Վարչապետ Նիկոլ Փաշինյանը սոցցանցային գրառմամբ ներողություն է խնդրել այն բանից հետո, երբ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը օգոստոսի 15-ին հրապարակել է եզրակացություն, ըստ որի՝ Փաշինյանը, որպես պետական պաշտոնյա, վարքագծի կանոն է խախտել՝ երկու կոպիտ բառի օգտագործմամբ՝ մեկը ֆեյսբուքյան գրառմամբ, մյուսը՝ խորհրդարանում՝ ուղղված ընդդիմադիր խմբակցության որոշ անդամների: Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը երկու հայտնի դրվագով վարքագծի կանոնների խախտում է արձանագրել վարչապետի հրապարակային խոսքում։ Հանձնաժողովն այդ եզրակացությանն է եկել երկուսուկես ամսում՝ փորձաքննություններով, բացատրական ու հոմանիշների բառարանների ու ոճագիտական ձեռնարկների հիմքով կազմած 30 էջանոց եզրակացությամբ հանգելով նրան, որ վարչապետի օգտագործած երկու բառերը («համբալ» եւ «դոմփել») կոպիտ, անվայելուչ եւ վիրավորական են:
Արձանագրելով խախտումը՝ հանձնաժողովը վարքագծի կանոններն է հիշեցրել. «Անկախ դիմացինի վարքագծից՝ հանրային պաշտոն զբաղեցնողը զուսպ, քաղաքավարի ու բարեկիրթ պետք է լինի»։
Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի եզրակացությանը հաջորդեց Փաշինյանի պատասխան սոցցանցային գրառումը։ Մինչեւ այդ էլ հանձնաժողովը երկու բառի առնչությամբ հարուցած վարույթի շրջանակում Փաշինյանից պարզաբանում էր խնդրել ու ստացել: Վարչապետի դիրքորոշումն այն է եղել, որ իր օգտագործած բառերը խոսակցական են, բայց ոչ անպարկեշտ, եւ որ օգտագործվել է սուրբ եկեղեցու արժեքները պաշտպանելու համատեքստում:
Մինչ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը փոքր-ինչ քաջություն է դրսեւորում՝ գոնե արձանագրելով Փաշինյանի՝ պաշտոնյային ոչ հարիր բառամթերքը, իրավապահ մարմինները շարունակում են նրա թիկունքը պահել։
Գլխավոր դատախազությունը՝ իր հերթին, Հակակոռուպցիոն կոմիտեն էլ՝ իր, մերժել են «Հայաքվե» նախաձեռնության՝ Փաշինյանի դեմ դիմումները։ Նախաձեռնությունը հանցագործության մասին հաղորդում էր ներկայացրել Գլխավոր դատախազություն՝ կապված Եկեղեցու դեմ հարձակումների հետ։
«Հայաքվեից» Արամ Պետրոսյանը «Հրապարակ»-ին ասաց՝ դատախազության որոշումը վիճարկելու են դատարանում․ «Հանցակազմ չէին տեսել, «բնականաբար», մենք էլ պետք է դիմենք դատարան, դեռ ժամկետի մեջ է։ Դիմել ենք վերադաս դատախազին, սպասում ենք նրա որոշմանը, հետո կարող ենք դիմել դատարան։ Մենք միշտ աշխատում ենք օրենքով՝ անկախ նրանից, որ վստահ ենք, թե ինչ արդյունք է լինելու, չի կարելի օրենքն անտեսել կամ շրջանցել։ Այնպես չէ, որ մենք իրենց կայացրած արդարադատությունը չգիտենք եւ չգիտենք, թե այն ինչով է ավարտվում։ Հուլիսի 28-ին Հակակոռուպցիոն կոմիտեն մեզ պատասխանել է, որ մերժել է վարույթ հարուցելը։ Հակակոռուպցիոն կոմիտեն, մասնավորապես՝ ընտրական, ինչպես նաեւ մասնավոր ոլորտում կոռուպցիոն բնույթի հանցագործությունների քննության վարչության քննչի պաշտոնակատար Հայկ Սարիբեկյանը մեզ ասել է՝ ոչ մի բան չի տեսնում վարչապետի գործողություններում։ Դատախազությունն էլ է մերժել․ բայց դե՝ պարզ է, չէ, որ իրենք իրար հետ խոսել են։ Արդեն գրավոր պատասխանը ստացել ենք Հակակոռուպցիոն կոմիտեից։