Պետությունը պատրա՞ստ է շուրջ 90 մլն դոլարի ներդրումը հետ վերադարձնել

Պետությունը պատրա՞ստ է շուրջ 90 մլն դոլարի ներդրումը հետ վերադարձնել

Տեւական ժամանակ է՝ Պետգույքի կառավարման կոմիտեի ջանքերով իրավական գործընթաց է սկսվել «Անի» ԲԲԸ-ին պատկանող Ջրաձորի ջրանցքի օտարման գործով։ Պետգույքում կարծում են, որ դեռեւս Կարեն Կարապետյանի կառավարության օրոք «Անի» ԲԲԸ-ին օտարված այս ջրանցքն օտարվել է շուկայականից շուրջ 10 անգամ պակաս արժեքով՝ մոտ 23 մլն դրամով։ Եվ այստեղ, ըստ իրավապահների, կա կոռուպցիոն գործարք։ Եվ սա այն դեպքում, երբ «Անի» ԲԲԸ-ն գույք ձեռք է բերել իր համար չափազանց ծանր պայմաններով՝ պարտավորվելով 540 մլն դրամի ներդրում կատարել 15 տարում, որ ամբողջությամբ վերակառուցի 1960-ականներին կառուցված եւ այսօր արդեն կիսախարխուլ ջրանցքը, որը ծառայելու է ինչպես իր կողմից շահագործվող ՀԷԿ-ի, այնպես էլ շրջակա գյուղերի բնակիչների համար։

Քննչական կոմիտեում հարուցվել է քրեական գործ, մի պահ կալանավորեցին, ապա որոշ ժամանակ անց բաց թողեցին Պետգույքի կառավարման այն ժամանակվա վարչության պետի տեղակալ Աշոտ Մարկոսյանին, բայց տեսան՝ ոչ մի բան չեն կարողանում ապացուցել, բաց թողեցին։ Ի դեպ, վերջին մեկ տարվա ընթացքում «Անի» ԲԲԸ-ն արդեն հասցրել է այդ ջրանցքի վերակառուցման համար ներդնել մոտ 90 մլն դրամ գումար։ Ու հիմա հարց է առաջանում․ եթե պետությունը, ի վերջո, հայտնաբերի, որ ապօրինի է կատարվել գործարքը, եւ որոշի ջրանցքը վերադարձնել պետությանը, արդյոք պատրա՞ստ է պետբյուջեի միջոցներից հետ վերադարձնել տնտեսվարողի կատարած 90 մլն դրամ ներդրումը, թե՞ այդ ներդրումները ջուրն են լցվելու։

Պետգույքի կառավարման կոմիտեի նախագահ Նարեկ Բաբայանը երեկ այդպես էլ դժվարացավ այս եւ թեմայի վերաբերյալ մյուս հարցերին հստակ ու հիմնավորված որեւէ պատասխան տալ։ «Ես որեւէ բան չեմ կարող ասել, մեր կարծիքը հետեւյալն է, որ գործը պետք է քննվի դատարանում, բոլոր հանգամանքները բացահայտվեն, լինի դատավճիռ, որից հետո տնտեսվարողի հետ քննարկվեն մնացած դետալները։ Մենք որեւէ կերպ տնտեսվարողի դեմ չենք հանդես գալիս, մենք ուղղակի բացահայտել ենք, որ տեղի է ունեցել ապօրինություն, եւ կարծում ենք, որ դրա հետեւանքով պետությանը վնաս է պատճառվել։ Մնացած հարցերը, թե ինչ հետեւանքներ կարող են ունենալ, կարծում ենք՝ ճիշտ կլինի, որ դատական պրոցեսի ավարտից հետո իմանանք»,- ասաց նա։

- Ի վերջո, պետության վնասը որքա՞ն է կազմել, ի՞նչ վնաս է հասցվել պետությանը։

- Նորից չեմ կարող ասել հստակ, որովհետեւ դա կլինի շատ սուբյեկտիվ։

- Խնդիրն այն է, որ տնտեսվարողը 540 մլն դրամի ներդրում պետք է կատարի այդ ջրանցքի վրա, հիմա 88 մլն դրամն արդեն արել է, կարո՞ղ եք ասել, թե ինչ վնաս են տվել պետությանը։

- Տեսեք, հիմա ես կարող եմ որոշակի ինֆորմացիաներ կիսվել, կարող եմ որոշակի դատողություններ անել, բայց ես դա չեմ անի՝ որպես պաշտոնական խոսք։ Ես կարող եմ ինչ-որ բաներ ասել, բայց դրա համար ես հիմա չեմ ուզում պատասխանատվություն վերցնել։ Թե ինչքան է ներդրում արվել, թե ինչքան եկամուտ իրականում կարող է ստանալ, թե արդյոք դրանք համադրելի են, ինչքան պետք է գնահատվեր ի վերջո էդ գույքը՝ անկախ ամեն ինչից, թե ինչքանով կվաճառվեր, եւ ինչի ճիշտ չի գնահատվել, այլ տասն անգամ էժան է գնահատվել, դրանք են հարցերը։

- Բայց տնտեսվարողը Ձեր ասած տասն անգամ շատից կրկնակի շատ ներդրում է պարտավորվել անել եւ մի մասն արդեն արել է։

- Ես նորից եմ ասում՝ կարող էր սիմվոլիկ 1000 դրամով էլ վաճառվել, խնդիրը դրանում չէ։ Իմ հարցն այլ է՝ ինչո՞ւ 220 կամ միգուցե շատ ավելի շատ արժեցող գույքը գնահատվել է 30 մլն եւ վաճառվել 22 միլիոնով։ Գլխավոր հարցը սրանում է՝ ինչի՞ է հրահանգվել ինչ-որ մի աշխատակցի՝ ապօրինի գնահատում կատարել։ Սրանք են հարցերը, թե չէ մնացածը, նորից եմ ասում, էս պահին քննարկման հարց չէ։ Ներդրումային պարտավորությունների հսկողությունն էլ շատ կարեւոր է։

- Դա կարելի է գնալ եւ տեղում ստուգել՝ ներդրում կատարվե՞լ է այդ ջրանցքում, թե՞ չէ։

- Եթե սենյակում դրված է էս պայուսակը, եւ Դուք էդ սենյակն ամբողջությամբ առնում եք, եւ էս պայուսակը շատ թանկարժեք պայուսակ է, արժի հազար դոլար, օրինակի համար (ցույց է տալիս ձեռքի ոչ 1000 դոլարանոց պայուսակը), հիմա, երբ որ Դուք դա առել եք, հարց՝ սա ներդրո՞ւմ է, թե՞ չէ։ Այսինքն՝ Դուք կարող եք դա տանել ինչ-որ մի տեղ, պետական մարմին, ասել՝ տեսեք, ես հազար դոլարի ներդրում եմ արել, պայուսակ եմ առել, կախել էս սենյակում։

- Բայց իրենք պայուսակ չեն առել, իրենք քանդված, խարխուլ ջրանցքը վերակառուցել են։

- Ես մի հատ այլ տեղից այլ օրինակ բերեցի, որտեղ ներդրումային պարտավորությունների ծավալի մեջ խախտումներ են եղել, այսինքն՝ ներկայացվել են այլ բաներ։

- «Անի» ԲԲԸ-ի՞ դեպքում։

- Չէ, ոչ էս դեպքում։ Հիմա դրա համար եմ ասում՝ էս դեպքում էլ ինչ-որ բաներ ասելու համար պետք է հիմքեր ունենալ։

- Բայց Դուք այդ հիմքերն ունեցել եք, չէ՞, որ դիմել եք դատարան։

- Մենք, ասացի՝ որ հիմքերն ենք ունեցել, որ գնահատման մեջ խախտում է եղել։