Ռուսական պոեզիա. Վլադիմիր Սիլկին

Ռուսական պոեզիա. Վլադիմիր Սիլկին

Առավոտ

Լուռ ծխում է գետնախորշը վարդագույն,

Խոժոռ ամպերը ջրերն են ծակծկում,

Ամեն կողմից, ասես անվերջ, անդադրում

Ամրությունն են այս բնության փորձարկում:

 

Խոտը դառնում է բաժինը գերանդու,

Ինչ պատահի՝ կլլում է գայլաձուկը,

Թփերի տակ, օտար աչքից միշտ հեռու,

Ցողերի մեջ այրվում է զատիկը:

 

Գետը ցրտում կարկամել է, համրացել,

Նա էլ մարդկանց պես խեղճ, անզոր է հիմա.

Հավանաբար, հաստատ գիտի, որ ինքն էլ

Պիտի մի օր այս աշխարհից վերանա:

 

Ո՛չ մի կռիվ, մարտի որոտ աշխարհում,

Լռությամբ է արշալույսը պարուրված,

Սակայն թվում է, թե անդորրն այս անհուն

Պատերազմի տագնապով է համակված:

 

Լույսը

Լուսավորվում են դաշտեր ու անտառ,

Փխրուն ամպերը՝ երկնի կապույտում:

Ու նահանջում են ցավերը դանդաղ,

Թախծի մշուշը էլ ինձ չի պատում:

 

Լուսե մի թռչնակ երգեց թփերում,

Հարևանությամբ ուրախ առվակի,

Իսկ աշորայի դեռ խակ արտերում

Փոքրիկ կղզյակներ կան տերեփուկի:

 

Խայտում, խաղում են ձկները լույսից,

Ուռենին ճերմակ լույսով է լեցուն:

Գո՜հ եմ ամենքից ու ամեն ինչից,

Լու՛յս, ջերմությու՛ն եմ բոլորիդ մաղթում:

 

Թող եւ ո՛չ մեկի շուրթից երբեւէ

Չհնչեն խոսքեր ոխ ու չարության:

Չդատապարտեք ինձ, մարդի՛կ, եթե

Խոսքիս մեջ պակաս թողեցի մի բան:

 

Սրտիս

Ես գիտեմ՝ մինչև զարկով տենդագին

Ի վերջո անկյուն կքշես դու ինձ,

Դեռ կհասցնեմ հասկանալ մեկին,

Հերթական սիրուց խենթանալ նորից:

 

Զարկի՛ր, զարկի՛ր…Բայց արդեն զգում եմ՝

Բաբախդ հաճախ ընդհատ է ու թույլ:

Արի, սիրելի՛ս, քանի կարող ենք,

Սե՛ր տանք մենք մարդկանց եւ ուրախությո՛ւն:

 

Դեռ մի՛ շտապիր մարմնիս նեղել,

Որսա, ոնց առաջ, կանչը կռունկի,

Երգի համար ես դու աշխարհ եկել.

Զարկիր մինչև վերջ դու հանուն երգի՛:

 

Հիմն արեւին

 

Ի՜նչ լռություն է, անդորր ինչպիսի՜,

Հաջողությունը թվում է մոտիկ,

Պատուհանի տակ արեւածաղկի

Գլխիկներն են՝ հանց արեւներ փոքրիկ։

 

Իսկ արեգակը ելնում անխռով,

Թխպոտ ամպերի ծալքերն է ուղղում,

Հին, գեղեցիկ իր գործն ավարտելով՝

Կոկիկ մարգերը լույսով ողողում։

 

Ո՛չ մի շփոթմունք լուռ շարժումներում,

Ներքին ուժ միայն, զորություն կա մի,

Առանց որի եւ ոչի՛նչ աշխարհում

Չի ղողանջի ու չի ծաղկավորվի։

 

Վլադիմիր Սիլկինը ծնվել է 1954 թ-ին, Ռուսաստանի դաշնության պետական մրցանակի դափնեկիր է, արվեստի վաստակավոր գործիչ։ Հեղինակել է շուրջ 35 գիրք, ընդ որում նաեւ էսսեների, երգերի, մանկական բանաստեղծությունների։ Բանաստեղծը յուրացրել, իր մեջ է առել 19-20-րդ դարերի հայրենական պոեզիայի լավագույն ավանդույթները, որ հրաշալիորեն դրսեւորվում են տարբեր թեմաների նվիրված նրա ստեղծագործություններում։

Թարգմանությունը՝ Լեւոն Բլբուլյանի

Հրապարակ մշակութային հավելված