Արթուր Դավթյանը եւս ներկա էր Քոչարյանի խափանման միջոցի գործով բողոքի քննությանը

Արթուր Դավթյանը եւս ներկա էր Քոչարյանի խափանման միջոցի գործով բողոքի քննությանը

Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ հարցի քննությունը կշարունակվի վաղը։ Այս մասին նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտնեց Քոչարյանի պաշտպաններից Հայկ Ալումյանը։

Վերջինիս խոսքով` պաշտպանական կողմը չի հասցրել ներկայացնել նախագահող դատավոր Ռուբեն Մխիթարյանին ինքնաբացարկ հայտնելու միջնորդությունը, եւ դատարանը նրանց ժամանակ է տվել մինչեւ վաղը ներկայացնել այն։

Նշենք, որ այսօրվա նիստին ներկա էր անձամբ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը, որն աննախադեպ երեւույթ է։

Հիշեցնենք, որ Հուլիսի 27-ին Ռոբերտ Քոչարյանը կալանավորվել էր, իսկ օգոստոսի 13-ին Վերաքննիչ դատարանը բավարարել էր Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական կողմի միջնորդությունն ու վերացրել Առաջին ատյանի որոշումը՝ հաշվի առնելով, որ Ռոբերտ Քոչարյանն անձեռնմխելի է: Նա ազատ էր արձակվել: Այնուհետև Վճռաբեկը մասնակի բավարարել էր դատախազության բողոքը` խափանման միջոցի հարցն ուղարկելով Վերաքննիչ` վերաքննության։ Ռոբերտ Քոչարյանին հուլիսի 26-ին Մարտի 1-ի գործով մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով այն բանի համար, որ նա այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել է Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը։