակում են, եւ դրանց բալանսային արժեքը զրո է»,- նշում է նա: Դատախազության հաղորդման մեջ սուտ տվյալ է նշված: «Սեպտեմբերին ոչ մի նոր գնահատում այդ ջրանցքի տարածքի չի եղել, քանի որ եթե դա արվեր, ապա մեր ջրանցքը պետք է դատարկվեր, եւ ջրի ավազանը ստուգվեր, ինչը չի եղել»,- հայտնեց Մեսրոպ Մանուկյանը: Գործարարը չի հասկանում, թե ինչի համար է պատժվում իր կատարած ներդրումների եւ պարտավորությունների համար: Մեր հարցին, թե արդյոք ինքը կամ իր հա՞յրն է ցուցմունք գրել Աշոտ Մարկոսյանի դեմ, նա պատասպանեց. «Իհարկե, ոչ»: 

Ախր, ի՞նչ պետք է արած լինի Մարկոսյանը

Մի քանի տասնյակ մենագրությունների հեղինակ Աշոտ Մարկոսյանը, որը Հայաստանի լավագույն տնտեսագետներից է եւ կանգնած է եղել մեր անկախության ակունքներում, որեւէ կերպ չի ասոցացվում քրեական խրոնիկայի հերոսների հետ։ Աշոտ Մարկոսյանը պետգույքի վարչության պետի տեղակալի պաշտոնից ազատվել էր 2017 թվականին։ Պետգույքի կառավարման վարչության նախկին պետ Արման Սահակյանին խնդրեցինք մանրամասներ հաղորդել Ամասիայի ջրանցքի հետ կապված գործարքի մասին։

Նա պատասխանեց, որ երբ ստորագրվում էին այդ տարածքի սեփականաշնորհման փաստաթղթերը, ինքը եղել է արձակուրդում: «Ախր, ի՞նչ պետք է արած լինի Մարկոսյանը։ Եվ ի վերջո պետք է հասկանալ, որ սեփականաշնորհումը կառավարության որոշմամբ է արվել։ Մարկոսյանն ինքնուրույն որոշում կայացնող չէր։ Եթե ինչ-որ մի պրոբլեմատիկ հարց կար, կառավարությունը պետք է այդ որոշումը չկայացներ»,- ասաց պետգույքի կառավարման վարչության նախկին պետը: