Եթե վարչապետն ասում է, որ դատավորը սխալ է, ատելություն է առաջացնում դատավորի նկատմամբ. Քոչարյանի պաշտպան

Եթե վարչապետն ասում է, որ դատավորը սխալ է, ատելություն է առաջացնում դատավորի նկատմամբ. Քոչարյանի պաշտպան

«Կար երկու բողոք, որոնցից մեկը ստորագրել էին պաշտպաններից երեքը, եւ կար մի բողոք, որը ստորագրել էի ես, քանի որ ուշ էի ներգրավված եղել։ Ուրեմն՝ երեք պաշտպանների Վերաքննիչը բողոքը ներկայացվեց մինչեւ այս պահը, ընդմիջումից հետո ես կներկայացնեմ Վերաքննիչ իմ բողոքը»։ Այս մասին քիչ առաջ դատական նիստերի դահլիճից դուրս գալուց հետո լրագրողների հետ զրույցում ասաց երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններից Հայկ Ալումյանը՝ նշելով, որ դատարանը մինչեւ 17։00-ն ընդմիջում է հայտարարել։

Նա նշեց, որ այսօր միջնորդություններ չեն ներկայացրել, դատարանը սահմանել է, որ սկզբում կլսեն բողոքները պաշտպանական կողմի, այնուհետեւ դրա վերաբերյալ դատախազների առարկությունները, հետո նոր միայն կանցնեն միջնորդություններին։ «Առայժմ դատախազական կողմիը ոչինչ չի ներկայացնում, ուղղակի ուշադրությամբ լսում են։ Ժամը հինգից հետո կշարունակվի, ներկայացնելու եմ արդեն իմ բողոքը։ Առաջին ատյանի դատարանի որոշման դեմ, նաեւ նոր երեւան եկած հանգամանքներով եմ բողոք ներկայացրել, որովհետեւ սկզբնական բողոքները, երբ ներկայացրինք, գործը, երբ քննվեց, էդ ամեն ինչից հետո պարզվեց, որ Առաջին ատյանի դատարանը իր որոշումը կայացրել է որոշակի ճնշումների տակ։ Էստեղ հիմա քննվում են պաշտպանական կողմի բողոքները։ Բողոքը ինքը շատ ծավալուն է։ Ընդհանուր գծերով ասեմ հետեւյալը․ որպեսզի դատարանը իրավունք ունենար պարոն Քոչարյանին կալանավորել, նախ պետք է ապացուցված համարեր, որ չպիտի օգտվի անձեռնմխելիությունից, երկրորդը՝ եթե կապացուցվեր, որ անձեռնմխելիությունից չի օգտվում, նոր դրանցի հետո պետք է քննակվեր, թե արդյոք առկա՞ է հիմնավոր կասկած, որ պարոն Քոչարյանը կատարել է այն, ինչ իրեն մեղսագրվում է։ Եթե էդ հիմնավոր կասկածը չկա, ապա էլի պիտի չքննարկվի, ինքը պիտի բաց թողվի։ Առաջին ատյանի դատարանը այդ ամեն ինչից ոչինչ հաշվի չի առել։ Երբ մենք լսեցինք ԱԱԾ տնօրենի եւ ՀՔԾ պետի հեռախոսային զրույցը, մեզ համար պարզ է՝ դրա տակ ինչ է եղել»,- նշեց Ալումյանը։

Նրա խոսքով՝ դատարանների վրա աննախադեպ ճնշումներ են տեղի ունենում․ «Եթե վարչապետը հստակ իր դիրքորոշումը արտահայտում է, որ դատավորը սխալ է արել եւ ատելություն է առաջացնում իր խոսքով դատավորի նկատմամբ, դրանից հետո տեսել եք քոմենթները։ Սա շատ վտանգավոր ձեւ է։ Ոչ մի դատարանի դատավորներ չեն կարող իրենց ապահովագրված զգալ, որ իրենց որեւէ դատական ակտ դուր չգա գործադիր իշխանությանը, ոնց ժողովրդին հանեց, տարավ ԱԺ պաշարելու, մի օր էլ չի բերի, դատարանը չի պաշարի։ Այդ մոտեցումները շատ վտանգավոր են դատական համակարգի համար»։

Ընդհանուր առմամբ երեք բողոք են ներկայացրել Վերաքննիչ դատարան։

Նշենք, որ Վերաքննիչ քրեական դատարանն այսօր առավոտից քննում է Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ բողոքը։ Նիստին մասնակցում է վեց դատախազ, այդ թվում՝ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը։ Քոչարյանը եւս ներկա է նիստին։

Հիշեցնենք, որ Վճռաբեկ դատարանը նոյեմբերի 15-ին որոշում էր կայացրել, որով բեկանվել է Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումն անձեռնմխելիության հիմքով վերացնելու վերաբերյալ Վերաքննիչ դատարանի որոշումը եւ գործն ուղարկվել նույն դատարան նոր քննության: Ռոբերտ Քոչարյանը մեղադրվում է Մարտի 1-ի գործով սահմանադրական կարգը տապալելու համար։