Հոգեբանի անկյուն. ներդաշնակության ու երջանիկ լինելու 10 կանոն

Հոգեբանի անկյուն. ներդաշնակության ու երջանիկ լինելու 10 կանոն

Մեր «ապրելուն» հաճախ խանգարում են հոգեբանական պատնեշները, կեղծ համոզմունքները, գիտակցության սահմանափակությունը: Այդ փակ շղթայից դուրս գալու համար շատերը դասական գրականություն, գիտահանրամատչելի կամ կրոնական բովանդակությամբ գրքեր են կարդում: 
Հոգեբան, հոգեթերապեւտ, բժշկական գիտությունների թեկնածու Միխայիլ Եֆիմովիչ Լիտվակն իր գրքում բացահայտում է առողջ ու երջանիկ կյանքի ճանապարհին հանդիպող հոգեբանական խոչընդոտները:
Մենք այդ շարքից ընտրել ենք տասը, որոնց շուրջ արժե պարբերաբար մտածել:
1. Երջանկությունն ընդամենը ճիշտ կազմակերպված կյանքի կողմնակի ազդեցությունն է:
Երջանկությունը, ուրախությունն ու հաջողությունը լավ կազմակերպված գործունեության երկրորդային արդյունքն են: Հենց այդ գործունեությունը կամ գործողություններն են մարդուն ապահովում վերոնշյալ հույզերով: 
2. Մարդու հետ շփվելիս հիշեք` նա իր մասին լավ կարծիք ունի, ինչպես դուք` ձեր մասին:
Երբեք պետք չէ մոռանալ` մարդը, ում հետ շփվում եք, անհատականություն է: Նա ունի իրերի նկատմամբ ձեւավորված իր հայացքները: Եվ դա պատճառներ ունի: Ձեր ճանապարհին հանդիպած յուրաքանչյուր մարդ կռիվ է տալիս ինչ-որ մի պայքարում, որի մասին դուք կարող եք ոչինչ չիմանալ: Արժե միշտ հիշել մարդու անձնական ինքնահարգանքի մասին եւ չխախտել դրա սահմանները:
3. Եթե ինքներդ ոչինչ չեք անում, ապա ինչպե՞ս է հնարավոր օգնել ձեզ: Կառավարել կարելի է միայն ընթացող ավտոմեքենան:
Բառերը կարճակյաց են, անցողիկ: Թեւավոր խոսք էլ կա` «դատարկ տեղը ջուր ծեծել»: Մարդուն առաջնահերթ նկարագրում են նրա գործողությունները: Ոչ ոք ձեզ չի փորձի օգնել, եթե դուք պարզապես քայլեք ու բոլորին ասեք, թե ինչքա՜ն շատ եք ցանկանում գիրք գրել: Իրապես, ինչպե՞ս է հնարավոր օգնել ձեզ:
Երբ դուք որոշում կայացնեք, գրքի օրինակը տանեք հրատարակչություն, ապա այդ դեպքում միշտ կգտնվեն ընկերներ, որոնք պատրաստակամ կլինեն աջակցելու ձեզ: Երբ ձեր ջանքերը ստանում են նյութական տեսք, նյութականանում են, շրջապատը հնարավորություն է ստանում ձեզ օգնելու ոչ միայն խոսքով, այլեւ` գործով:
4. Դարձեք հաջողակ, եւ բոլոր վիրավորանքները կախարդանքի ուժով կանհետանան:
Բազմաթիվ վիրավորանքներ ձեւավորվում են մարդու ներսում` սեփական անձի ինքնաիրացման բացակայության պատճառով: Երբեմն մենք վիրավորվում ենք եւ կարծում, որ տվյալ իրավիճակը կարող է շտկել միայն մեզ նեղացրած մարդը: Միխայիլ Լիտվակի աշակերտը մի առիթով ասել է. «Իմ հաջողությունները ստվերում թողեցին իմ վիրավորանքները», եւ իսկապես: Սկսեք զբաղվել այն ամենով, ինչը ձեզ դուր է գալիս, եւ հասեք այդ ոլորտում բարձունքների: Դուք չեք էլ հասցնի նկատել, թե ինչպես են բոլոր վիրավորանքներն իրենք իրենց վերանում: 
5. Ուզո՞ւմ եք տեսնել ձեր գլխավոր թշնամուն, նայեք հայելուն: 
Շատերը պայքարում են ու կռիվ տալիս արտաքին թշնամիների դեմ, մինչդեռ պետք է պայքարել ներքին թշնամու դեմ: Մեր միակ ու գլխավոր թշնամին մեր ներսում է: Հնարավոր չէ դուրս գալ անհաջողությունների անվերջ շղթայից` առանց ներքին պատնեշները վերացնելու, որոնք խանգարում են մեր աճին ու զարգացմանը:
Փաստացի մենք գտնվում ենք կոշտ շրջանակների մեջ, որոնք մեզ համար ստեղծել են հասարակությունը, դաստիարակությունն ու կրթությունը: Մենք դրանք մեր էություն ենք թողնում եւ դրանց տալիս մեր էներգիայի զգալի մասը: Ժամանակակից ամբողջ հոգեբանությունն ուղղված է դրա դեմ պայքարին: Երբեմն դրանք հանդես են գալիս հենց իրենց անունից, ինչը հանգեցնում է պսիխոզի: Իսկ, որպես կանոն, դրանք խոսում են մեր անունից, եւ մենք նույնիսկ չենք էլ նկատում դա:
Երբ դուք պատրաստ կլինեք այդ պատնեշներին երես առ երես հանդիպելու եւ հաղթելու, այս աշխարհում այլեւս թշնամիներ չեք ունենա:
6. Փնտրեք ոչ թե ուղիղ ճանապարհը, այլ` ճիշտը: Չէ որ միշտ չէ, որ ճիշտ ճանապարհն ուղիղ է:
Ենթադրենք`դուք 30-րդ հարկում եք, եւ պետք է ներքեւ իջնել: Ամենաուղիղ ճանապարհը պատուհանով է: Մինչդեռ, ամենայն հավանականությամբ, ձեր ճամփորդությունն այդտեղ ընդմիշտ կավարտվի: Ավելի հեռատես ու ճշմարիտ որոշումը վերելակի կամ աստիճանների որոնումն է, նույնիսկ եթե շենքում մութ է, ու ոչինչ տեսնել չեք կարող: 
Բացի այդ` մարդը, ով ընտրում է ճիշտ ճանապարհի փոխարեն ուղիղը, նման է ճանճի, որն անընդհատ հարվածում է ապակուն` այդպես էլ գլխի չընկնելով, որ ավելի արագ կլինի թռչել հարեւան սենյակ:
7. Երբ մարդը նպատակ չունի, նա ոչինչ չի տեսնում: Նպատակն ուժեղացնում է տեսողությունը:
Երբեւէ նկատե՞լ եք, որ երբ ձեզ մի իր է անհրաժեշտ (օրինակ` արկղ), դուք սկսում եք դրանք ամենուր նկատել` շուկայում, փողոցում: Եվ նույնիսկ երբ դրանք արդեն ձեզ հարկավոր չեն, դուք, միեւնույն է, ձեզ բռնեցնում եք այս մտքին` ա՜յ, ինչ լավ ու որակյալ արկղ է:
Այսպես է նաեւ մեծ նպատակների դեպքում: Ուշադրությունը սահմանափակված մի բան է: Դուք շրջապատում նկատում եք այն, ինչը ձեզ հարկավոր է: Նպատակը նման է լուսանկարչական ապարատի օբյեկտիվին. եթե դա սխալ դնեք, չեք տեսնի այն, ինչի կարիքն իսկապես ունեք:
8. Եթե դուք ուզում եք որեւէ մեկին ինչ-որ բան ապացուցել, ուրեմն ապրում եք այդ մարդու համար:
Եթե ուզում եք երջանիկ լինել, ապա դադարեք ապացուցել ձեր ճշմարտացիությունը: Մտածեք` որն է յուրաքանչյուր ապացույցի էությունը. դա մեկ այլ անձի ուղղված դիմում է, ինչ-որ բանի մասին նրա կարծիքը փոխելու փորձ : Իսկ ձեր ինչի՞ն է դա պետք: Ստացվում է, որ նրա կարծիքը 100 անգամ ավելի կարեւոր է, քան ձերը, եթե դուք այդքան ջանք եք գործադրում այդ ուղղությամբ: Երբ մարդն ապրում է իր համար, ապա իմաստ չի տեսնում` ինչ-որ մեկին որեւէ բան ապացուցելու:
9. Սիրելու ու միայնությունը լավ հաղթահարելու ունակությունը հոգեւոր հասունության ցուցիչ է: Մենք մեր լավագույնն անում ենք, երբ մենակ ենք:
Միայնությունը վատ է տանում նա, ով ինքն իր հետ հակասության մեջ է: Նա հասարակություն մտնելով` մտածում է, որ այնտեղ ամեն ինչ այլ է: Հոգեպես հասուն մարդը մենակությունն օգտագործում է ինքնազարգացման համար եւ կուտակում է տեղեկատվություն, որը հնարավոր կլինի շփվելիս նվիրել մարդկանց: Չէ որ հաղորդակցվելու կարեւոր մասն է ոչ միայն վերցնելը, այլեւ դիմացինին տալը այն, ինչը նրան հետաքրքիր է: Միխայիլ Լիտվակն ընթերցողներին հարցնում է. «Ի՞նչ եք կարծում, երբ ես այս գիրքը գրում էի, քանի՞ հոգի կար շուրջս»:
10. Երջանկությունն այնտեղ է, որտեղ «ուզում եմ, կարող եմ եւ պետք է անեմ»-ն ունեն նույն բովանդակությունը: 
Մարդը հաճախ չի կողմնորոշվում այս երեք ուղղությունների խաչմերուկում: Պետք է անեմ, բայց չեմ ուզում, ուզում եմ, բայց չեմ կարող: Մի կենաց կա` «Թող մեր ցանկությունները համապատասխանեն մեր հնարավորություններին»: Սա իրականում ունի ուժեղ հոգեբանական հիմնավորում: Միակ բանը, որը մարդը պարտավոր է անել, ինքնազարգացումն է: Մնացածն ընտրովի է: Այն, ինչ դուք ուզում եք, պետք է անպայման կարգավորվի նրանով, ինչ դուք պարտավոր եք անել (զարգանալ): Եվ այն, ինչ դուք կարող եք, ձեր շարժիչն է: Լիտվակը խորհուրդ է տալիս այս երեք ուղղությամբ ցուցակ կազմել եւ այդպես կարգի բերել արժեքային համակարգը:


Անահիտ ԳԵՎՈՐԳՅԱՆ
Նյութի աղբյուր` adme.ru