Ի սկզբանե պետք է գլխավոր դատախազը ներկայացված լիներ. Քոչարյանի պաշտպան

Ի սկզբանե պետք է գլխավոր դատախազը ներկայացված լիներ. Քոչարյանի պաշտպան

Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի գործով բողոքի քննությունը 30 րոպեով ընդմիջվեց։ Այս մասին Վերաքննիչ քրեական դատարանում հայտնեց նրա շահերի պաշտպաններից Արամ Օրբելյանը` նշելով, որ ընդմիջման պատճառը դատավարության մասնակիցներից մեկի բացակայությունն է։

Պաշտպանը, անդրադառնալով աննախադեպ այն հանգամանքին, որ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն անձամբ է ներկայանում նիստերին` նշեց, որ ավելի լավ կլիներ ի սկզբանե ներկայացված լինեին գլխավոր դատախազն ու նրա տեղակալը։ «Գործի, ըստ էության, քննարկում դեռ չի եղել։ Ես հույս ունեմ, որ գլխավոր դատախազը կարծում է, որ կան հիմքեր, որովհետև, եթե պարզվեց, որ ինքը կարծում է, որ հիմքեր չկան, բայց պնդում է միջնորդությունը, խնդիր կտեսնենք»,- նշեց Արամ Օրբելյանը։

Նա նաեւ ասաց` Վերաքննիչ դատարանը ստուգում է Առաջին ատյանի դատարանի գործունեության օրինականությունը. «Այս դեպքում մենք ունենք նաև Վճռաբեկ դատարանի որոշման մեջ արձանագրված դիրքորոշում, որի շրջանակներում պետք է քննել»։

Նշենք, որ երեկ Վերաքննիչ դատարանը հետաձգել էր սույն գործով դատական նիստը, որպեսզի պաշտպանական կողմը հնարավորություն ունենա ինքնաբացարկի միջնորդություն ներկայացնել նախագահող դատավոր Ռուբեն Մխիթարյանին։ Ինքնաբացարկի հիմքերի մասին նրանք չէին խոսել։

Ռոբերտ Քոչարյանին հուլիսի 26-ին Մարտի 1-ի գործով մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով այն բանի համար, որ նա այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել է Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը։